Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 10,2009 00:00

ԴԱՏԱԽԱԶԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀԸ

\"\"ՀՀ նկարիչների միությունում շաբաթ օրը բացվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գեղանկարների ու լուսանկարների ցուցահանդեսը: Նրանք, ովքեր գիտեին Թերլեմեզյանն ավարտած դատախազի նկարների մասին, մեկ անգամ եւս հիացան բնապատկերների վարպետ կատարմամբ: Շատերի համար Ա. Հովսեփյանի զուգահեռ աշխարհն անակնկալ էր: Ցուցահանդեսին ներկա գտնվեցին ՀՀ առաջին տիկինը, ՀՀ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, ԱԺ պատգամավորներ, դատական համակարգի ներկայացուցիչներ, կուսակցության (ՍԻՄ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ) ներկայացուցիչներ, նկարիչներ եւ երիտասարդներ, որոնց ցուցահանդես էր բերել «Քեզ համար» խորագիրը կրող ծաղկե ցուցապաստառը: Ի դեպ, Ա. Հովսեփյանն այսուհետեւ Նկարիչների միության պատվավոր անդամ է:

Ռ. Մ.

ՆԱԽԿԻՆ ՄԱՔՍԱՎՈՐԻ ՏԱՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Երեկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Առավոտին» տեղեկացրին, որ բացահայտվել եւ կասեցվել է 2008 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Ա. Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարած կայուն հանցավոր խմբի գործունեությունը: Քրգործի շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվում՝ ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն ու օժանդակողները: Մարտի 7-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է հանցավոր խմբի ղեկավարն ու պատվիրատուն, որը ֆինանսավորել եւ ուղղորդել է նրանց գործողությունները: Ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են հանցավոր խմբի կողմից իրականացված մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ 2007թ. նոյեմբերի 29-ին Երեւանի Մ. Խորենացու 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառում կատարված կողոպուտը, որի արդյունքում պատճառվել էր $400 000-ի վնաս, եւ 2009 թ. հունվարի 28-ին գրավատան տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը:

Քրեական գործերի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ԶՈՀ՝ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆՈՒՄ

Մարտի 8-ին, ժամը 20.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շինարարների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրային վարման վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքում:

Այրվել է բաժանմունքի աշխատասենյակներից մեկի դուռը, իսկ աշխատասենյակում հայտնաբերվել է բաժանմունքի հավաքարար, 65-ամյա Տատյանա Պուշկինայի այրված դին:

ԳԱԶԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Բնական գազի թունավորումով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 6 տան բնակչուհի՝ 35-ամյա Մարինե Ադալյանը: Երեկ Շիրակի մարզից տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 9 շենքի 53 բնակարանի բնակչուհի՝ 36-ամյա Թագուհի Թորոսյանը:

ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏԵՑԻՆ

2009 թ. հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալված Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի ու «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանի նկատմամբ կիրառվել է գրավ: 2000-ական լարի գրավով նրանք ազատ են արձակվել: Մարտի 8-ի դատավարության ժամանակ մեղադրյալներին շնորհվել է մեկ տարի ժամկետով պայմանական ազատություն: Նրանք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորումների ստեղծման կամ ղեկավարման (Վրաստանի Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մաս) եւ լրտեսության (314 հոդվածի առաջին մաս) մեջ:

ՀԻՇԵՑԻՆ ԿԱՆԱՆՑ

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՊՆ համակարգի կին զինծառայողներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը համակարգի՝ թվով 319 կին զինծառայողների պարգեւատրել է դրամական պարգեւներով եւ մեդալներով:

ԱՅՑ՝ ՀԵՐՈՍԻ ՏՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը երեկ այցելեց արցախյան ազատամարտում զոհված, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Դուշման Վարդանի տուն-թանգարան (hասցեն՝ Երեւան, Գ. Նժդեհի փողոց 56-ա):

Դուշման Վարդանը՝ Վարդան Ստեփանյան, սովորել է Երեւանի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1984-86 թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Աֆղանստանում: 1988-ից ներգրավվել է ազգային ազատագրական շարժմանը, մասնակցել Արցախի ինքնապաշտպանության եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտերին:

Զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Նյուրիշեն գյուղում, ականի պայթյունից:

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել