Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Մարտ 10,2009 00:00

\"\"Որտե՞ղ էր խիղճդ, քննի՛չ

Անցյալ տարվա ապրիլի 16-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվեց 75-ամյա Արաքսյա Միրզոյանը: Տարեց կնոջը, ըստ նախնական տվյալների, 2 անծանոթ տղամարդ տաքսիով տարել էին «Երեւան» բժշկական կենտրոն, ապա՝ «Էրեբունի» հիվանդանոց: Նրանք ասել էին, թե Ա. Միրզոյանն անգիտակից ընկած էր Չարբախի ՊՆ զորահավաքակայանի մոտ: Ա. Միրզոյանը մայիսի 1-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ հիվանդանոցում: Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվեց քրեական գործ:

Մահացածն ապրել էր Արարատի մարզի Նորաբաց գյուղում: Հետաքննիչ-կապիտան Ռ. Աբրահամյանը, բնականաբար, գնում է հանգուցյալի բնակության վայր, կատարում տեղատեսություն: Զարմանալի զուգադիպությամբ՝ Ա. Միրզոյանի տնակի փայտյա աստիճաններից մեկն այդ պահին կոտրված էր: Հետաքննիչին այլ բան չի մնում, քան մտածել, որ տարեց կինն ընկել է իր իսկ աստիճաններից ու մահացել: Քրեական գործի վարույթը փակվում է, քննիչը հանգիստ խղճով շարունակում իր հետագա գործունեությունը:

Սակայն պարզ չէր, թե այդ դեպքում ինչպես կինը հայտնվեց Չարբախում, թե ինչպես կարող էր աստիճաններից ընկնելիս ստանալ գանգոսկրի, դիմային ոսկրերի բազմաթիվ վնասվածքներ, կամ, հնարավո՞ր էր, որ աջ սրունքը, ազդոսկրը, ճաճանչաոսկորը ստանային այդքան վնասվածներ, քերծվածքներ: Քննիչն ունեցել է մի տեղեկություն եւս. Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ Արծրուն Այվազյանը Արաքսյա Միրզոյանի վերջին տեսնողն է եղել: Նա 75-ամյա հարեւանուհուն տեսել էր ժ.21.20-ի սահմաններում, գյուղից 600 մ հեռու, Մասիս-Երեւան մայրուղում, ոտքով գնալիս: Մինչդեռ, նա այդ ժամին «հայտնաբերվել» է Չարբախի ՊՆ զորահավաքակայանի մոտ: Եթե անգամ հավատանք առաջին վարկածին, թե նա ընկել էր իր տան աստիճանների վրա, ապա հնարավո՞ր էր, որ նա քայլեր, ինքնուրույն տեղաշարժվեր:

Ի դեպ, Շենգավիթի ոստիկանության բաժնում չեն հարցաքննվել հանգուցյալի հարեւանները, նրա հետ առնչություն ունեցած անձինք:

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, վերացվել է Շենգավիթ համայնքի ոստիկանների կողմից գործը փակելու որոշումը, եւ հարուցվել է քրեական նոր գործ: Այս պահին այն գտնվում է Երեւանի քննչական վարչությունում:

«Առավոտի» տեղեկություններով, ի հայտ է եկել նոր հանգամանք: Պարզվել է, որ Ա. Միրզոյանը վրաերթի է ենթարկվել: Ժ.21.30-ի սահմաններում Ա. Միրզոյանին վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի 28 տան բնակիչ Վ. Ավագյանը իր «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել