Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանելու հիմքեր կային

Մարտ 10,2009 00:00

ԴԱՀԿ-ն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը

«Առավոտ» օրաթերթի 05.03.09թ. «Կաշառք եմ տվել» հրապարակման մեջ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասցեին քաղաքացի Կարեն Հեքիմյանը հնչեցրել է մեղադրանքներ առ այն, որ անձամբ իրենից ԴԱՀԿԾ աշխատակիցները կաշառք են վերցրել 46500 եւ 16500 դրամի չափով։ Ընդ որում, հոդվածի հերոսը նշում է, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչու է իր մոտ ընդհանրապես խնդիրներ ծագել ֆինանսական պարտավորությունների առումով։

ԴԱՀԿ ծառայությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ անպատասխան չթողնել ԶԼՄ-ների գեթ ոչ մի հրապարակում, հարկ է համարում ընդգծել, որ Կ. Հեքիմյանը տեղյակ է դրա մասին, քանի որ հակառակը բնության մեջ չէր էլ կարող տեղ գտնել։ Իսկ մեր կողմից հարգված «Առավոտի» ընթերցողներին կհայտնենք բռնագանձման հիմքերը։

2006 թվականի հոկտեմբերի 4-ին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Արաբկիր-1 հարկային տեսչության հայցը՝ ընդդեմ Կ. Հեքիմյանի։ Նույն թվականի նոյեմբերի 17-ին դատարանը տվել է կատարողական թերթ, ըստ որի՝ պատասխանողից, հօգուտ պետական բյուջեի, պետք է բռնագանձվեր 10000 դրամ, ինչպես նաեւ 1500 դրամ նախապես վճարված պետտուրքի գումար։ Հարուցված կատարողական վարույթի որոշման մասին կողմերը պատշաճ ծանուցվել են։ Հարկադիր կատարողը այցելել է Կ. Հեքիմյանի գրանցման հասցե, որտեղ բնակվող Ստեփանյանները հայտնել են, որ չեն ճանաչում տվյալ անձնավորությանը, ինչը արձանագրել են համապատասխան գրությամբ։ Չնայած դրան, երկու օր անց Կ. Հեքիմյանը իր նախաձեռնությամբ զանգահարել է հարկադիր կատարողին, նշել, որ չի բնակվում այդ հասցեում, հրաժարվել է հայտնել իր փաստացի հասցեն կամ ներկայանալ ԴԱՀԿ ծառայություն։ Ի վերջո, նա այցելել է ծառայություն, մուծել ծառայության դրամարկղ 16500 դրամ (ներառյալ կատարողական ծախսի 5000 դրամ գումարը), հրաժարվել է վերցնել մուծման անդորրագիրը, սակայն համաձայնել է ստանալ կատարողական վարույթի կարճման մասին որոշումը։

Ինչ վերաբերում է մյուս բռնագանձմանը, ապա այն իրականացվել է 2006 թվականի հունիսի 13-ին հարուցած թիվ 06/744 կատարողական վարույթի շրջանակներում եւ կատարվել է հօգուտ ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության։ Համապատասխան բոլոր փաստաթղթերը արխիվացված են ծառայությունում եւ կարող են որպես ապացույց ներկայացվել, ինչը եւ արվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պահանջով։

ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ չի հանդուրժի նման զրպարտանք իր հասցեին եւ նյութեր է նախապատրաստում Կարեն Հեքիմյանի արարքին՝ համապատասխան մարմինների կողմից քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Զարգացումների մասին կտեղեկացնենք առաջիկայում։ Հուսով ենք, որ «Առավոտ» թերթի խմբագրությունը կընձեռի մեզ դրա հնարավորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել