Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՈՒՏԻԿՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ

Մարտ 10,2009 00:00

\"\"Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաներին պահում են հոգեկան հիվանդների հետ

Աուտիզմը ծանր հիվանդություն է, եւ դրանով հիվանդ երեխաները համապատասխան ուշադրության են արժանանում, թերեւս, միայն աշխարհի զարգացած երկրներում, որտեղ արդեն իսկ լայնորեն կիրառվում են աուտիզմով հիվանդ երեխաների կրթական բուժման տարբեր մեթոդներ: Իսկ ընդհանուր առմամբ, աուտիզմով հիվանդների մեծ մասն իրենց կյանքն անց է կացնում հոգեբուժարաններում, այն դեպքում, երբ նրանք հոգեկան հիվանդներ չեն եւ ունեն տարբեր ուղղություններով հատուկ օժտվածություն: Նույն ճակատագրին են արժանանում նաեւ աուտիզմով հիվանդ հայ երեխաները:

Տարբեր ժամանակաշրջաններում գիտությունն այդ հիվանդությանը տարբեր բացատրություններ է տվել: Առավել հաճախ հնչել է շիզոֆրենիա ախտորոշումը, որը բացառապես հոգեկան հիվանդություն է: Սակայն անցած դարի 80-ականներին նյարդաբանները սկսեցին խոսել աուտիզմ կոչվող հիվանդության մասին, որն էականորեն տարբերվում է հոգեկան հիվանդություններից: Դա ծանր նյարդաբանական հիվանդություն է, որն ախտահարում է ուղեղի որոշակի հատվածներ, ինչի արդյունքում հիվանդների մոտ խնդիրներ են առաջանում՝ կապված շրջակա միջավայրի ընկալման, սոցիալիզացիայի, վերբալ հաղորդակցության եւ առօրյա շփումների հետ: Մասնագետներն ահազանգում են, որ վերջին տարիներին գրանցվել է հիվանդացության զգալի աճ: Միջին հաշվով 150 երեխայից մեկը ծնվում է այս հիվանդությամբ: Ընդ որում, 4 անգամ ավելի հաճախ հիվանդանում են տղաները: Չնայած տարածված բազմաթիվ հիպոթեզներին, առայժմ անհայտ է ինչպես այս հիվանդության առաջացման ստույգ պատճառը, այնպես էլ բուժման դեղամիջոցը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում աուտիզմով հիվանդների վերաբերյալ որեւէ վիճակագրություն չկա: Չկա նաեւ որոշակի պետական առողջապահական ծրագիր, եւ աուտիզմով հիվանդ երեխաները, չնչին բացառությամբ, հանձնվում են մանկատներ կամ հոգեբուժարաններ: Աուտիզմով հիվանդ երեխաների ինտենսիվ կրթական բուժմամբ զբաղվող միակ հաստատությունը Երեւանում գործող «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ն է: Այն հիմնադրվել է 2006թ.՝ ամերիկացի բարեգործ դոկտոր Այրա Պաուլ Հայլվելի կողմից, որը ԱՄՆ-ում ունի աուտիզմով հիվանդների կրթական բուժհաստատությունների մեծ ցանց: Արդեն 2 տարի է, ինչ կենտրոնը գործում է Սարյան 21 հասցեում: Այսօր կենտրոն է հաճախում 4-12 տարեկան 13 երեխա: Եվս 3 երեխա կրթական բուժումը ստանում է տնային պայմաններում: Շաբաթական առնվազն 40-ժամյա ինտենսիվ անհատականացված կրթական ծրագրի արդյունքում երեխաների մոտ, կենտրոնի մասնագետների հավաստմամբ, նկատելի են զգալի դրական փոփոխություններ: Մասնավորապես, իրականացված կրթական բուժման շնորհիվ կենտրոնի սաներից 8-ամյա մի տղայի մոտ, որը 2 տարի առաջ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, գրանցվել է լուրջ առաջընթաց. նա արդեն իսկ հաճախում է սովորական հանրակրթական դպրոց: Մասնագետների գնահատմամբ՝ դա մեծ հաջողություն է:

Մեզ հետ զրույցում կենտրոնի գլխավոր կառավարիչ Ստելլա Առաքելյանն ասաց, որ կենտրոնի գրեթե բոլոր սաներն օժտված են տարբեր տաղանդներով՝ երաժշտականից մինչեւ մաթեմատիկական, սակայն դրանց դրսեւորումը զարգացնելու համար առավել արդյունավետ է բուժումը սկսել վաղ հասակից: 10 տարեկանից արդեն բուժման էֆեկտիվությունը կտրուկ նվազում է: Կենտրոնում իրականացվում է ոչ դեղորայքային կրթական բուժում՝ ամերիկյան կիրառական վարքային վերլուծության ծրագրով, որի հիմքում դրական էմոցիաների խթանման, խրախուսանքի սկզբունքն է: Ըստ մասնագետի, եթե երեխայի մոտ հիվանդության թեթեւ տեսակն է, ապա հնարավոր է, որ նա, համապատասխան բուժումից հետո, լիովին ինտեգրվի հասարակությանը: Սակայն նման դեպքեր, ցավոք, հազվադեպ են լինում: Կենտրոնի կառավարչի խոսքերով, աուտիզմով հիվանդների կրթական բուժումը շատ դժվարին եւ թանկարժեք գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր հիվանդ երեխայի հետ պարապում է անհատական հոգեբան: 16 երեխաների սպասարկման համար այսօր կենտրոնում աշխատում է 16 հոգեբան եւ 4 դայակ: Ողջ անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է ամերիկյան մասնագետների կողմից: Ըստ Ս. Սռաքելյանի, 1 երեխայի ամսական վճարը կազմում է շուրջ 200 հազար դրամ, ինչն, անշուշտ, շատ ծնողների համար մատչելի չէ, եւ, հավանաբար, կենտրոնի սաներից շատերը չկարողանային շարունակել բուժումը, եթե չլիներ «ՎիվաՍել MTC» ընկերությունը, որն արդեն 2-րդ տարին է, ինչ օգնում է կենտրոնին: Մասնավորապես, անցած դեկտեմբերին ընկերության կողմից հատկացված 14 միլիոն դրամի շնորհիվ երեխաները կարող են մեկ տարի անվճար հաճախել կենտրոն: Ըստ Ս. Առաքելյանի, առանց այդ բարեգործության՝ կենտրոնը չի կարող գոյատեւել, քանի որ, չնայած դիմումներին, մինչ օրս ոչ առողջապահության, ոչ էլ սոցիալական ապահովության նախարարությունների կողմից իրենք որեւէ աջակցություն չեն ստացել: Մեր զրույցի ընթացքում տիկին Առաքելյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ այսօր Հայաստանում չկա աուտիկներին վերաբերող սոցիալական որեւէ ծրագիր, եւ հայտնի չէ, թե մանկատներում մեծացած հիվանդները չափահաս դառնալուց հետո ո՞ւմ խնամքին են հանձնվում: Ըստ նրա, առավել հաճախ նրանց պարզապես տեղափոխում են հոգեբուժարաններ: Վիճակը տխուր է հատկապես մարզերում, որտեղ բժիշկների մեծ մասը նույնիսկ չի էլ լսել աուտիզմ կոչվող հիվանդության մասին: Քանի որ, ըստ Ս. Առաքելյանի, Բժշկական համալսարանի կրթական ծրագրով ուսանողները աուտիզմ հիվանդությանը ծանոթանում են ընդամենը մեկ նախադասությամբ: Աուտիզմով հիվանդների սոցիալական ինտեգրացիայի ուղղությամբ այսօր որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել հիվանդ երեխաների ծնողները: Դրանք, սակայն, կարոտ են պետության լուրջ աջակցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել