Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը գործարարներն են ղեկավարում

Մարտ 10,2009 00:00

Ի դեմս մի շարք ձեռնարկատերերի, Հայաստանում գոյություն ունի հզոր ընդդիմադիր ուժ, որոնք կառավարությանը խանգարում են ազատ գործել եւ ճիշտ որոշումներ ընդունել: Երեկ լրագրողներին այս կարծիքը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա ներկայացմամբ, շատ ավելի ճիշտ էր լողացող փոխարժեքին անցնելու փուլային եղանակը. «ԿԲ-ի կողմից փոխարժեքի շուկայում դրամի արժեքի պահպանման համար ծախսվել է $700 միլիոն, ինչն անթույլատրելի է: Դրամավարկային փոխարժեքի քաղաքականությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է ծառայի երկրի տնտեսության բարօրությանը»: Ըստ Թ. Մանասերյանի, ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է նվազագույն աշխատավարձի շեմը հասցնի 40 հազար դրամի:

Ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ, մեկնաբանելով Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի այն հայտարարությունը, թե լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու փուլային եղանակն ավելի շատ ծախսեր կպահանջեր, ասաց, որ այդ մասին ոչ մի կոնկրետ հաշվարկ չի ներկայացվել: Ըստ պատգամավորի՝ Կենտրոնական բանկը պետք է հրապարակի այն խոշոր ներկրողների անունները, որոնք նախորդ ամիսների ընթացքում՝ արժույթի շուկայում կատարած գործարքների արդյունքում գերշահույթ են ստացել:

Ի տարբերություն Ա. Մինասյանի եւ Թ. Մանասերյանի՝ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այն կարծիքին է, որ կտրուկ անցումը լողացող փոխարժեքին՝ ճիշտ եւ օբյեկտիվ մոտեցում էր, քանի որ մեր տնտեսությունն արդեն իսկ էական վնասներ էր կրում, բացի այդ, ըստ փոխնախարարի, չպետք է նաեւ մոռանալ, որ լողացող փոխարժեքին անցնելու վերաբերյալ ԿԲ-ի այդ քայլին դրական արձագանքեցին միջազգային տարբեր կազմակերպությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել