Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՋԱՆՔԵՐԻ» ՇՆՈՐՀԻՎ՝ ԲԻԶՆԵՍԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է

Մարտ 10,2009 00:00

Հայաստանի կենտրոնական բանկը տեւական ժամանակ կայուն էր պահում դոլարի փոխարժեքը, ինչի հետեւանքով շատ գործարարներ հսկայական վնասներ կրեցին:

\"\"
Ռ. Մխջյանի սուրճի վերամշակման արտադրամասը
պարապուրդի է մատնվել:

Հայաստանում դոլարի արժեւորումից հետո տեղական արտադրողներն ու տնտեսվարողները հայտարարեցին, որ իրենց բիզնեսի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Նրանց հավաստմամբ, ոչ միայն կավելանան տեղական արտադրության ծավալները, այլեւ կխթանվի արտահանումը: Սակայն, որոշ գործարարների համոզմամբ, լողացող կուրսին անցնելը բավականին ուշացած որոշում էր, ինչի արդյունքում նրանցից շատերը մեծ վնասներ կրեցին:

Այս կարծիքին է նաեւ «Հայաստանի արտահանողների միության» նախագահ Ռաֆֆի Մխջյանը, որն «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց. «Ընդհանրապես, երբ ասում են լողացող կուրս, ես չեմ կարողանում հասկանալ՝ արդյո՞ք մեզ մոտ ֆիքսված կուրս գոյություն ուներ: 1994-ից հայտարարվել է, որ դոլարի կուրսը Հայաստանում լողացող է: Մեր երկրում պատճառաբանվում է, որ Ռուսաստանում եւ Ուկրաինայում դոլարի արժեւորումը տեղի ունեցավ աստիճանաբար, սակայն դա ճիշտ չէր: Ես այդպես չեմ կարծում: Խնդրին պետք է այլ կերպ նայել: Եկեք տեսնենք այդ երկրներում աղքատության տոկոսներն ինչքան են եւ մեզ մոտ ինչքան են: Չնայած անբնական էր, որ 1 դոլարը Ռուսաստանում դարձել էր 26-30 ռուբլի, այնինչ մեզ մոտ ոչինչ չէր փոխվում: Ոչինչ, առաջին անգամը չէ, որ մենք դոլարը 360 դրամով ենք տեսնում, ավելի թանկ է եղել, եւ մենք շատ էլ երջանիկ էինք այդ ժամանակ»: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մխջյանը նշեց, որ տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ իր բիզնեսը եւս տուժել է, եւ բավականին ժամանակ է, ինչ ինքը վնասով է աշխատում: Նշենք, որ պարոն Մխջյանը զբաղվում է սուրճի ներկրմամբ եւ վերամշակմամբ: Գործարարի խոսքերով. «Տվյալներ կան, որ իմ սուրճը գերազանցում էր ցանկացած ընկերության ծավալին: Ցավոք, հայկական դրամի ուժեղ լինելը բերեց նրան, որ ես կամաց-կամաց սկսեցի կորցնել իմ բոլոր լծակները, քանի որ այլեւս էժան ապրանք չունեի տալու եւ մարդիկ սկսեցին նախընտրել այլ ապրանքներ, ինչն էլ բերեց իմ ընկերության պարալիզացմանը: Հունվարից մենք գրեթե չենք աշխատում: Մոտ 30 հոգի կրճատվեց եւ դարձավ անգործ: Հիմա մեզ մոտ միայն առաքումն ու ադմինիստրացիան է աշխատում, այն էլ՝ կես դրույքով: Այն ժամանակ 70-80 տոննա սուրճ էի արտահանում, իսկ հիմա՝ ընդամենը 14-15 տոննա»:

Մեր այն հարցին, թե պարոն Մխջյանը դիմե՞լ է կառավարությանը՝ պետական աջակցություն ստանալու համար, նա պատասխանեց. «Ես բախտ ունեցա կառավարության ղեկավարի հետ դեմ առ դեմ այդ հարցը բարձրացնելու եւ հասկացա, որ դա իրենից հանելուկ է ներկայացնում: Վարչապետն ասաց, որ նման կենտրոն կա, որտեղ ընդունվում են դիմումները, սակայն հարցիս, թե քանի տոկոսն է դրական պատասխան ստանում, նա պատասխանեց, որ 90%-ը մերժվում է: Ամենահետաքրքրականն այն էր, որ հարցրի՝ ենթադրենք, մեկը ներկայացրեց բոլոր պահանջվող փաստաթղթերը, մերժելո՞ւ եք, նա ասաց, որ չի կարող ասել: Այդպես էլ ինձ համար հանելուկ մնաց, թե մեր կառավարությունն ինչ պայմաններում կարող է աջակցել գործարարներին»:

Ըստ Ռ. Մխջյանի՝ մեր պետությունը արտահանողների շահերը հաշվի չի առել դեռեւս այն ժամանակվանից, երբ դրամն սկսեց արժեւորվել. «Հենց այդ ժամանակ էլ ոճիր կատարվեց, այսինքն՝ հաշվի չառնվեց արտահանողների վիճակը, հաշվի չառնվեց այն, որ մեր բնակչության 50-60%-ը սնվում է դրսից եկող տրանսֆերտներով: Այստեղից սկսեց մեր գլխավոր պրոբլեմը: Դոլարի արժեզրկումը ձեռնտու էր մի քանիսին: Այն շատ օգտավետ էր ներմուծողների համար: Չեմ կարողանում հասկանալ՝ կարելի՞ է մտածել ներկրողների մասին, իսկ արտահանողների մասին՝ ո՞չ: Պետք է մտածել, որ արտահանողն ի վիճակի է որոշակի արտարժույթ ներմուծել երկիր, իսկ քանի որ այդ խնդիրը չկար, տրասֆերտներով արտարժույթը մտնում է Հայաստան, մարդիկ կարիք չունեին արտահանողների, ու մենք վերածվեցինք ներմուծող երկրի»: Ռ. Մխջյանը քննադատեց նաեւ այն, որ մեր կառավարությունը փորձում էր թաքցնել այն, որ ճգնաժամը Հայաստանի վրա անդրադարձել է. «Չգիտես ինչու, Հայաստանում այս ճգնաժամը փորձում էին թաքցնել, ավելին՝ չանդրադառնալ եւ չմտածել դրա մասին: Նույնիսկ քայլեր չէին ձեռնարկվում, որպեսզի այն չունենա իր ուղղակի մեծ հարվածները մեր տնտեսության վրա: Իմ կարծիքով, հայաստանյան ճգնաժամը հիմնականում Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետեւանք էր: Այսինքն՝ ռուսաստանյան տնտեսությունը պարալիզացվեց, դրա հետ պարալիզացվեց նաեւ շինարարությունը, ու այդ ոլորտում զբաղված մեր հայրենակիցները սկսեցին ավելի քիչ կամ նույնիսկ ընդհանրապես գումարներ չուղարկել հայրենիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել