Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա ընթացքում կուրսը կկրկնապատկվի

Մարտ 10,2009 00:00

\"\"«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Կենտրոնական բանկը միշտ նախկինում ասել է, թե «լողացող կուրսի» քաղաքականություն է տանում: Սահմանադրությամբ էլ, բոլոր տեսակի օրենքներով էլ, այլ որոշում չի կայացվել երբեք, որ քաղաքականությունը «լողացող» չէ»,- ընդգծեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով երեքշաբթի օրը Կենտրոնական բանկի արած հայտարարությունը «լողացող փոխարժեքի» անցնելու մասին:

«Երբ դրամը արժեւորվում էր, Կենտրոնական բանկը ասում էր՝ «մենք ի՞նչ կապ ունենք սրա հետ», իբր՝ աշխատանքի արտադրողականությունն էր բարձրանում՝ դա առաջին բացատրությունն էր, իսկ երկրորդ բացատրությունը՝ թե «դրսից տրանսֆերտներ կան, մենք ոչինչ չենք կարող անել, լողացող կուրս է, դրամը արժեւորվում է»,- նշեց Բագրատյանը:

Նախկին վարչապետի կարծիքով, դրամի արժեզրկումից առաջ Կենտրոնական բանկի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի ներարկումները շուկա «իզուր» էին, եւ տեղի է ունեցել սպեկուլյացիա. «Մոտ 700 միլիոն է վաճառվել այդպես, եւ այդ դրամական հոսքերը հիմնականում Ռուսաստան են գնացել»:

Մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հեռուստատեսությամբ տված պարզաբանումները, որ դրամի սահուն արժեզրկման չգնացին սպեկուլյանտների դեմ պայքարելու միտումով, Բագրատյանը հայտարարեց. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես ստում է: Կառավարության ներսում բոլորովին ուրիշ բան է տեղի ունենում»:

Նախկին վարչապետը հիշեցրեց, որ դեռ 2008 թվականի դեկտեմբերի վերջին Հայ ազգային կոնգրեսը եւ մասնավորապես ինքը կանխատեսել էին, որ փետրվար-ապրիլին տեղի կունենա դրամի առաջին փլուզումը. «Իրենք դրամի կուրսը պահել են, որովհետեւ իրենց պետք էր էժան դոլար, ամենաէժան դոլարը Հայաստանում էր: Բաց են թողել, այսինքն՝ համեմատաբար բաց են թողել այն ժամանակ, երբ այլեւս չէին կարող պահել: Հիմա էլ դրամը, ի դեպ, լողացող կուրս չի. իրենք ինտերվենցիաներ են անում՝ ավելի քիչ, քան առաջ: Մենք նաեւ ասել ենք Կոնգրեսում, որ մեկ տարվա ընթացքում կուրսը կկրկնապատկվի»:

Իսկ անհանգստանալու պատճառ կա՞՝ կապված սպառողական գների հնարավոր բարձրացման հետ: Այս կապակցությամբ նախկին վարչապետը հայտարարեց. «Իհարկե, կա: Ինձ հատկապես զարմացնում է [Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական] հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի ելույթը, պարզապես ապշեցնում է: Ասում է՝ «թույլ չենք տա գների թանկացում»: Հայաստանի Հանրապետության օրենքն ասում է, որ մեզ մոտ շուկա կա, շուկայական տնտեսություն է, ինչպե՞ս թե թույլ չես տա: Դա, ի դեպ, ցույց է տալիս շատ վտանգավոր բան. որ ոչ միայն դրամի փոխարժեքը շուկան չի որոշում, այլեւ ապրանքների գները շուկան չի որոշում: Իսկ ինչպե՞ս է որոշվում՝ իրենք են որոշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել