Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Մարտ 10,2009 00:00

\"\"Սա ամենամեղմ բնորոշումն է: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ կառավարությունն ու ԿԲ-ն ուղղակի մոլորեցրին քաղաքացիներին՝ լավատեսական սցենարներ մատուցելով ճգնաժամի պայմաններում հեռանկարների վերաբերյալ:

«Մեր տնտեսությունը համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով հայտնվել էր այնպիսի վիճակում, որ պետք էր անցում կատարել ազգային արժույթի արժեզրկմանը, եւ անհրաժեշտ էր անցումային փուլ,- մարտի 4-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:- Մեր տնտեսությունը կենդանի օրգանիզմի է նման, եւ եթե այդպիսի անցումներ են կատարվում՝ պետք է հնարավորություն տալ, որ օրգանիզմը նախապատրաստվի այդ անցմանը, ինչի մասին էլ Կենտրոնական բանկը հայտարարություններով հանդես էր գալիս եւ բացատրում իր քաղաքականությունը»: Նրա հետագա խոսքից պարզ դարձավ, որ այդ անցմանը թերեւս լավ էին նախապատրաստվել առեւտրային բանկերը: Սակայն ի՞նչ էր արվել շարքային քաղաքացիներին նախապատրաստելու համար, որ ոչ միայն բանկերի, այլ նաեւ նրանց համար դրամի արժեզրկումն ունենար նվազագույն հետեւանքներ: Արդյոք ԿԲ-ի ու կառավարության ղեկավարները ներկայացնո՞ւմ էին իրականությունը, քաղաքացիներին տեղյակ պահո՞ւմ էին, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Չէ՞ որ վարչապետն ինքը դեռ 2008-ի հոկտեմբերի 16-ի ասուլիսում՝ ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա՝ մասնավորապես ասում էր. «ԶԼՄ-ները որքանով օբյեկտիվ, անաչառ տեղեկություններ մատուցեն ֆինանսական դաշտում ստեղծված իրավիճակի մասին, այնքանով, բնականաբար, կնպաստեն եւ կօժանդակեն, որ մարդիկ ճիշտ կողմնորոշվեն: Մեզ անհրաժեշտ է պահպանել վստահությունը մեր ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, չստեղծել ավելորդ աժիոտաժներ եւ այնպիսի սպասումներ, որոնք հեռու են իրականությունից, բացասական սպասումներ»: Մի քանի մեջբերումներ անենք՝ համոզվելու համար, թե արդյոք կառավարությունն ու ԿԲ-ն չէի՞ն անում հակառակը՝ փորձելով ձեւավորել «սպասումներ, որոնք հեռու էին իրականությունից»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անցած տարվա հոկտեմբերի 10-ին հայտարարեց. «Հայաստանն այսօր խաղաղ նավահանգիստ է ներդրումների համար»: Եվ խորհուրդ տվեց բոլոր ներդրումներն իրականացնել ՀՀ դրամով. «Գոնե մեր հայրենակիցները պարտավոր են դա անել»:

Հոկտեմբերի 24-ին, երբ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսեցին 2009 թ. պետբյուջեի քննարկումները՝ վարչապետը հայտարարեց, թե հաջորդ տարի նախատեսված է 9,2% տնտեսական աճ, 4% գնաճ՝ 1,5% տատանման միջակայքով: Հիշեցնենք, որ ԿԲ-ի եւ կառավարության ղեկավարներն այժմ էլ կանխատեսում են 8%-ի գնաճ: Եվ չի բացառվել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավարի այն կանխատեսման իրականացումը, թե տնտեսական աճը կարող է լինել զրո տոկոս:

Մինչդեռ արդեն անցած տարվա աշնանը կառավարությունը հստակ գիտակցում էր, թե Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ինչ ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար: Նոյեմբերի 12-ին ԱԺ լիագումար նիստում ներկայացնելով 2009-ի բյուջեի նախագիծը՝ վարչապետը թվարկում էր, թե մասնավոր ներդրումները կարող են նվազել ու հետաձգվել, տրանսֆերտները՝ կրճատվել եւ այլն: Բայց էլի պնդում էր. «Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը՝ փնտրում են հուսալի ներդրումների եւ խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց եւ ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն նավահանգիստ է խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր՝ ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին»: Մի անձնական խոստովանություն անեմ՝ ինքս տարիների խնայողություններս բանկում պահել եմ դրամով, եւ այժմ դրանք զգալիորեն արժեզրկվել են:

Իսկ նոյեմբերի 12-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Տիգրան Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր. «Ընդհանրապես, ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը մի կողմից, խնդիրներ է ստեղծում, մյուս կողմից՝ հնարավորություններ: Ինչպես նշում են միջազգային փորձագետները, զարգացող երկրների համար ֆինանսական ճգնաժամը ավելի արագ զարգանալու հնարավորություն է ստեղծում, որպեսզի շեղվածությունը եւ խզվածությունը զարգացած եւ զարգացող երկրների միջեւ նվազի: Այն երկրները, որոնք պատրաստ կլինեն դրան, կկարողանան այդ ճգնաժամից հաղթած դուրս գալ, ինչին եւ մենք ձգտում ենք: Դրա համար այն նախաձեռնությունները, որ հնչեցրեց ՀՀ նախագահը, եւ կառավարությունը փորձում է իրականացնել, մեզ մրցակցային առավելություններ են տալու»:

Կառավարության նոյեմբերի 20-ի նիստում վարչապետն էլի գովերգում էր մեր բանկերի հուսալիությունը. «Մենք, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, այսօր ունենք հարաբերական առավելություն, դա մեր բանկային համակարգն է, որ, ի տարբերություն մնացած բոլոր հանրապետությունների, ոչ միայն դիմակայել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, այլ նաեւ դրսեւորում է բավականին լավ ցուցանիշներ»:

Նոյեմբերի 22-ին Տիգրան Սարգսյանը հայտարարում էր. «Մենք ուրախությամբ նշում ենք, որ հայկական դրամը վայելում է վստահություն, մենք ամուր եւ կայուն արժույթ ունենք»:

«Գոլոս Արմենիի» ընթերցողների հարցերին ի պատասխան՝ վարչապետը դեկտեմբերի 16-ին ասում էր, թե մեր երկիրը պետք է պահպանի ֆինանսական կայունությունը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ամսվա ընթացքում ինֆլյացիոն ռիսկերը կրճատվում են, Հայաստանը սկսել է ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ ներկրել: Դրանց գների իջեցումը ԿԲ-ին թույլ է տալիս եւս մեկ անգամ դիմել տոկոսադրույքների քաղաքականությանը»:

Մարտի 3-ին տեղի ունեցածից 1,5 ամիս առաջ՝ հունվարի 20-ին, անդրադառնալով մեր բանկերում ավանդներն ազգային դրամո՞վ, թե՞ արտարժույթով պահելու խնդրին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցնում էր, թե այսօր որեւէ խնդիր առեւտրային բանկերը չունեն, քանի որ թե՛ պետությունը, թե՛ բանկերը ունեն համապատասխան ներուժ, ունակություն եւ մեծ հնարավորություններ. «Ամեն մարդ ինքը պետք է ընտրի այն արժույթը, որով նա ուզում է պահել իր խնայողությունները, որեւէ վտանգ այս պարագայում չեմ տեսնում»:

Հիմա հարց է՝ արդյոք արժե՞ր հանրությանը հրամցնել անհիմն լավատեսական կանխատեսումներ: Եվ ավելի ճիշտ չէ՞ր իրականությունը ներկայացնել ու բացատրել, որ դրամի արժեզրկումը անխուսափելի է, որ չտուժեին նրանք, ովքեր շարունակում էին իրենց ավանդները պահել դրամով: Մինչդեռ իշխանությունը մինչեւ վերջին պահը հերքում էր գուցե հոռետեսական, բայց ինչպես պարզվեց՝ խիստ իրատեսական կանխատեսումները: Եվ դրամի արժեզրկումից ու սպասվելիք գնաճից ընդամենն օրեր առաջ՝ փետրվարի 11-ին, «Միր»-ին տված հարցազրույցում վարչապետն էլի ասում էր, թե 2009թ. համար նախատեսված է 4% գնաճ՝ ավելի ցածր, քան 2008-ին:

Ի դեպ, հունվարի 16-ին պատասխանելով «Իրավունք de facto»-ի հարցին, թե ինչո՞ւ են ճգնաժամի վերաբերյալ իր եւ ընդդիմախոսների գնահատականները անչափ տարբեր՝ Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Ընդհանրապես, մեր քննադատներն ընկնում են նույն մշտական ծուղակի մեջ՝ նրանց ասածները երբեք չեն իրականանում»: Հիմա հռետորական հարցեր են ընդամենը, թե արդյոք իրականացա՞վ այն ամենը, ինչ մեջբերեցինք, եւ ինչպե՞ս սա անդրադարձավ կառավարության նկատմամբ վստահության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել