Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԼՈՒԶՎԵԼՈՒ Է ՔԱՐ ԱՌ ՔԱՐ

Մարտ 10,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ արձանագրելով, որ բոլոր քաղբանտարկյալների գործերը «թխվել» են շինծու եւ ապօրինի հիմքերի, այդ թվում՝ նաեւ ահաբեկման ու զանազան ճնշումներով տարբեր մարդկանցից կորզված ցուցմունքների հիման վրա, հիշեցրել է «Յոթի» գործով որպես տուժող ընդգրկված Ռոբերտ Բաղդասարյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ տուժող Ռ. Բաղդասարյանը, որ 2008թ. մարտի 1-ին հրազենային վնասվածք էր ստացել, իր հայտարարության մեջ մասնավորապես տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայության քննիչները, օգտվելով իր ծանր առողջական վիճակից, հոգեբանական ճնշումներ գործադրելով, իրենից այնպիսի ցուցմունքներ են կորզել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, եւ որոնցով «մեղքի սլաքն ուղղվել է ժողովրդավարության համար պայքարող իմ ընկերների վրա»։ Տուժողը հայտարարել էր նաեւ, որ մարտի 1-ին իրեն հանդիպած ոստիկանները զինված են եղել, եւ ինքը վիրավորվել է հենց ոստիկանների կրակոցից։ Նա պահանջում է հայտնաբերել իր վրա կրակող ոստիկանին, ինչպես նաեւ պատասխանատվության կանչել այն քննիչներին, ովքեր ժամանակին իրենից կեղծ ցուցմունքներ են կորզել։

«Հայ ազգային կոնգրեսը եւս մեկ անգամ հայտարարում է, որ այսպես քար առ քար փլուզվելու են բոլոր շինծու գործերը, վաղ թե ուշ դատական կարգով բացահայտվելու է իրականությունը։ Մենք կոչ ենք անում բոլորին, նաեւ քննիչներին, դատավորներին, ոստիկաններին, վկաներին՝ հնարավորինս նպաստել անխուսափելի այդ գործընթացի օր առաջ կայացմանը եւ չբարդացնել իրենց հետագա կացությունը»,- ասված է Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել