Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը նաեւ հոգեբույժ է

Մարտ 10,2009 00:00

«Յոթի» գործով դատավոր Մարտիրոսյանը իր խորհրդակցական սենյակում որոշել էր, որ քաղկալանավոր Շանթ Հարությունյանը կամ հոգեկան հիվանդ է, կամ տառապում է այլ «ծանր հիվանդությամբ»:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվեց «Յոթի» գործով դատական նիստը, որը հետաձգվել էր մարտի 4-ին: Դատարան բերվեցին 6 քաղբանտարկյալները, իսկ ահա Շանթ Հարությունյանին, ում մեկուսարանից դատարան բերել էին, այդուհանդերձ, այդպես էլ թույլ չտվեցին մասնակցել դատական նիստին: Փոխարենը դատավոր Մնացական Մարտիրոսյանը ուշացումով վերսկսված դատական նիստում հայտարարեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ից, որտեղ պահվում է Շ. Հարությունյանը, գրություն է ստացվել, որում ասված է, թե Շ. Հարությունյանը վերջին օրերին վատառողջ է, ագրեսիվ պահվածք է դրսեւորում, հրաժարվում է սննդից, բուժօգնությունից, հիմնարկի աշխատակիցների հետ շփումից: Դատավորը սրան հավելեց նաեւ «Վարդաշենի» հոգեբուժական բաժանմունքի պետի ենթադրությունը՝ հնարավոր է, որ «Շ. Հարությունյանի այդ վարքագիծը պայմանավորված է հոգեկան խանգարմամբ», եւ ավելացրեց նաեւ, թե, իբր, Շ. Հարությունյանը այդ պահին էլ հրաժարվում է դատարանի դահլիճ մտնել: Դատավորի այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց Սուրեն Սիրունյանը, որն ասաց, թե ինքը Շանթի հետ միեւնույն խցում է գտնվել ու վստահեցնում է, որ նա հոգեկան հիվանդ չէ եւ հոգեբանի կարիք չունի: «Հոգեբույժի կարիք ունեն նրանք, ովքեր Շանթի մասին նման հայտարարություն են անում»: Ս. Սիրունյանը դատարանին միջնորդեց Շ. Հարությունյանին թույլ տալ ստացիոնար բուժում ստանալ իր հարազատների ներկայությամբ: Այս միջնորդությունը քննարկելու համար դատավոր Մարտիրոսյանը ավելի քան մեկ ժամ «խորհրդակցական սենյակում» փակվելուց եւ դատարան վերադառնալուց հետո հայտարարեց Շ. Հարությունյանի մասով գործի վարույթը ժամանակավորապես՝ մինչեւ նրա ապաքինումը կասեցնել եւ նրա նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որովհետեւ դատավորի ենթադրության համաձայն՝ հնարավոր է, որ Շ. Հարությունյանը տառապում է հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ:

Դատավորի այս որոշումը վրդովեցրեց քաղբանտարկյալներին: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե Ս. Սիրունյանի միջնորդությունը վերաբերում էր ոչ թե Շանթի մասով գործի վարույթը կասեցնելու կամ նրան հոգեբուժական, դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելուն, այլ՝ ստացիոնար բուժում ստանալուն: Ալ. Արզումանյանը փաստեց, որ դատավորի որոշումը՝ Շանթի մասով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, ապօրինություն է, որովհետեւ այն հիմնված է ոչ թե դատաբժշկական փորձաքննության եզրակացության, այլ ընդամենը դատավորի դատարկ դատողությունների վրա: «Դուք իրավունք չունեք բժշկի դեր ստանձնել, դա ձեր ֆունկցիաներից դուրս է»,- զայրացած հայտարարեց ԱԳ նախկին նախարարը:

Երեկ պաշտպանական կողմը շարունակեց արդեն նոր հիմնավորումներով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ ներկայացնել, որոնք կամ չքննարկվեցին, կամ մերժվեցին: Մերժվեց դատավորի ինքնաբացարկի մասին նաեւ գործով անցնող տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի միջնորդությունը: Որպես իր միջնորդության հիմնավորում՝ Ս. Քլոյանը նշեց այն հանգամանքը, որ դատավորը արդեն մի քանի նիստ է, ինչ իրեն լիազոր ներկայացուցիչ ունենալու հնարավորություն չի տալիս, զրկել է իրեն այդ իրավունքից, ուստի ինքը համարում է, որ դատավորը այս գործով աչառու վերաբերմունք ունի: Նա էլի մի անգամ եւս փաստեց, թե հայտնի է, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհվածներից 3-ը սպանվել են «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից, որը կիրառել են 4 ոստիկաններ: Տուժողի իրավահաջորդի ասելով, այդ 4 ոստիկանները մեր զավակներին սպանել են, դրանցից մեկը իր որդու պոտենցիալ սպանողն է, բայց նրանցից ոչ մեկը ոչ կասկածյալ է, ոչ աշխատանքից հեռացվել է, ոչ տույժի է ենթարկվել: Ս. Քլոյանը հայտարարեց, թե դատարանի դահլիճում նստած 7 անձինք որեւէ կապ չունեն իր որդու սպանության հետ՝ հավելելով, որ այդ դատարանն ու մեղադրողները կոչված են ամեն ինչ անելու, որ այդ գործը չբացահայտվի:

Մեղադրողներից Հովսեփ Սարգսյանն էլ նկատեց, որ թեեւ Ս. Քլոյանը դժգոհում է դատարանում ներկայացուցիչ չունենալուց, բայց նրա ներկայացրած՝ իրավական տեսանկյունից գրագետ ձեւակերպված միջնորդությունից ակնհայտ է, որ նա իրավաբանական օգնություն ստանում է: Մինչդեռ Ս. Քլոյանի հարցադրումը դատարանում պատշաճ ներկայացուցիչ ունենալու մասին էր, իսկ թե ով եւ ինչպես է օգնում տուժողի իրավահաջորդին դատարանից դուրս, չպետք է հետաքրքրի մեղադրողներին: Մեղադրողի այս հայտարարությունը հունից հանեց դատարանի դահլիճում արդեն մի քանի ժամ ոտքի վրա անցկացրած քաղկալանավորներին, որոնք դիմելով դատավորին՝ համապատասխան կծու որակումներով համեմված հայտարարություններ արեցին: Դրանք վիրավորեցին դատավոր Մարտիրոսյանի ինքնասիրությունը, ու վերջինս, բացի Գ. Ոսկերչյանից, մյուս բոլոր 5 քաղբանտարկյալներին 10 օրով հեռացրեց դատարանի դահլիճից: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել