Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ՝ ԽԻՍՏ ԱՆԿՈՒՄԱՅԻՆ»

Մարտ 10,2009 00:00

\"\"Այսպես է բնութագրում ներքաղաքական իրավիճակը ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը

– «Երեւանի մասին» օրենքի ընդունումով քաղաքապետի պաշտոնը ընտրովի է, սակայն արդեն իսկ բոլորի համար պարզ է, թե ինչպես են անցնելու այդ ընտրությունները, ով է լինելու քաղաքապետը: Սա դեպի ժողովրդավարություն տանո՞ղ ճանապարհ է:

– Ժողովրդավարության կայացման համար, իհարկե, Սահմանադրությունը եւ օրենքները կարեւոր են, եւ այս առումով մենք կարող ենք արձանագրել, որ նախորդ տարիներին ձեռքբերումներ ունեցել ենք, սակայն գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր օրենք կամ Սահմանադրություն իրականում ազդում է երկրի կյանքի վրա, երբ դրանք հարգվում են: Մյուս կողմից՝ ժողովրդավարությունը կապված է ոչ միայն ընտրությունների, այլ նաեւ բազմաթիվ այլ խնդիրների հետ, մասնավորապես՝ կուսակցությունների կայացման խնդրի հետ: Ցավոք սրտի, բազմակուսակցական համակարգը Հայաստանում այդպես էլ չկայացավ: Բնականաբար, այս ամենը չի կարող չազդել ժողովրդավարության վիճակի վրա: Ավելին, այն կարող է նաեւ հանգեցնել Սահմանադրության ու օրենքների ոտնահարմանը, ապա ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար՝ նաեւ աղավաղմանը: Ինչ վերաբերում է «Երեւանի մասին» օրենքին, ապա չեմ կարծում, որ այն անթերի է, սակայն առաջիկա ընտրություններին առնչվող իրողություններն էլ նույն ժողովրդավարության տեսակետից լավատեսություն չեն ներշնչում: Քաղաքապետի փոփոխությունը հիմնական թեկնածուներից մեկով ընտրություններից երկու-երեք ամիս առաջ ընդունված չէ: Չեմ կարծում, որ «լավություն» է արվել Գագիկ Բեգլարյանին:

– Ընդդիմությունը կարծես որեւէ կերպ չի ակտիվանում քաղաքապետի ընտրությունների հետ կապված, սա կարող էր, չէ՞, լինել մի նոր պայքարի սկիզբ, բայց, կարծես, ընդդիմությունը այդպես չի տրամադրված:

– Իսկապես, ընտրությունների օրը արդեն նշանակված էր, ներկուսակցական գործընթացներն արդեն սկսված էին, սակայն վերջին հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն ասաց, որ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումների փուլն ավարտվում է՝ արդարացիորեն արձանագրելով, որ հեղափոխությունը, ապստամբությունը եւ այլն կիրառելի չպետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքում: Փակվեց քաղաքական պայքարի մի փուլը, բայց զարմանալիորեն ոչ մի խոսք չեղավ հաջորդ փուլի մասին: Ներկայացված մոտեցումները միանգամայն տրամաբանական կլինեին, եթե ելույթի շարունակությունը նվիրված լիներ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությանը: Բայց, զարմանալիորեն, դա չկար, շրջանցվեց:

– Ուզում եք ասել, որ ընդդիմությունը ե՞ւս համակերպվել եւ տեղավորվել է իշխանության գծած սցենարի մեջ:

– Այդպես չեմ ուզում ասել, բայց սա ուղղակի տարօրինակ էր, որովհետեւ լուրջ քաղաքական պայքարի պատրաստվող քաղաքական ուժը չի կարող արդեն նշանակված ընտրության մասին մարդաշատ հանրահավաքում չխոսել: Քաղաքական պայքարի տրամաբանությունից բխող հարցադրումները մնում են օդում կախված: Այնպես որ, հարցերը միայն իշխանություն կրող քաղաքական ուժերի գործողությունների մեջ չէ, որ առաջանում են:

– Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը եւս գնում է սահմանադրական այն ճանապարհով, որով ժամանակին գնաց Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմությունը: Իսկ թե այդ ճանապարհը ուր է տարել, մենք տեսել ենք:

– Սահմանադրական ճանապարհը երբեք եւ ոչ մի երկրում դատապարտված չի լինում, այն քաղաքական պայքարի միակ ընդունելի ուղին է, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե այդ ճանապարհով գնալիս ի՞նչ ես անում եւ ինչի՞ ես հասնում:

– Ուզում եմ ճշտել՝ այն, ինչ այսօր անում է ընդդիմությունը, տանո՞ւմ է դեպի իշխանափոխության, դեպի վերջնական նպատակ:

– Իշխանափոխությունը չպիտի լինի որեւէ կուսակցության վերջնական նպատակը, իշխանության հասնելը պիտի լինի միջոցը՝ երկրում առկա խնդիրներն ըստ սեփական ծրագրերի լուծելու համար, բայց, ցավոք սրտի, Հայաստանում գրեթե ամենուրեք տիրապետող է հենց այդ նպատակը՝ իշխանափոխություն կամ իշխանության պահպանում հանուն իշխանության: Նաեւ սա է պատճառը, որ հաջողություններ չեն արձանագրվում:

– Ներքաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում:

– Բարոյահոգեբանական վիճակը՝ խիստ անկումային: Ինչքան էլ թվա, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո քաղաքական լարվածությունը վերացել է, բայց նվազել է սոսկ Տեր-Պետրոսյանի թիմի եւ իշխանությունների միջեւ մեկ տարի առաջ ձեւավորված լարվածությունը, մինչդեռ հասարակության մեջ առկա ներքին լարվածությունը չի թուլացել: Օր օրի խորանում է դժգոհությունը, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, եւ կտրուկ մեծանում է անվստահությունը իշխանությունների, դրամի, վաղվա օրվա, կատարվող քայլերի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել