Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍ ՉԻ»

Մարտ 10,2009 00:00

\"\"Վստահ է Երջանիկ Աբգարյանը

Ի՞նչ կասեր Երջանիկ Աբգարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե վերջինս այս պահին կանգնած լիներ նրա առջեւ: «Առավոտի» հարցին «Արմատ» կենտրոնի եւ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Տիգրան Սարգսյանին ես ճանաչում եմ ավելի շուտ, քան Շարժումն էր սկսվել: Նա բավականին գրագետ մարդ է, եւ ինձ համար նույնիսկ զարմանալի է, որ նա իրեն թույլ տվեց համագործակցել հանցագործ տարրերի հետ: Նա չպետք է համաձայներ դառնալ ՀՀ ԿԲ նախագահ: Զուտ բարոյական առումով անհասկանալի է նրա վարչապետ դառնալը: Ո՞ւմ հետ ես աշխատում, ովքե՞ր են քո ամբողջ շրջապատը: Ընդ որում, նա արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ ձախողում է գնում: Օրինակ՝ օլիգարխներին հարկային դաշտ բերելու մասին խոսակցությունները եւ այս տարեսկզբի խոստովանությունը, որ՝ չհաջողվեց: Որեւէ լուրջ տնտեսական փոփոխություն նա ոչ թե չի ցանկանում, այլ չի կարողանալու, բայց թե ինչո՞վ է ինքը կապված Քոչարյանի եւ Սարգսյանի հետ, որ իր վրա տղամարդկություն չի վերցնում հրաժարվել վարչապետի պաշտոնից՝ ընդունելով, որ այդ պայմաններում եւ այդ շրջապատում ինքը չի կարող աշխատել… Ես միայն կարող եմ ենթադրել, որ ինչ-ինչ հարցերի մեջ է. ավելի վատ՝ իր համար: Ցանկացած լավ մտադրություններով լավ մարդ՝ այս իշխանության մեջ փչացվելու ենթակա է, ինչպես փչացվեց Տիգրան Սարգսյանը: Թող ինքը չբողոքի, որ իր մասին վատ բաներ են գրում: Ինքն արժանի է դրան»:

Պարոն Աբգարյանը գտնում է, որ անհապաղ պետք է վերանայվի հարկային քաղաքականությունը՝ իջեցվեն դրույքաչափերը, իհարկե, ողջամտության սահմաններում, ներդրողների համար, հատկապես՝ գյուղական շրջաններում արտոնյալ պայմաններ ստեղծվեն, իսկ գերշահույթների՝ «ներկրող եւ տեղական արտադրող օլիգարխների» վրա պետք է դրվի մինչեւ 85 տոկոս գանձում: Նրա կարծիքով՝ իրավիճակը նաեւ պահանջում է, որ բյուջետային ծախսերը կրճատվեն, ու բյուջետային բոլոր ծախսերի վրա խիստ հսկողություն սահմանվի, քանի որ իրականում «ուռճացված եւ այլ նպատակների ծառայող հոդվածներ կան»: Նաեւ՝ պետք է կարգի բերել «իրենց իսկ ջանքերով շիլաշփոթ դարձած հակասական օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս ցանկացած օրենք օգտագործել ըստ իրենց շահի»: Արտարժույթի լողացող կուրսի քաղաքականությանն անցնելու մասին պարոն Աբգարյանն ասում է. «Սա լողացող կուրս չի: Պարզապես նորից ֆիքսել են, որ դոլարը նորից պիտի 360-380 դրամ լինի, եւ ասում են, որ դա տեւելու է մինչեւ տարվա վերջ. էլ ի՞նչ «լողալու» մասին է խոսքը: «Լողացող կուրս»՝ նշանակում է, որ այն ազատ է եւ համապատասխանում է միջազգային վայրիվերումներին»: Մեր զրուցակիցը հարցնում է. «Ինչո՞ւ էին այսքան ամիս «պահում» փոխարժեքը, եթե դա ռեալ չէր: Եվ, ընդհանրապես, ռեալ չէր այն քաղաքականությունը, որ արհեստականորեն դրամն արժեւորվեց: Դա մեծագույն հանցագործություն էր այս ժողովրդի դեմ: Այդպիսով շուկային խեղդեցին, ինչը բխում էր հասարակության որոշակի տնտեսվարող խավի՝ խոշոր ներկրող օլիգարխների եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շահերից»: Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթվա ընթացքում, պարոն Աբգարյանը համարում է «ֆինանսական մեքենայություններ»:

«Առավոտի» դիտարկմանը՝ ինչո՞ւ են իշխանությունները գնում նման մեքենայությունների, երբ իշխանական աթոռները այդքան էլ կայուն չեն, Երջանիկ Աբգարյանը պատասխանում է. «Նրանք արդեն ռեալությունը կորցրել են, եւ դա իրենց ելույթներից է զգացվում, որոնք իրականության հետ որեւէ կապ չունեն: Այժմ իշխանությունը՝ օլիգարխիկ շրջապատի հետ միասին, մեկ հարց է լուծում՝ թույլ չտալ, որպեսզի իրենց ամսական խոշոր գերշահույթներն ու կաշառքները պակասեն: Իշխանությունն իրենք պատկերացնում են՝ ուժի զոռով բոլորին պարտադրել ստրուկի դեր կատարել»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը չի բացառում, որ այս ամենը սոցիալական բունտի պատճառ կարող է դառնալ: Բայց որ՝ «Սա նրանց կողմնակիցների թիվն աստիճանաբար կպակասեցնի ոչ միայն բնակչության շրջանում, այլեւ բուն իշխանության ներսում, եւ առաջիկա մի քանի ամիսներին իշխանությունը ստիպված է լինելու հասկանալ, որ ինքն այլեւս չի տիրապետում իրադրությանը»՝ հաստատ է: Դիտարկմանը՝ դա կլինի հենց այն պա՞հը, որի մասին ամիսներ շարունակ խոսում են բոլոր ընդդիմադիրները՝ համոզված, որ իշխանափոխություն տեղի կունենա, Երջանիկ Աբգարյանն արձագանքեց. «Մենք հիմա ավելի հաճախ ենք շփվում գյուղական մասսայի, գյուղական, մարզային վերնախավի հետ, քանի որ ՀԱԿ-ի տեղական կառույցների ստեղծման գործերով ենք զբաղված, եւ այդ մարդիկ, ակնհայտորեն, աստիճանաբար անցնում են կամ ընդդիմության կողմը, կամ՝ ինչ-որ կերպ հասկացնում են, որ այլեւս իշխանության կողմից չեն: Այսինքն՝ որակական փոփոխություններ ընթանում են, եւ ես վստահ եմ, որ դրանք՝ իշխանությունների ապաշնորհ ներքին եւ արտաքին քաղաքականության շնորհիվ, ժողովրդին կհասցնեն այն ճշմարտությունը, որ այս ճանապարհով մենք անդունդն ենք գնում, եւ հարկավոր է փրկել Հայաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել