Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԳՈ՞ՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ, ԹԵ՝ ՉԷ

Մարտ 07,2009 00:00

Շուրջ մի շաբաթ է հեռուստատեսությամբ, մամուլի ասուլիսներով գնում է հերթական մի գլուխգործոցի՝ «Էլի լավա» ֆիլմի գովազդն ու լուսաբանումը: Դա քիչ է դեռ, քաղաքում էլ պաստառներ են դրել ֆիլմի սյուժեով եւ այլնով:

Ոչ ֆիլմագետ եմ, ոչ քննադատ եւ չեմ էլ ուզում անդրադառնալ այն խնդրին, թե ինչպիսին կլինի այս ֆիլմի սյուժեն, չնայած որ՝ շատ փոքր տեսարաններից արդեն պարզ է դրա մոտավոր կերպարը, բայց ուզում եմ հասկանալ, թե ուր ենք հասել, թե որտեղ է սկսվում եւ վերջանում մեր այսօրվա մշակույթ կոչվածը, արդյոք այն ընդհանրապես իրավունք ունի՞ մշակույթ կոչվելու: Եվ ավելի շատ ցավալի է, որ այնպիսի մարդիկ են արդեն ընդգրկվում այս տեսակ ֆիլմերի շարքում, որոնք պիտի որ իրենց կերպարով չհանդուրժեն առաջին հերթին ֆիլմի վերնագիրը:

«Էլի լավա». տարրական գրագիտություն ունեցող հայն ու դպրոցական երեխան կհասկանան, որ սա շատ հեռու է գրական մաքուր հայերենից՝ եւ իմաստային, եւ ձեւաբանական, եւ վերջավորության առումով: Էլ ինչ մայրենիի մասին կարելի է խոսել: Ազգովի փետրվար ամսին նշեցինք մայրենիի տոնը, կարծեմ Լեզվի պետական տեսչության պետն էլ շաբաթը երկու անգամ հեռուստացույցով քննարկում է ինչ-որ ցուցապաստառի անգլերեն լինելը, անշուշտ՝ նա ճիշտ է, սակայն չեմ հասկանում, այն լռությունը, որ այդ տեսչությունը չի արգելել կամ քննադատել այս ֆիլմի վերնագիրը եւ լեզուն, չի արգելել դրա գովազդը մեր պետական հանրային հեռուստաալիքներով: Հասկանում եմ նաեւ այն ենթատեսքը, որ ֆիլմը ստեղծողները այսօր մեր մշակույթի լավագույն ներկայացուցիչների ցուցակում են, քավ լիցի, թող լինեն, համարեն իրենց այդպիսին, բայց ամբողջ էկրանով չաղտոտեն մեր մայրենի լեզուն, չփչացնեն մեր մանուկների խոսքը եւ միտքը, իրենց անճաշակությունը չվերածեն մասսայական մշակույթի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել