Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 07,2009 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ քսանհինգերորդ

ՀԵՆՐԻԿ ԵՎ ԷՆՐԻԿՈ

Եվ Պետնանց Քոթոն ծանր գլուխը բարձրացնելով Մաթեւոսյանին ասաց՝ «ներող էղի, վենձ ախպեր», եւ Մաթեւոսյանը ժպտալով ասաց՝ «անցած ըլնի, Հենդո ջան», եւ Մրջանանցը հանկարծ սկսեց ծիծաղել, եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «էդ խի՞ ես ծիծաղում», եւ Մրջանանցը ժպտալով ասաց՝ «որովհետեւ մենակ դուք եք իրան Հենդո ասում», եւ Մաթեւոսյանը զարմացած հարցրեց՝ «բա ուրիշներն ի՞նչ են ասում», եւ Արեւշատը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Քոթո», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ուրիշների հետ գործ չունեմ, Արեւշատ ջան», եւ ես չդիմացա ու սկսեցի ծիծաղել, եւ Մաթեւոսյանը զարմացած ինձ հարցրեց՝ «դո՞ւ խի ես ծիծաղում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ մենակ դուք եք իրան Արեւշատ ասում», եւ Մաթեւոսյանը զարմացած հարցրեց՝ «բա ուրիշներն ի՞նչ են ասում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «Քոթո», եւ Մաթեւոսյանը գոռաց՝ «էդ ձեռ ե՞ս առնում, ա՛յ կյաժո», եւ Արեւշատն ասաց՝ «ձեռ չի առնում, ընկեր Մաթեւոսյան. լրիվ ճիշտ ա ասում», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Արեւշատն ասաց՝ «էրկուսիս էլ Քոթո են ասում», եւ Մաթեւոսյանը զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ են Քոթո ասում», եւ ես Արեւշատի փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ էրկուսն էլ փոքր վախտ քոթոթի նման են էղել», եւ Մաթեւոսյանն ինձ թարս նայելով ասաց՝ «քեզ չեմ հարցնում», եւ Արեւշատը Մաթեւոսյանին ասաց՝ «Արմենը ճիշտ ա ասում. էրկուսս էլ փոքր վախտ քոթոթի նման ենք էղել», եւ Պետնանցը ծանր գլուխը բարձրացնելով ժպտաց ու ասաց՝ «հիմի էլ՝ ընենց ոչինչ», եւ Մաթեւոսյանը ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, գազան եք», եւ Արեւշատը ժպտալով ասաց՝ «փոքր վախտ ենք գազան էղել» եւ Պետնանցին նայելով ավելացրեց՝ «հիմի մեծացել՝ մարդ ենք դառել», եւ Մաթեւոսյանն Արեւշատին հարցրեց՝ «էդ արտասահմանցու անունն ինչ է՞ր», եւ Մրջանանցը պատասխանեց ու ասաց՝ «Էլիոտ», եւ Մաթեւոսյանը Մրջանանցին հարցրեց՝ «անձամբ քեզ ա՞ կպել», եւ Մրջանանցը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Շիրազին», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «ի՞նչ Շիրազ», եւ ես Արեւշատի փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «բանաստեղծ», եւ Մաթեւոսյանն ինձ թարս նայելով ասաց՝ «քեզ չեմ հարցնում», եւ Արեւշատը Մաթեւոսյանին ասաց՝ «Արմենը ճիշտ ա ասում», եւ Մաթեւոսյանն Արեւշատին հարցրեց՝ «էդ անասունը խի՞ ա մեր վարպետին կպել», եւ Արեւշատը ժպտալով ասաց՝ «չգիտեմ. երեւի անձնական հաշիվ ա», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վարպետը սրբի պես մարդ ա. ի՞նչ անձնական հաշիվ կարող ա ունենա», եւ Արեւշատը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եսիմ. մեծ աշխարհ ա», եւ Մաթեւոսյանը Արեւշատին հարցրեց՝ «էս իրեքդ էլ բանասեր եք, չէ՞», եւ ես Արեւշատի փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Մաթեւոսյանն ինձ թարս նայելով ասաց՝ «քեզ չեմ հարցնում», այնուհետեւ Արեւշատին հարցրեց՝ «քեզ մի հատ հարց տա՞մ», եւ Մրջանանցն ասաց՝ «տուր», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «աշխարհում Շիրազից մեծ բանաստեղծ կա՞», եւ Մրջանանցն առանց մտածելու պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Պետնանց Քոթոն ծանր գլուխը բարձրացնելով գոռաց՝ «լափ էլ կա՛», եւ Մաթեւոսյանը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա», եւ Պետնանց Քոթոն գոռաց՝ «Էլիո՛տը», եւ Մաթեւոսյանը զարմացած նայեց Արեւշատին ու նեղսրտելով ասաց՝ «վերջը մարդավարի ասելու ե՞ք՝ էդ Էլիոտն ով ա», եւ Պետնանց Հենրիկը Մաթեւոսյանին ասաց՝ «մի շիշ գինի որ բերես՝ կասեմ», եւ Մաթեւոսյանը Պետնանցին ասաց՝ «աչքիս արդեն շատ եք խմել, Հենդո ջան», եւ Պետնանցը Մաթեւոսյանին ասաց՝ «խմելու համար չեմ ուզում», եւ Մաթեւոսյանը ժպտալով հարցրեց՝ «ջարդելու համար ե՞ս ուզում», եւ Պետնանցն ասաց՝ «կենաց եմ ուզում առաջարկեմ», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «ի՞նչ գինի բերեմ», եւ Պետնանցը պատասխանեց ու ասաց՝ «նույնից», եւ Մաթեւոսյանը տեղից վեր կացավ, գնաց, վաճառողուհուց մի բաժակ ու մի շիշ «Հրազդան» վերցրեց, եկավ, նախ մեր բաժակները լցրեց, հետո իր բաժակը լցնելով ժպտաց ու ասաց՝ «լավ ա՝ բաժակները չես ջարդել, Հենդո ջան», եւ Արեւշատը ծիծաղելով ասաց՝ «ինքը բաժակ ջարդելու սովորություն չունի, ընկեր Մաթեւոսյան», եւ Մաթեւոսյանը ժպտալով Արեւշատին հարցրեց՝ «ասում ես՝ ձեզ խի են Քոթո ասո՞ւմ», եւ հանկարծ Պետնանց Քոթոն Մաթեւոսյանին անսպասելի հարցրեց՝ «բա քե՞զ խի են Տոլմա ասում, ընկեր Մաթեւոսյան», եւ Մաթեւոսյանը մեկից լրջանալով ասաց՝ «ինձ Տոլմա ասողն իրա մորից հըլը չի ծնվել», եւ Արեւշատը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեզ մենակ ժողովուրդն ա Տոլմա ասում, ընկեր Մաթեւոսյան», եւ Պետնանցը հեգնանքով ասաց՝ «մեր ժողովուրդն արդեն իրեք հազար տարի ա՝ իրա մորից ծնվել ա», եւ Մրջանանցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չորս հազար», եւ Պետնանցն ասաց՝ «չեմ ուզում վիճեմ», եւ Մաթեւոսյանը վրդովված ասաց՝ «ավելի լավ ա՝ կենացդ առաջարկես, Հենդո», եւ Պետնանց Հենրիկը նախ ծանր գլուխը բարձրացրեց, այնուհետեւ բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «ուզում եմ ամենավենձ բանաստեղծի կենացը խմենք», եւ Արեւշատն ասաց՝ «մենակ թե՝ էլի Էլիոտ չասես», եւ Պետնանցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր վենձ ախպեր Մաթեւոսյանի կենացն եմ առաջարկում», եւ Մաթեւոսյանը զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչ կապ ունեմ», եւ Պետնանցը պատասխանեց ու ասաց՝ «դու համ Էլիոտից ես վենձ, համ էլ՝ Շիրազից», եւ Մրջանանցը Պետնանցին ասաց՝ «էդ վերջինը չպիտի ասեիր», եւ Պետնանցն ասաց՝ «ես լավ գիտեմ՝ ինչ եմ ասում», եւ ես Արեւշատին ասացի՝ «մարդու մտքով կենաց ա անցել՝ թող հալալ խմի», եւ Մաթեւոսյանն ինձ թարս նայելով ասաց՝ «դու խոսալու տեղ հե՛չ չունես», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «հետո կասեմ», եւ Պետնանցը նորից բաժակը բարձրացնելով ասաց՝ «ձեր փառահեղ կենացը, ընկեր Մաթեւոսյան», եւ Մաթեւոսյանը բաժակը Պետնանցի բաժակին խփելով ասաց՝ «մերսի, Հենդո ջան», եւ Արեւշատը բաժակը բարձրացնելով ասաց՝ «ձեր կենացը, ընկեր Մաթեւոսյան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դուք մեր ազգին շատ մեծ փառք եք բերել», եւ Մաթեւոսյանը ժպտալով ասաց՝ «անցած ըլնի, Արեւշատ ջան», եւ Արեւշատն ասաց՝ «էդ անցողիկ բան չի», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «իմ կենացը խմում եք ու վեր եք կենում», եւ Պետնանցը ծանր գլուխը բարձրացնելով Մաթեւոսյանին ասաց՝ «ուզում ես ասես՝ սիկտիրնիս քաշե՞նք», եւ Մաթեւոսյանը ժպտալով ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ էսօր էսքանը հերիք ա», եւ Պետնանցը լուռումունջ վեր կենալով՝ զուգարանի կողմ գնաց, եւ Մաթեւոսյանն Արեւշատին ասաց՝ «հետեւից գնա՝ հանկարծ չընկնի», եւ երբ Մրջանանցը գնաց, Մաթեւոսյանն ինձ զզվանքով նայելով ասաց՝ «էս ձեր արածը դուրներդ գալիս ա՞, արա՛», եւ ես հարցրի՝ «ե՞ս ինչ մեղք ունեմ», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «ո՞նց թե՝ ի՞նչ մեղք ունեմ. կարող ա՞ իրանք քո ընկերները չեն», եւ ես ասացի՝ «ընկերներս են», եւ ինքն ասաց՝ «բա խի՞ ընկերներիդ կարգի չես հրավիրում», եւ ես հարցրի՝ «ո՞նց կարգի հրավիրեմ», եւ ինքն ասաց՝ «իրանց պիտի բացատրես, որ հասարակական վայրում են գտնվում», եւ ես շփոթված ասացի՝ «ինքը խմած ա. բացատրեմ էլ՝ չի հասկանա», եւ ինքն ասաց՝ «նախքան խմելը պիտի բացատրեիր», եւ ես ասացի՝ «ինքը որ խմում ա՝ ամեն ինչ մոռանում ա», եւ Մաթեւոսյանը վրդովված գոռաց՝ «կարող ա՞ քաքն ենք ընկել, որ իրա մեծ ախպերն աղջկաս հետ հայերեն ա պարապել», եւ ես ասացի՝ «համ էլ՝ ինստիտուտ ա ընդունել», եւ Մաթեւոսյանը տհաճությամբ ինձ նայելով հարցրեց՝ «կարող ա՞ փողը չեմ տվել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ փող», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարապելու փողը», եւ ես ասացի՝ «կարծում եք՝ իմ համար հաճելի ա՞, որ շշեր ա ջարդում», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «որ հաճելի չըլներ, ձեռը կբռնեիր՝ չէիր թողի», եւ ես ասացի՝ «լրիվ հանկարծակի ստացվեց. մտքովս չէր անցնի, որ շիշը գետնին կխփի», եւ Մաթեւոսյանն արհամարհանքով նայեց ինձ ու ասաց՝ «ես էլ քեզ քաղաքի տղու տեղ եմ դրել. մտածել եմ՝ դուխով ու շնորհքով տղա ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մտածել եմ՝ ջոկող տղա ես», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ասացի՝ «սրանից հետո կջոկեմ», եւ Մաթեւոսյանն անսպասելի գոռաց՝ «կարող ա՞ էսքանից հետո էլ էրեսներդ բռնի՝ էս օբյեկտ ոտ դնեք», եւ ես խեղճացած ասացի՝ «որ չեք ուզում՝ էլ ոտ չեմ դնի», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրանց չգալն էլ ե՞ս երաշխավորում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես մենակ ի՛մ չգալը կարամ երաշխավորեմ», եւ Մաթեւոսյանն արհամարհանքով ասաց՝ «ես էլ մտածել եմ՝ շնորհքով ու դուխով տղա ես», եւ ես ասացի՝ «դուխի իմաստով իրա հետ ոչ մեկը չի կարա ոտ գցի», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «ո՞ւմ հետ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Հովիկի ախպոր», եւ Մաթեւոսյանը հոգոց հանելով ասաց՝ «փաստորեն, էդ վեց ամսվա պարապելը քթիցս հանելու են», եւ ես նեղացած ասացի՝ «ինչ վերաբերում ա ինձ, էլ էս կաֆե ոտ չեմ դնի», եւ Մաթեւոսյանը փափկելով ասաց՝ «դու լավ գիտես, որ խոսքը քեզ չի վերաբերվում», եւ ես նեղացած ասացի՝ «փաստորեն, ես եմ մեղավոր դուս գալի», եւ ինքն ասաց՝ «քու խոսքն իրանց մոտ անցնում ա, դրա՛ համար եմ քեզ էս բաներն ասում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մտքովս հեչ չէր անցնի, որ շշերը գետնին կխփեր» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ մտքովս անցներ, շշերը կպահեի սեղանի տակ», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շշերը որ պահեիր՝ բաժակներն էր ջարդելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը բաժակ ջարդելու սովորություն չունի», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ է՛լ ա պատահել», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ անգամ հետները չեմ էղել», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քու ներկայությամբ իրանց համեմատաբար զուսպ են պահում», եւ ես ասացի՝ «Արեւշատը միշտ էլ զուսպ ա», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արեւշատը լիշնի բաներ չի անում, բաժակմաժակ չի ջարդում, ճիշտ ա, բայց մի քիչ շատ ա հետը գլուխ դնում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ հետ», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «Հովիկի ախպոր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «անցած անգամ էլ իրար հետ Շիրազի հաշվով կռվան ու բաժակմաժակ ջարդեցին», եւ ես ասացի՝ «անցած անգամ հետները չեմ էղել, բայց Արեշատը պատմել ա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «սրանից բեթար է՞ր», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էս անգամ հըլը չի պրծել», եւ ես ասացի՝ «հենց զուգարանից դուրս գան՝ կգնանք. էլ չենք նստի», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հովիկի արած էդ լավությունը քթիցս են հանելու», եւ ես ասացի՝ «Հովիկն ում հետ պարապում ա՝ ընդունվում են», եւ ինքը մտահոգ ասաց՝ «դրա համար էլ լեզուս էսքան կարճ ա», եւ ես ասացի՝ «Քոթոն էլ ա լավ տղա», եւ ինքը հարցրեց՝ «ո՞ր մեկը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էրկուսն էլ», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արեւշատից ոչ մի դժգոհություն չունեմ, բայց Հովիկի ախպոր հետ շատ ա գլուխ դնում ու քյալլա տալի», եւ ես ասացի՝ «Հովիկի ախպերն էլ ա կարգին տղա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «շատ մաքուր սիրտ ունի», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «սիրտը շատ մաքուր ա, բայց ամեն օր իմ կաֆեն ըսենց լավոտում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հավաքարարներս դրա ձեռը քաքն են ընկել», եւ ես հարցրի՝ «հավաքարարները բողոքո՞ւմ են», եւ ինքն ասաց՝ «ո՞նց ռիսկ կանեն բողոքեն. տենում են, չէ՞, որ հետներդ նստած՝ ըսենց ընկերական խոսում եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի Հովիկին ասեմ՝ ախպոր հետ մի հատ խոսա», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «ի՞նչ խոսա», եւ ես ասացի՝ «թող ախպորն ասի, որ սրանից հետո ձեր կաֆե ոտ չդնի», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «պետք չի. որ ասես՝ Հովիկն ինձնից ա նեղանալու», եւ ես ասացի՝ «ես ի՛մ անունից կասեմ», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էս չոբանն ախպորը կլսի՞ որ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինքը մենակ ախպորն ա լսում ու ենթարկվում», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու հառաչելով ասաց՝ «մինչեւ էրեխես էդ ինստիտուտն ավարտի՝ հոգիս դուս կգա», եւ ես ասացի՝ «վաղը որ լուրջ ըլնի՝ ես է՛լ մի հատ հետը կխոսամ», եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «ի՞նչ պիտի խոսաս», եւ ես ասացի՝ «կասեմ, որ բաժակմաժակ ջարդելն անշնորհքություն ա. կասեմ, որ էս ձեւով իրա ախպորը խայտառակ ա անում», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ ասես՝ կհասկանա՞», եւ ես ասացի՝ «հա. ինքը լուրջ վախտ լրիվ ուրիշ մարդ ա», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ահագին վախտ կըլնի՝ իրան լուրջ չեմ տեսել», եւ ես ասացի՝ «շատ էլ կարդացած ա», եւ Մաթեւոսյանը ժպտալով ասաց՝ «առավոտից իրիկուն որ խմում ա, էդ ե՞րբ ա կարդում», եւ ես ասացի՝ «համ լեզվից ա ուժեղ, համ էլ՝ գրականությունից», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «իրա ախպոր պես արագ ա խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ դրանց խոսացածից բան չի հասկանում», եւ ես ասացի՝ «էրկուսն էլ շատ արագ են խոսում», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «էրկուսն էլ խմող են», եւ ես ասացի՝ «Հովիկը որ չխմեր՝ շատ առաջ կգնար», եւ Մաթեւոսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դասախոս մարդ ա. դրանից ավել ի՞նչ պիտի դառնար», եւ ես ասացի՝ «ակադեմիկոս», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «Հովիկին սրա հետ չես համեմատի. էնի գոնե ամանչաման չի ջարդում», եւ ես ասացի՝ «էլ ըսենց բան չի կրկնվի, ընկեր Մաթեւոսյան», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «իրա տեղը որ ուրիշն ըլներ՝ քիթուբերանը կջարդեի», եւ ես ասացի՝ «պարզ ա», եւ Մաթեւոսյանը ձայնը ցածրացնելով ասաց՝ «էն վերջին սեղանի մոտ նստածներին տենո՞ւմ ես», եւ ես նայեցի ու ասացի՝ «հա», եւ ինքն ասաց՝ «էրկուսն էլ Կոնդի ամենաանունով տղերքից են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես որ ձեզ չմոտենայի, ձեր հետ ըսենց չնստեի, իրանք էին ձեզ մոտենալու», եւ ես հարցրի՝ «իրանք խի՞ պիտի մեզ մոտենային», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «որովհետեւ ձեզ շատ սխալ եք պահում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք որ ձեզ մոտենային, ձեր համար շատ վատ կըլներ», եւ ես ժպտալով ասացի՝ «էրկու Քոթոներն էլ արջի ուժ ունեն», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «ուժը կապ չունի» եւ մի քիչ մտածեց ու ցածրաձայն ավելացրեց՝ «մինչեւ քո էդ քոթոթները շշերը բարձրացնեին, դրանք իրանց դանակները հանած կըլնեին», եւ ես հարցրի՝ «խփող ե՞ն», եւ Մաթեւոսյանը ձայնն ավելի ցածրացնելով ասաց՝ «խփողը խփող են, բայց ձեր պես անշնորհք չեն. տես՝ ոնց են տեղները հանգիստ նստել», եւ ես նայեցի ու ասացի՝ «հա», եւ ինքը հարցրեց՝ «բայց գիտե՞ս՝ խի են հանգիստ նստած», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ ինձ հարգում են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց սրանից հետո կարող ա չհարգեն», եւ ես հարցրի՝ «խի՞ չպիտի հարգեն», եւ ինքն ասաց՝ «որ տենան դուք չեք հարգում, իրանք էլ չեն հարգի», եւ ես ասացի՝ «մենք ձեզ շատ ենք հարգում, ընկեր Մաթեւոսյան», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ չի զգացվում», եւ ես ասացի՝ «էլ ըսենց բան չի կրկնվի», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «դե լավ, էս խոսակցությունը փակենք. քոթոթները գալիս են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի քանի րոպե կնստեք ու վեր կկենաք», եւ ես ասացի՝ «էլ ի՞նչ նստել. հենց հիմի էլ դուրս կգանք», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուք գիտեք», եւ ես տեղիցս վեր կենալով մոտեցա Քոթոներին ու ասացի՝ «գնում ենք. էլ չենք նստում», եւ Արեւշատն ինձ հարցրեց՝ «բա Մաթեւոսյանին մնաս բարով չասե՞նք», եւ էդ պահին Մաթեւոսյանը մոտեցավ մեզ, եւ ես իրենց իրար հետ թողնելով՝ մտա զուգարան, բայց չկարողացա ներս մտնել, որովհետեւ զուգարանի հատակով մեկ Պետնանց Քոթոն իր ներսի ողջ մաղձը հետ էր տվել, ու ես անմիջապես վերադառնալով՝ տղերքին ասացի՝ «գնացինք», եւ Մրջանանց Քոթոն ինձ աչքով արեց ու Մաթեւոսյանին ասաց՝ «մենք գնանք, ընկեր Մաթեւոսյան», եւ Պետնանց Քոթոն Մաթեւոսյանին ասաց՝ «ավելպակաս ներող կըլնես, վենձ ախպեր», եւ Մաթեւոսյանն ասաց՝ «կարաս հաշվես, որ ոչ մի բան էլ չի էղել, Հենդո ջան», եւ չմոռանամ ասել, որ Մաթեւոսյանը Պետնանց Քոթոյի հանդեպ մշտապես ներողամիտ էր ո՛չ միայն էն պատճառով, որ Պետնանցի մեծ ախպեր Հովիկը Մաթեւոսյանի դստեր հետ ամբողջ վեց ամիս հայոց լեզու էր պարապել, այլեւ է՛ն պատճառով, որ էդ վեց ամսվա տասնհինգ օրերին Հովիկի հիվանդության պատճառով Պետնանց Քոթոն անձամբ էր Մաթեւոսյանի աղջկա հետ պարապել, ու երբ էդ իրիկուն էդքանից հետո երեքով Աբովյանով իջնում էինք դեպ հրապարակ, ես մտածում էի, որ Մաթեւոսյանի՝ բերնեբերան լիքը համբերության բաժակի եղածչեղածն էդ զուգարանի տեսարանից հետո մեկից կթափվի, եւ երբ կինո «Մոսկվայի» մատույցներում էդ մասին էի մտածում, Մրջանանցն ինձ հարցրեց՝ «էդ տուալետի վիճակը տեսա՞ր», եւ ես ասացի՝ «տեսա», եւ Մրջանանցն ականջիս շշնջալով ասաց՝ «հաստատ մտածել ես՝ Քոթոյի արածն ա», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ո՞ւմ արածն էր», եւ Արեւշատն ասաց՝ «մենք որ տուալետ մտանք՝ արդեն էդ վիճակն էր», եւ ես հարցրի՝ «հաստա՞տ», եւ Արեւշատը պատասխանեց ու ասաց՝ «հորս արեւ», եւ ես հարցրի՝ «բա էդքան վախտ զուգարանում ի՞նչ էիք անում», եւ Արեւշատն ասաց՝ «խմածներս էինք դուս տալի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «բայց՝ բնական ձեւով» եւ լրջանալով ասաց՝ «հորս արեւ, էդ հետ տվածների հետ մենք ոչ մի կապ չունենք», եւ ես ասացի՝ «դե լավ ա», եւ Մրջանանցն ասաց՝ «բայց Տոլմեն հաստատ մտածելու ա՝ մենք ենք արել», եւ ես ասացի՝ «հաստատ ըտենց կմտածի», եւ Մրջանանցն ասաց՝ «ես վաղը իրան կտենամ ու կբացատրեմ, որ մենք չենք արել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չի հավատա», եւ Մրջանանցը հարցրեց՝ «դու էլ չես հավատո՞ւմ», եւ ես ասացի՝ «ես հավատում եմ», եւ Մրջանանցը հարցրեց՝ «բա դու խի՞ ես հավատում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ երդում կերար», եւ Մրջանանցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մաթեւոսյանի մոտ էլ երդում կուտեմ», եւ էդ պահին «Երեւան» հյուրանոցն արդեն անցել էինք, ու Պետնանց Քոթոն մեր առաջն ընկած՝ երերալով գնում էր, եւ երբ մեր քայլերն արագացրինք, որ հասնենք իրեն, երկու ռուս աղջիկներ մոտեցան մեզ եւ նրանցից մեկն Արեւշատին հարցրեց՝ «նի պադսկաժիծե գձե զդեսՖ պայուշչիե ֆանտանի», եւ Արեւշատը, որ արդեն բանակ էր ծառայել, ընտիր ռուսերենով պատասխանեց ու ասաց՝ «մի տուդա յեձիմ. սլեդույծե նաս» եւ որոշ դադարից հետո հարցնողին հարցրեց՝ «ա կա՞կ վաս զավուտ», եւ հարցնողը ժպտալով ասաց՝ «էտը նի վաժնը», եւ ես երկրորդին հարցրի՝ «ա վա՞ս կակ զավուտ», եւ երկրորդը նույնպես ժպտալով ասաց՝ «տոժե նի վաժնը», ու էդ պահին արդեն Արշակյան Ազատի կուսակցության մոտերքում էինք, ու Պետնանց Քոթոն արդեն մեր տեսադաշտից անհետացել էր, եւ ես Արեւշատին ասացի՝ «հանկարծ Քոթոյին չկորցնենք», եւ Արեւշատն ասաց՝ «մենք որ իրար կորցնում ենք, հրապարակի պուլպուլակների մոտ ենք իրար սպասում», եւ երբ արդեն հրապարակի յոթ ցայտաղբյուրներին էինք հասել, Արեւշատը հրապարակի գունավոր շատրվանները ռուս աղջկերքին ցույց տալով ասաց՝ «վոտ ի վամ պայուշչիե ֆանտանի», եւ Պետնանցն իսկապես յոթ աղբյուրների մոտ կանգնած էր, ու էդ պահին հրապարակով մեկ Ռուբեն Մաթեւոսյանի «Բարի արագիլն» էր հնչում, եւ Արեւշատն արդեն իր կողմինին գրեթե թեւանցուկ էր, եւ իմ կողմինն արդեն իր անունն ինձ ասել էր, եւ չնայած հիմա անունը չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ ցայտաղբյուրների մոտ կանգնած Պետնանց Քոթոն սեւեռուն ու ատելությամբ չորսիս էր նայում՝ իր ավելորդ լինելը երեւի ըմբռնելով ու գիտակցելով, եւ, բացի այդ, պիտի նաեւ ասեմ, որ Պետնանց Քոթոն հիվանդագին աստիճանի բարոյական անձնավորություն էր, եւ իր բարոյական պատկերացումները մեզ ատելությամբ նայելու հիմնավոր պատճառ էին, եւ մինչ ինքն անսահման ատելությամբ չորսիս կնայեր, Ռուբեն Մաթեւոսյանը չափազանց բարձր նոտա վերցրեց, եւ նրա աղաղակը սավառնեց հրապարակով մեկ, ու հենց էդ պահին ցայտաղբյուրների մոտ կանգնած Պետնանց Քոթոն, որ շարունակում էր ատելությամբ լեցուն իր հայացքը մեզ վրա պահել, հանկարծակի ու կտրուկ ձեռքերը բարձրացրեց եւ աղաղակեց՝ «ժողովո՜ւրդ, լսե՜ք. Էնրիկո Կառուզո՛ն է երգում», եւ ցայտաղբյուրների մոտերքում կանգնածները զարմացած նայեցին Պետնանցին, ու մեր հետի ռուս աղջիկներն էլ զարմացած նայեցին Պետնանցին, եւ իմ հետինն ինձ հարցրեց՝ «շտո՞ կրիչիտ էտըտ մուժչինա», եւ ես պատասխանեցի ասացի՝ «գավարիտ, շտո Էնրիկո Կառուզո պայոտ», եւ ինքը զարմացած ասաց՝ «նո գոլոս սավսեմ դռուգոյ», եւ Արեւշատը մեր խոսակցությանը խառնվելով ասաց՝ «էտը արմյանսկի Կառուզո՝ Ռուբեն Մաթեւոսյան», եւ իմ հետինը ծիծաղելով ասաց՝ «էտը սավսեմ դռուգոյ ռազգավոր», եւ էդ ամբողջ ժամանակ Պետնանցը շարունակում էր ատելությամբ մեզ նայել, եւ երբ Ռուբեն Մաթեւոսյանը վերստին չափազանց բարձր տոնայնություն վերցրեց, Պետնանցը վերստին ձեռքերը վեր բարձրացնելով աղաղակեց՝ «ժողովո՜ւրդ, պապանձվե՜ք. Էնրիկո Կառուզո՜ն է երգում», եւ Պետնանց Քոթոյի էս երկրորդ աղաղակն առավել հնչեղ էր, ու էս անգամ արդեն շատրվանի մոտերքի ժողովուրդն էլ շրջվեց ու պուլպուլակների կողմ նայեց, եւ մինչ Պետնանցը կշարունակեր ատելությամբ ու սեւեռուն մեզ նայել, հանկարծ հայտնվեցին չորս թե հինգ միլիցիոներներ եւ Պետնանցի թեւերը բռնելով՝ տարան Պատկերասրահի կողմը, եւ, բնականաբար, ես ու Մրջանանցը ռուս աղջկերքին լքելով՝ Պատկերասրահի կամարների տակով վազեցինք միլիցիոներների ու Պետնանցի ուղղությամբ, եւ չնայած Պետնանցին մանավանդ խմած վիճակում քարշ տալը հեշտ գործ չէր, չորս թե հինգ միլիցիոներները միասնաբար հաջողացրին էդ գործն անել:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել