Հայ երիտասարդները վերջ են դնում հայկական ավանդույթներին
Ժամանակն է, որ կարմիր խնձորի ավանդույթը մեր հասարակությունից վերանա: Շատ նորապսակների կարծիքով, այդ ավանդույթը նույնիսկ բռնություն է նրանց կամքին եւ պարտադրված կարմիր խնձոր տանելը, ի ապացույց կուսության, ամոթալի երեւույթ է:
Բազմաթիվ երիտասարդներ որոշել են կանանց տոնի առթիվ՝ Մարտի 8-ին վերջ դնել այդ ավանդույթին: Նրանք վաղը մի քանի կիլոգրամ կարմիր խնձորի «հուղարկավորություն» են կազմակերպելու՝ բառի բուն իմաստով: Նախ՝ մի երկու տեղից կկծմծեն խնձորը, հետո փոս կփորեն ու խնձորը կթաղեն հողի մեջ, որից հետո շիրմաքար ու ծաղիկներ կտեղադրվեն, բայց հոգեհաց, յոթ ու քառասունք չի լինելու:
Միջոցառման կազմակերպիչ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավարներից մեկի՝ Լառա Ահարոնյանի խոսքերով, այս սիմվոլիկ միջոցառումն ուղղված է ոչ թե այն բանին, որ մեր հասարակությունում այլեւս կույսեր չմնան, կամ դա ամոթ բան է, այլ՝ հենց ավանդույթին, քանի որ կինն ինքն է որոշում, մնա՞ կույս, թե՞ ոչ. «Մենք պայքարում ենք ավանդույթի դեմ, որ հանրայնացնում է կնոջ սեփական մարմինը եւ սեռականությունը: Պետք է ճնշում չդրվի կնոջ վրա, այսինքն՝ եթե ինքն անգամ ուզում է կույս չմնա, բայց ամեն ինչ պիտի անի, որ կույս լինի, նույնիսկ գնա այն բանին, որ վերականգնի կուսությունը, որպեսզի արդարացնի այդ քայլը: Մենք սրա դեմ ենք: Քո սեռականությունը քո իրավունքն է, ոնց ուզում՝ ապրում ես, ոչ մեկը իրավունք չունի ասելու այսպես կամ այնպես է լինելու»: Հ/կ-ի ներկայացուցչի կարծիքով՝ այս կարմիր խնձորի ավանդույթն ավելի արմատավորված է մարզերում, իսկ Երեւանում կույս չլինելուն համեմատաբար ավելի թեթեւ են նայում. «Մեր հանդիպումներից պարզել ենք, որ երեւանցի շատ աղջիկների համար դա այլեւս հարց չէ, իսկ մարզերում կան աղջիկներ, որ ասում են՝ վայ, ի՞նչ է լինելու կամ ի՞նչ եմ անելու, որ էլ կույս չեմ եւ այլն»: Նշենք, որ այս միջոցառումը կազմակերպվում է կանանց միամսյակի շրջանակներում եւ բացի կարմիր խնձորի «հուղարկավորումից», լինելու են մի շարք այլ միջոցառումներ: Մարտի 8-ին կանայք կարիք ունեն ոչ միայն ծաղիկների, այլեւ հավասար իրավունքների, հնարավորությունների եւ բռնությունից զերծ կյանքի. այս խոսքերով է մեկնարկելու «հուղարկավորումը»:
Այս միջոցառմանն ավելի բուռն ու ողջույնով են արձագանքել տարբեր վեբկայքերում գրանցված «բլոգերները»: Պարզվում է, մի շարք տղամարդիկ նույնիսկ առաջարկել են մասնակցել խնձորի թաղմանը՝ ոչ միայն խնձոր կծմծելով, այլ նույնիսկ օրը ցերեկով կուսաթաղանթի պատռում իրականացնել: Մեկ այլ երիտասարդ էլ գրել էր. «Վաղուց էր պետք նման բան կազմակերպել, եւ ժամանակն է վերջ դնել ավանդույթին: Իսկ աղջիկներին ու տղաներին էլ թողեք առողջ ապրեն, առողջ սեքս անեն»: Որոշ բլոգերների խոսքերով էլ՝ վերջապես իրականացավ շատերի երազանքը: Իսկ որոշներն էլ նույնիսկ պատրաստակամություն էին հայտնել մի քանի խնձոր տանել եւ ինքնուրույն թաղել, կամ հաշվել, թե Հայաստանում քանի կույս կա, եւ յուրաքանչյուրի պատվին մեկական կծած խնձոր թաղել: