Ինչ են նվիրում սիրելի կանանց հայտնի տղամարդիկ
Հավանաբար քչերը գիտեն, որ դեռ Հին Հռոմում նշում էին կանանց տոնը: Այդ օրը բոլոր կանայք (բացի ստրկուհիներից) նվերներ էին ստանում իրենց սիրելի տղամարդկանցից, շրջապատված լինում սիրով եւ ուշադրությամբ: Իսկ շատ տարիներ անց, կոնկրետ, 1857թ. մարտի 8-ին, կանայք Նյու Յորքում ըմբոստացան եւ որոշեցին պայքարել իրենց ազատության, ցածր աշխատավարձերի եւ այլնի դեմ: 1910-ին էլ Կոպենհագենում՝ կանանց միջազգային կոնֆերանսում Կլարա Ցետկինն առաջարկեց այդ օրը հայտարարել կանանց միջազգային օրը: Հստակ չգիտենք, Հայաստանում այդ տոնը կոնկրետ որ թվականից է նշվել, ամեն դեպքում հին հռոմեացի կանանց բախտը վաղուց է բերել: Այնպես որ, հայ տղամարդիկ պարտք են կանանց, որովհետեւ ինչքա՜ն մարտի 8-եր են հոսել, ու հայուհիներն ինչքան քնքշանք ու նվերներ չեն ստացել նրանցից: Իսկ թե ինչ են այսօր հայ հայտնի տղամարդիկ նվիրում իրենց սիրելիներին ու ինչ անակնկալներ մատուցում՝ կներկայացնենք ստորեւ:
Մարքսիստ Դավիթ Հակոբյան. «Քաղաքական գործչի՝ միայն սիրտն է պատկանում կանանց, մնացած ամեն ինչը պատկանում է քաղաքականությանը: Կանանց նվերներ տալ Մարտի 8-ի կամ ծննդյան տոների կապակցությամբ՝ չեմ սիրում: Իմ հոգեկերտվածքը տարբերվում է ուրիշներից նրանով, որ կանանց՝ կլինի դա կին, դուստր, թե քաղաքական զինակից կամ կոլեգա՝ սիրում եմ նվիրել հավատարմությունս, այլ ոչ թե դարչոյական ծաղիկներ, որովհետեւ ամենաթանկ կապիտալը դա պատեհապաշտ առիթներով որեւէ ընծաներով կանանց խաբելը չէ»: Դ. Հակոբյանի համոզմամբ, կանանց տոնին տղամարդը պետք է սիրել եւ կարեկցել իմանա, նրան նվիրի առաջին հերթին իր հոգին եւ, որ ամենակարեւորն է. «Պետք է հավատարիմ լինել բոլոր տեսակի կանանց, որովհետեւ հայ տղամարդու մեջ ամենամեծ թերությունը՝ նվիրվածության ու հավատարմության պակասն է: Այսօր, դժբախտաբար, դոնժուանությունն առաջին պլանի վրա է, եւ ավելի շատ այդ նվիրատվությունը դոնժուանական էլեմենտ եմ համարում: Բայց ես եթե կին ընկերներիս կամ կնոջս նվերներ եմ անում, առաջին պլանին՝ հավատարմությունն է լինում: Այսպես, թե այնպես, հայ տղամարդուն պակասում է նվիրվածությունն ու հավատարմությունը, եւ նրանք ժամանակ առ ժամանակ ուզում են իրենց հոգատարությունը այդ կեղծ մասունքներով ցուցադրել: Իսկ ես ցուցամոլություն չեմ սիրում, կնոջը պետք է կլոր տարին հարգել, սիրել, գուրգուրել, որովհետեւ, ամեն դեպքում, առանց սիրո՝ տղամարդու հոգեկերտվածքը նման է բարբարոսի հոգեկերտվածքի, անտաշ հոգեկերտվածքի, եւ միշտ հոգու մաղձն ու նենգությունը, նաեւ հոգու մնացած բոլոր արատները փարատում են միայն կնոջ նկատմամբ սերն ու նվիրվածությունը»: Դ. Հակոբյանը որպես մաղթանք ասաց. «Ես մաղթում եմ հայ կնոջը արժանապատիվ կյանք, այսինքն՝ կնոջը զանազան կենցաղային հոգսերով, ընտանեկան բեռներով չծանրաբեռնել, որպեսզի նա կին մնա իր կանացիությամբ, որպես ընտանիքի զարդ: Այսօր ամբողջ երկրի հոգսը, հատկապես ընտանիքինը՝ ծանրացած է հայ կնոջ վրա, իսկ այսպիսի պայմաններում հայ կինը կորցնում է իր կանացիությունը, կոպտանում ու գռեհկանում է, ինչն էլ վատ հետեւանքներ կարող է թողնել: Հայ կանանց ցանկանում եմ արժանապատիվ կյանք եւ երջանկություն, եւ որ աշխարհի բոլոր կանանց նման նրանք էլ լինեն առաջավոր դերում: Մեր հայ կինը մնացած ազգերի կանանցից տարբերվում է իր հեզությամբ, խոնարհությամբ, ընտանիքի նկատմամբ հավատարմությամբ, եւ ի հակառակ սլավոնական կանանց՝ նա իմպերատիվություն չունի ու բոլոր հոգսերը տանում է իր ուսերի վրա, այնպես որ, ես հայ կնոջը բոլոր ազգերի կանանց մեջ ունիկալ տիպի կին եմ դասում: Տղամարդկանց ուզում եմ հիշեցնել, որ ժամանակն է հարգել հայ կանանց՝ կլինի դա կոլեգա, զինակից, թե դուստր… Միայն այդ պայմաններում նրանք կարող են երազել քաղաքակիրթ կյանքի մասին, որովհետեւ բարբարոսությունն այսօր ուղղակի խեղդում է հայ կնոջը»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան. «Մարտի 8-ն ինձ համար յուրօրինակ է նրանով, որ ինքս մարտի 8-ի ծնունդ եմ, ու շատ դեպքերում նաեւ ինձ են նվերներ անում: Ինչ վերաբերում է կնոջս կամ դստերս՝ կանանց միամսյակին նվերներ պատրաստելուն, ասեմ, որ նվերների առումով համակարգված մոտեցում չունեմ: Նվերը պետք է իմպրովիզացիա լինի, դու էլ չպետք է իմանաս, թե ինչ նվեր ես անելու: Մտահղացումը պետք է ծնվի անսպասելի, էքսպրոմտ: Դա կարող է պարզապես ծաղիկ լինել, կամ հրավեր՝՝ ինչ-որ տեղ միասին նշելու տոնը»:
Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյան. «Նվերներ անելու տեսակետից ես գուցե թերանում եմ: Ավելի ճիշտ, չեմ սիրում անձամբ նվեր պատրաստել, ուղղակի գումարը տալիս եմ, որ իրենց սրտով նվեր գնեն: Բանն այն է, որ ես խանութ հասկացությունը տանել չեմ կարողանում: Չնայած եղել են դեպքեր, որ կնոջս համար ես եմ նվեր գնել: Այ, թոռնիկներիս պարագայում ամեն ինչ այլ է, երբ որեւէ տեղից վերադառնում եմ, անպայման նրանց համար ինչ-որ բան բերում եմ»:
«ՎիվաՍելլ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան. «Մենք մեր աշխատակից կանանց եւ աղջիկներին անակնկալ ենք մատուցելու: Ինչ վերաբերում է կնոջս ու աղջկաս, ապա ասեմ, որ ամեն տարի ծաղիկներ եմ նվիրում՝ վարդեր կամ վարդակակաչ: Ես շատ եմ սիրում կարմիր ու սպիտակ վարդակակաչները: Երբեմն մեծ փունջ եմ նվիրում, երբեմն՝ մեկ հատիկ: Պատահում է նաեւ, որ շատ ծաղիկների դեպքում՝ մինչ իմ տուն գնալն եմ ուղարկում, իսկ երեկոյան գնում տուն ու ստուգում կնոջս ռեակցիան, իսկ երբ մեկ հատիկ է լինում՝ ինքս եմ տանում: Ասեմ նաեւ, որ երբ մեծ ծաղկեփունջ եմ ուղարկում կնոջս, անպայման դրանից մի քիչ փոքրն էլ ուղարկում եմ աղջկաս, ու քանի որ մեր տղան դեռ 4 տարեկան է, եւ որպեսզի նա չվիրավորվի, որ իրեն նվեր չունի, նրան էլ մի փոքրիկ նվեր եմ ուղարկում խաղալիքի տեսքով: Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել, թե այս տարի ինչ նվեր եմ անելու կնոջս ու աղջկաս, որովհետեւ հնարավոր է, որ այդ օրը կնոջս հետ արտասահմանում լինենք: Եթե այնտեղ լինենք՝ մի բան կմտածեմ ու այնտեղ անպայման անակնկալ կմատուցեմ, բայց երբ վերադառնանք՝ աղջկաս նույնպես շնորհավորելու եմ կամ գուցե նախքան գնալս այդ գործը վստահեմ ծանոթներիս: Չնայած կարծում եմ, որ ընտանիքի անդամին ոչ թե պետք է փորձեմ ուրիշ մարդկանց միջոցով նվեր անել, այլ ես ինքս»: Իսկ թե ի՞նչ է սիրում, ծաղիկներից բացի, նվիրել պարոն Յիրիկյանը, նշեց. «Մարտի 8-ին սովորաբար ծաղիկներ եմ նվիրում: Իսկ ընդհանրապես կանանց տոների առիթով ես չեմ նվերներ ընտրում: Այդ գործը վստահում եմ կնոջս՝ Արմիկին, որովհետեւ նա այդ գործերից ավելի լավ է հասկանում եւ, կարծում եմ, կինը կնոջ համար ավելի հեշտությամբ նվեր կընտրի, քան տղամարդը: Կանայք ավելի խորն են մտածում ու նուրբ են վերաբերվում նաեւ այդ հարցերին: Երբ ինչ-որ մեկին նվեր պետք է գնենք՝ կինս ինձ միշտ հարցնում է, թե ինչ նվեր ընտրի, բայց, միեւնույն է, գնում է այն, ինչն ինքն է հավանել: Ես երբեմն նաեւ կատակում եմ. որ հարց ես տալիս՝ ասա նաեւ ինչ պատասխան ես ուզում լսել, որ ես հենց դա ասեմ: Մի խոսքով, երբ ինչ-որ նվեր պետք է գնենք՝ դա անում է կինս»: Պարոն Յիրիկյանից հետաքրքրվեցինք, թե կյանքում կնոջը նվիրած ամենատպավորիչ նվերը որն է եղել. «Համատեղ ապրած 16 տարվա ընթացքում կնոջս մի քանի անգամ մատանի եմ նվիրել, որոնք նա անչափ հավանել է ու մինչ օրս կրում է: Վերջերս էլ ծննդյան առիթով Կենտրոնական բանկի թողարկած հոբելյանական նմուշներից նվիրեցի, որի մի կողմը նրա հորոսկոպի նշանն էր, Արմիկը շատ էր հավանել ու ես հասկացա, որ ճիշտ նվեր եմ ընտրել»: Մյուս հարցին էլ՝ կանայք ավելի շատ սիրում են ճո՞խ նվերներ, Ռ. Յիրիկյանը պատասխանեց. «Կանայք շատ տարբեր են: Դա կախված է յուրաքանչյուր անձից: Կին կա, որ սիրում է շատ պարզ ու փոքրիկ մի բան, կին էլ կա, որ նվեր ընդհանրապես չի սիրում ու իր համար լավ ու բարի խոսքերն ամենալավ նվերն է, կան նաեւ այնպիսիները, որոնք ամենամեծն ու ամենաճոխն են սիրում, իսկ երբ նվերն այդպիսին չի լինում՝ նեղանում են…Դա կախված է յուրաքանչյուր կնոջ հոգեբանությունից, դաստիարակությունից, մտածելակերպից եւ այլն: Օրինակ, իմ կինն այս առումով շատ համեստ է, նա պարզ բաներ է սիրում ու միշտ ասում, թե այսքան շատ պետք չէ, թող փոքր լինի… նրա համար կարեւորն այն է, որ ես չեմ մոռացել այդ օրը: Կարծում եմ, երբ հիշում ես, դա արդեն մեծ նշանակություն ունի»: Հաջորդ հարցին՝ ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ նվերներ ստանալ, պատասխանեց. «Ընդհանրապես, ոչ միայն կանանց, այլեւ բոլորին սիրում եմ նվիրել, նվեր ստանալ չեմ սիրում: Ես սիրում եմ նվիրել, այսինքն՝ այնպիսի բան անել, որով կարելի է մարդուն ուրախացնել, նրա կյանքը թեկուզ կարճ ժամանակով լցնել ժպիտով, հաճելի պահերով: Երբ ինչ-որ մեկին կարողանում եմ թեկուզ մի օր, մի որոշ ժամանակ ուրախացնել, շատ հաճելի զգացողություններ եմ ունենում: Մարտի 8-ի հետ կապված՝ մեր հայ կանանց կցանկանամ ասել, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն մեր երեխաների դաստիարակությանը, որովհետեւ երեխային միայն ուտեցնելով, խմեցնելով կամ դաս սովորեցնելով չեն դաստիարակում: Երեխային պետք է հասկացնել, թե ինչ է սպորտը, արվեստը, ազգային ինքնությունն ու հայոց լեզուն, այսինքն՝ փոքր տարիքից պետք է երեխայի գիտակցության մեջ մտցնել այս ամենը, որն էլ հավերժ կմնա նրա մեջ: Այսօր մեր հայ կանանց ուսերին մեծ բեռ է դրված՝ հատկապես ընտանիքի հանդեպ ունեցած ամբողջ պատասխանատվությունն է շատ մեծ ու մենք ամեն տարի պետք է սիրով նշենք նրանց տոնը: Մեր կանանց խնդրում եմ, որ ավելի պահանջկոտ լինեն ու չվախենան իրենց կարծիքն արտահայտելուց»:
ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահբազյան. «Առանձնահատուկ նվերներ անելու սովորություն չունեմ, դրա մասին հատուկ չեմ մտածում: Բայց պատահում է, որ տոնական առիթներով խնջույք ենք սարքում, ուր անպակաս են տորթն ու շամպայնը, այսինքն՝ մի բան, որ կնոջս է դուր գալիս, ինձ՝ ոչ»:
«Արմենոիդս» երաժշտական նախագծի հիմնադիր եւ ղեկավար Էդգար Ռոստոմյան. «Ես շատ եմ սիրում ծաղիկներ նվիրել Մարտի 8-ին, բնականաբար՝ առաջին հերթին մորս, քրոջս եւ ընկերուհուս: Քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է սերը եւ վառ հիմքերի վրա դրված զգացմունքի հետ է ասոցացվում, հատկապես կարմիր վարդեր եմ սիրում նվիրել ինձ համար սիրելի եւ թանկ կանանց»: