Լրահոս
Օրվա լրահոսը

64 ՎԱՆԴԱԿ

Մարտ 07,2009 00:00

Մարտը Եվրոպայի համար իսկական շախմատային ամիս է: Խոշորագույն մրցաշարերն առանց ընդմիջման հաջորդում են միմյանց:

Արոնյանն այլեւս չի կարող հաղթող դառնալ

\"\"Լինարեսում ընթացող շախմատի գերմրցաշարում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներն այսօր 14-րդ տուրում խաղատախտակների առջեւ կնստեն վերջին անգամ: Հանդիպում են Արոնյանն ու Գրիշչուկը, Ռաջաբովն ու Վան Յուեն, Դոմինգեսն ու Իվանչուկը, Անանդն ու Կարլսենը:

Լեւոն Արոնյանն սպասվածից համեստ մրցելույթներ է ունենում: Չնայած նա, 12-րդ տուրից հետո 6,0 միավորով աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ բաժանում էր 4-5-րդ հորիզոնականները՝ մնացած երկու պարտիաներում մրցաշարային աղյուսակում ավելի վեր գտնվող մրցակիցներին շրջանցելու եւ անգամ պայքարն առաջին տեղով ավարտելու հույսեր դեռ պահպանում էր: Դրա համար նրանից պահանջվելու էր նախ երեկ՝ 13-րդ տուրում առավելության հասնել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ, որը 6,5-ական միավորով Մագնուս Կարլսենի հետ բաժանում էր 2-3-րդ տեղերը, իսկ այսօր հաղթել միանձնյա առաջատար, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

Սակայն մեր հայրենակիցը երեկ կրեց հերթական պարտությունը եւ ոչ միայն վերջնականապես զրկվեց հաղթող ճանաչվելու հեռանկարից, այլեւ կասկածի տակ դրեց անգամ մրցանակային տեղ գրավելը:

Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել:

1. Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ) 7,5 միավոր

2. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 7,5

3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 7,0

4. Վիշի Անանդ (Հնդկաստան) 6,5

5. Լեւոն Արոնյան (Հայաստան) 6,0

6. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 6,0

7. Վան Յուե (Չինաստան) 6,0

8. Լեյնյեր Դոմինգես (Կուբա) 5,5:

Լինարեսին հրաժեշտ տալով՝ այս մրցաշարի վեց մասնակիցներ, բացի Ալեքսանդր Գրիշչուկից եւ Լեյնյեր Դոմինգեսից, կմեկնեն Ֆրանսիա: Նիս քաղաքում մարտի 14-26-ը 18-րդ անգամ կայանալու է «կույր» եւ «արագ» շախմատների «Amber» անվանումը կրող ավանդական գերմրցաշարը, որի կազմն ավելի հզոր է: Վերոնշյալ գրոսմայստերներին Ֆրանսիայում միանալու են բուլղարացի Վեսելին Տոպալովը, ամերիկացի Գատա Կամսկին, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը, հունգարացի Պետեր Լեկոն եւ ուկրաինացի Սերգեյ Կարյակինը:

Որոշում են Եվրոպայի չեմպիոնին

\"\"Երեկ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 10-րդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են 35 երկրների 317 շախմատիստներ (143-ը կրում է միջազգային գրոսմայստերի կոչում):

Եվրոպայի տղամարդկանց այս անհատական առաջնությունը, եթե նկատի ունենանք, որ աշխարհի ներկայիս գործող ուժեղագույն գրոսմայստերների ճնշող մեծամասնությունը հենց Հին աշխարհամասից են, անգամ «Amber»-ի պատճառով բացակայողների պարագայում էլ շատ բարձր վարկանիշ ունի:

Արդեն տեղեկացրել ենք, որ Բուդվայում մեր հանրապետությունը ներկայացնում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, որն իր անհատական գործակցով՝ 2700 միավոր, երկրորդն է, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը եւ միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը: Չեռնոգորիայում պայքարն ընթանում է ոչ միայն Եվրոպայի 2009/2010 թթ. չեմպիոնին որոշելու համար, այլեւ խաղարկվում է աշխարհի գավաթի խաղարկության 22 ուղեգրերի համար:

Առաջին տուրում մեր շախմատիստների մրցակիցներն էին:

Զորան Արսովիչ (Սերբիա)- Վլադիմիր Հակոբյան

Բորիս Գոլուբովիչ (Խորվաթիա)-Տիգրան Պետրոսյան

Մուսթաֆա Յիլմազ (Թուրքիա)-Արման Փաշիկյան

Մարիոս Տասսոպուլոս (Հունաստան)-Տիգրան Քոթանջյան

Զավեն Անդրիասյան-Ռոբերտ Վելեսկի (Մակեդոնիա)

Իվան Սոկոլով (Հոլանդիա)-Արթուր Չիբուխչյան:

Առաջնության պաշտոնական կայքում սկզբում բացակայում էր Արտաշես Մինասյանի անունը: Սակայն արդեն գիշերը՝ տուրի ավարտից հետո, «Chess-results» կայքը հայ գրոսմայստերի անունը գրանցել էր հաղթողների ցուցակում: Մեկ միավոր վաստակել էին նաեւ Հակոբյանը, Քոթանջյանը, Անդրիասյանը: Փաշիկյանն իր անվան դիմաց գրանցել էր կես միավոր, իսկ Չիբուխչյանն ու Պետրոսյանը պարտություն էին կրել:

Շախմատային վիճակագիրներին հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 2004 եւ 2005 թվականներին դարձել է Եվրոպայի անհատական առաջնության երրորդ մրցանակակիր:

 

12-ը նախընտրել են ՖԻԴԵ-ի «Գրան պրին»

Այսօր Ստամբուլում մեկնարկում է շախմատի կանանց «Գրան Պրի» մրցաշարը, որն անցկացվում է առաջին անգամ:

ՖԻԴԵ-ի այս մրցաշարի առաջին փուլում հանդես են գալիս 12 շախմատիստուհիներ՝ Հումպի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Չժաո Սյուեն, Շեն Յանը (բոլորն էլ՝ Չինաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Մարի Սեբագը (Ֆրանսիա), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Զեյնաբ Մամեդյարովան (Ադրբեջան), Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա), Մարթա Լորենա Ֆյերրոն (Էկվադոր):

Հաղթողին որոշելու համար մասնակիցները շրջանաձեւ մրցակարգով անցկացնելու են 11 տուր: Մրցաշարում սահմանված են հետեւյալ նորմերը. տղամարդկանց գրոսմայստերի՝ 7,5 միավոր, տղամարդկանց միջազգային վարպետի՝ 5,0, կանանց գրոսմայստերի՝ 4,5:

Ո՞վ կդառնա Եվրոպայի չեմպիոնուհի

Ստացվել է այնպես, որ Եվրոպայի առաջատար շախմատիստուհիները Հին աշխարհամասի 10-րդ անհատական առաջնությունում չեմպիոնության համար պայքարն սկսում են մարտի 8-ին: «Առավոտը» 174 մասնակիցներին շնորհավորում է կանանց տոնի առթիվ եւ, բնականաբար, առաջին հերթին հաջողություն մաղթում մեր հանրապետության ներկայացուցիչներին՝ Լիլիթ Մկրտչյանին, Նելլի Աղինյանին, Լիլիթ Գալոյանին, Սիրանուշ Անդրիասյանին եւ Աննա Հայրապետյանին:

Պատանիները շարունակում են պայքարը

Մայրաքաղաքի օլիմպիական հերթափոխի քոլեջում շարունակվում է ծանրամարտի հանրապետության պատանեկան առաջնությունը՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակին:

Երեկ մարզական քոլեջի մրցահարթակում որոշվեցին եւս երկու քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները:

Մինչեւ 62 կգ քաշայինների պայքարին մասնակցում էր 20 ծանրորդ: Առաջին տեղը գրավեց Արարատի մարզի Տաթերական գյուղի ներկայացուցիչ Վլադիկ Կարապետյանը՝ երկամարտում ցույց տալով 226 կիլոգրամ: Նրան 218 կգ-ով հաջորդեց Արարատ քաղաքի բնակիչ Մովսես Հարությունյանը, իսկ առաջատարների եռյակը եզրափակեց սամաղարցի Կնյազ Վարդանյանը՝ 209 կիլոգրամ:

Այնուհետեւ ասպարեզը տրամադրվեց 69 կգ քաշային կարգում հայտավորված 19 մարզիկներին: Այստեղ երկամարտի արդյունքով մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն ցույց տվեց գյումրեցի Րաֆֆի Մելիքյանը՝ 272 կիլոգրամ: Նրանից ամբողջ 26 կգ պակաս բարձրացրեց երկրորդը ճանաչված Գոռ Մարգարյանը (գյուղ Բաղրամյան)՝ 246 կգ, իսկ վանաձորցի Ավետիս Լենտյանը 245 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել