ՆՎԻՐՎԱԾ՝ ՏՈՆԻՆ
Հայաստանի նկարիչների միությունում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կբացվի նոր ցուցահանդես: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Նկարիչների միության ցուցահանդեսների կազմակերպիչ Անահիտ Նազարյանը, միության բազմամասնագիտական խումբը՝ ժյուրին, նախօրոք հայտարարած մրցույթի հիման վրա ընտրել է այն ստեղծագործողների աշխատանքները, որոնք կներկայացվեն ցուցահանդեսին: Նա նշեց, որ չնայած ցուցահանդեսը նվիրված է Մարտի 8-ին, սակայն թեմատիկ չի լինի: Կներկայացվի 150-ից ավելի ստեղծագործություն՝ գեղանկարներ, գունանկարներ, բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ ստեղծագործություններ: Ցուցահանդեսում շատ են երիտասարդ նկարիչների աշխատանքները:
Իսկ մայրաքաղաքում կմեկնարկի նաեւ տոնական հեծանվաերթ: Ընդ որում, իգական սեռի ներկայացուցիչներին հեծանիվներ կտրամադրվեն անվճար: Հեծանվաերթի մասնակիցները կշրջեն Երեւանի փողոցներով ու անցորդներին կբաժանեն ծաղկի տեսքով աֆորիզմներ:
ԹԱՏՐՈՆԸ ՆԿԱՏԻ ՉՈՒՆԵՐ
«Առավոտի» մարտի 5-ի համարում տպագրված «Նախ մեր միջի վիշապից ձերբազատվենք» հոդվածից հետո խմբագրություն զանգեց բեմադրիչ Կարեն Խաչատրյանը եւ հայտնեց, որ իր՝ «Ո՛չ, չեմ թողել որեւէ մեկն իր կեղտոտ կոշիկներով մտնի սրա մեջ: Ասել եմ՝ ես բեմադրությունը կա՛մ անում եմ, ինչպես ուզում եմ, կա՛մ չեմ անում ընդհանրապես» միտքը վերաբերում է ոչ թե թատրոնի ղեկավարությանը, այլ դրսի միջամտություններին:
ՀԵՌԱՆՈՒՄ Է, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, որն այս տարի կտոնի իր ծննդյան 60-ամյակը, այլեւս վերջակետ է դնելու իր համերգային գործունեությանը, տեղեկանում ենք newsru.com-ից: Մոսկվայում կայացած ասուլիսում նա հայտարարել է, որ իր արտիստական կարիերային վերջ կդնի «Ապրիլից ապրիլ» խորագիրը կրող համերգաշարից հետո: Երգչուհին «Ինտերֆաքսին» ասել է, որ չի պատրաստվում բեմը համբուրել հրաժեշտից առաջ, ոչ էլ պաթոսով խոսք հղել իր բազմաթիվ երկրպագուներին: Նրա հեռանալու պատճառները մի քանիսն են. նախ առողջական վիճակը: «Սիրտս թույլ չի տալիս, որ ինքնաթիռներով ու նավերով այստեղ-այնտեղ ճամփորդեմ, եւ հետո բազմաթիվ վիրահատությունների արդյունքում ձայնս փոքր-ինչ «նստել» է ու այդ պատճառով չեմ կարողանում ելույթի ժամանակ իմ ուզած հույզերն ու ինտոնացիաներն արտահայտել,- ասել է լեգենդար Ալլան՝ հավելելով,- երգչուհի Ալլան գնում է, բայց գալիս է ուրիշ Ալլա: Ես աշխատում եմ «Ալլա» ռադիոկայանում, հեռուստատեսությունում, թատրոնում, կինոյում: Այնպես որ, գործ շատ կա՝ ձեռքերս ծալած չեմ նստի»:
Հրաժեշտին ընդառաջ՝ Ալլա Պուգաչովան տպագրել է նաեւ «Ալլա-արտ» խորագրով նկարազարդ ալբոմ՝ նվիրված իր բեմական գործունեությանը: Ալբոմը բաղկացած է 240 էջից, այնտեղ զետեղված են 191 բացառիկ լուսանկարներ, այդ թվում Երեւանի «Հրազդան» մարզադաշտում 1984 թ. կայացած իր համերգից:
70-ԱՄՅԱ ՄԱՅՐԻԿԸ
Հնդկաստանի հյուսիսում մի 70 տարեկան կին ունեցել է իր առաջնեկին, գրում է The Guardian-ը: Ըստ թերթի, նորածինը բոլորովին առողջ աղջիկ է: Լրագրողներին հաջողվել է հարցազրույց վերցնել աշխարհի ամենածեր մայրիկից: Նա ասել է, որ ինքն ու 72-ամյա ամուսինը փոքրիկին սպասել են շուրջ 40 տարի եւ հիմա վերջապես երջանիկ են:
ՄԻԿԻ ՌՈՒՐՔԸ՝ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ
Աշխարհահռչակ դերասաններ Միկի Ռուրքն ու Վենսան Կասելը կխաղան Պաուլո Կոելյոյի «11 րոպե» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմում: Ըստ Variety.-ի, Ռուրքին, որը ավելի քան 20 տարի առաջ նկարահանվեց «Ինն ու կես շաբաթ» կլասիկ էրոտիկ ֆիլմում, բաժին է հասել ակումբի տիրոջ դերը: Գլխավոր հերոսուհուն, որին դավել էր առաջին տղամարդը, եւ որից հետո ինքը վերածվել էր «թանկանոց» մարմնավաճառի, մարմնավորելու է Էլիս Բրագան: Նշենք, որ ֆիլմի ռեժիսորն է Խանի Աբբու Ասադը՝ «Դրախտը՝ այսօր» կինոաշխատանքի հեղինակը, իսկ պրոդյուսերն է Ջանի Նուրանին: «11 րոպեի» նկարահանումները կսկսվեն հունիսի 1-ից: