Ասում է Ռուսաստանում սովորող հայ ուսանողը
Քույրեր Լուսինե եւ Աննա Շմավոնյանները արդեն 15 տարի ապրում են Մոսկվայում: Այստեղ են նրանք ավարտել դպրոցը, իսկ հիմա էլ սովորում են Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանում: Նրանց պատմածներից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանում եւ Հայաստանում սովորող հայ ուսանողների կյանքը գրեթե չի տարբերվում: «Դասերից հետո հայերով հավաքվում ենք, գնում բուֆետ ու զրուցում, տոներին էլ միշտ հայավարի քեֆ ենք անում, աշխատում ենք հեռու մնալ դիսկոտեկներից եւ նմանատիպ ժամանցային վայրերից»,- ասում է Աննան: Որքան էլ զարմանալի լինի, հայ երիտասարդները քիչ են շփվում ռուսների հետ: Նույն բուհի ուսանող Խորեն Հարությունյանն ասում է, որ ռուս տղաների մեջ քիչ են լավերը. «90%-ը լոխ են, ոչ տղություն ունեն, ոչ ջիգյար: Չնայած չեն ուզում ցույց տալ, բայց վախենում են մեզնից ու հենց դրա համար էլ չեն սիրում մեզ»: Իսկ քույրերը պատմում են, որ երբ կուրսով երեկո են կազմակերպում, իրենք երբեք չեն գնում. «Ռուսների հավաքույթը մի բան է միայն նշանակում. նրանք պետք ա խմեն, իսկ հետո էլ…»: Բայց համակուրսեցիների հետ շատ լավ հարաբերությունների մեջ են, հազվադեպ է պատահում, որ վեճի մեջ ընկնեն: «Մենք հիմնականում աշխատում ենք հեռու մնալ թուրքերից ու ադրբեջանցիներից, ընդհանրապես կռիվներ լինում են հիմնականում կովկասցիների միջեւ, երբ, օրինակ, հայերից մեկը որեւիցե միջոցառմանը հայտնվում է՝ Ղարաբաղի դրոշը ձեռքին, ադրբեջանցիները սկսում են վանկարկել, որ Ղարաբաղը իրենցն է, մենք էլ, թե՝ մերը»,- ասում է Լուսինեն:
Խորենը պատմում է, որ ինքը թուրք ու ադրբեջանցի շատ ծանոթներ ունի, բայց հազվադեպ են ազգային հարցերով վիճում: «Մեկ-մեկ համալսարանում, Ղարաբաղի հարցի հետ կապված, կռիվներ լինում են: Իսկ եթե ռուսների հետ ա կռիվ լինում, մյուս բոլոր ազգերով իրար մեջքի ենք կանգնում՝ մենք էլ, ադրբեջանցիներն էլ, մյուս կովկասցիներն էլ»,- հավաստիացնում է նա: Լուսինեն նշում է, որ իրենք հազվադեպ են խնդիրներ ունենում համալսարանում միայն այն պատճառով, որ հայ են. «Ուղղակի կան դասախոսներ, ովքեր չեն սիրում այլազգի ուսանողներին եւ քննությունների ժամանակ բարդություններ են ստեղծում, բայց դե ամեն հարց էլ ի վերջո լուծվում ա»:
Ռուսաստանի պետական կառավարման համալսարանի ուսանող Դենիս Պուկինը ասում է, որ ինքը նորմալ է վերաբերվում այլազգիներին, նաեւ հայերին. «Հայ աղջիկները համակրելի են, իսկ տղաների վերաբերյալ կասեմ հետեւյալը. եւ ռուսների, եւ հայերի մեջ լավերն էլ կան, վատերն էլ, ուղղակի պետք է կարողանալ ընտրել ընկերներին»:
Ռուս աղջիկները լավ կարծիք ունեն հայ տղաների մասին: Ուսանողուհի Ալյոնա Վոլկովան, որ սովորում է Մոսկվայի պետական տնտեսագիտական համալսարանում, ասում է, որ հայ տղաները լավ իմաստով տարբերվում են իրենց պահվածքով, մտածելակերպով, բայց հայ աղջիկների մասին մի փոքր այլ կարծիքի է. «Նրանք պարփակված են, մեզ հետ չեն գալիս ուրախանալու»:
Լուսինեն եւ Աննան ասում են, որ իրենք չեն ցանկանում ամուսնանալ այլազգի երիտասարդների հետ, չնայած հայրենիք վերադառնալու ցանկություն էլ առանձնապես չկա.«Ուզում ենք, որ մեր երեխաները մաքուր հայ լինեն, չնայած մեզ չենք պատկերացնում Հայաստանում»: Խորենն էլ ընտանիք կազմելու մասին իր հստակ պատկերացումը ունի. «Միայն հայ աղջկա հետ կամուսնանամ, ռուս աղջիկները լավն են ու մեր համար էլ գժվում են, բայց դե տուն բերելու մասին խոսք չի կարա լինի»: Սակայն նա էլ հայրենիք վերադառնալու միտք չունի, որովհետեւ լավ ապագայի հեռանկար չի տեսնում:
Չնայած այն բանին, որ հայ երիտասարդները չեն պատրաստվում վերադառնալ հայրենիք, սակայն ակտիվորեն մասնակցում են ամեն տարի բուհերում անցկացվող «Դրուժբա նարոդով» տոնին: Այդ օրը տարբեր ազգերի ներկայացուցիչներ փորձում են մյուսներին ծանոթացնել իրենց մշակույթի հետ: «Այս տարի գեղեցիկ սեղան էինք պատրաստել՝ ավանդական ուտելիքներով, մրգերով, չրեղենով, կոնյակով,- ասում է Աննան,- մեր ազգային երգերից ենք երգում ու պարում»:
Ըստ քույրիկների՝ արդեն մի քանի տարի է, ինչ ռեկտորատը իրենց խումբը լավագույնն է ճանաչում: Չնայած փոքրիկ հաղթանակ է, բայց, այնուամենայնիվ, ուրախացնում է: