Մուրմանսկի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլից առաջ քաղաքում ստեղծվել է լարված իրավիճակ. Կրեմլը եւ «Եդինայա Ռոսիան» պաշտպանում են իրենց թեկնածուին, իսկ նահանգապետ Եվդոկիմովը, դեմ գնալով իշխանությունների կամքին, որոշել է առաջ քաշել իր նախկին տեղակալին: «Սխալ թեկնածուին» սատարելու համար Կրեմլը, ըստ երեւույթին, որոշել է Եվդոկիմովին պաշտոնանկ անել: Ըստ newsru.com-ի, ՌԴ նախագահի աշխատակազմում ուղղակիորեն մեղադրում են Մուրմանսկի նահանգապետին՝ Արկտիկայում Ռուսաստանի շահերին դավաճանելու, ամերիկյան ինստիտուտների հետ համագործակցելու եւ ընդդիմադիր գործունեության համար գրանտներ վերցնելու մեջ: «Տպավորություն է ստեղծվում, որ նա պատրաստ է անջատել այդ մարզը Ռուսաստանից՝ հանձնելով այն սկանդինավներին եւ ամերիկացիներին»,- նշում են նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, հավելելով, որ Մուրմանսկի քաղաքապետի ընտրություններում փաստորեն բախվել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերը: Ըստ Կրեմլի մեղադրանքների՝ Եվդոկիմովի պաշտպանյալ թեկնածուն՝ Սերգեյ Սուբոտինը, ընտրություններին պատրաստվելիս չափից դուրս սերտ է համագործակցել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Օրերս ՌԴ նախագահ Մեդվեդեւը, դժգոհելով մարզում գործազրկության բարձր ցուցանիշներից, կոչ արեց «հավաքվել եւ որոշումներ ընդունել, ոչ թե՝ ֆռֆռալ արտասահմաններում եւ այնտեղ անցկացնել կոլեկտիվ արձակուրդներ»: Եվդոկիմովն իսկապես հաճախ էր լինում արտասահմանում եւ վերջին անգամ փետրվարի 23-27-ը գտնվում էր Նորվեգիայում, որտեղ մի շարք գործնական պայմանագրեր է ստորագրել: