Եվրամիությունը հորդորում է Վրաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել եւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հինգշաբթի երեկոյան Վրաստանի նորանշանակ վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Եվրամիությունը ցույց է տալիս, որ շարունակում է պատրաստակամ մնալ Վրաստանին քաղաքականապես եւ ֆինանսապես աջակցելու հարցում»,- հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ու ընդգծել, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստ է նաեւ «շտապ» ֆինանսական օգնություն տրամադրել Թբիլիսիին: Օժանդակության կոնկրետ ծավալների մասին չի հաղորդվում, սակայն պաշտոնական աղբյուրները նշում են, որ այժմ քննարկվում է Եվրամիության կողմից Վրաստանին հավելյալ $100 միլիոն տրամադրելու հնարավորությունը՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետեւանքները վերացնելու համար: «Եվրամիությունը ցանկանում է շարունակել ամուր քաղաքական եւ գործնական աջակցությունը Վրաստանին՝ նրա առջեւ կանգնած մի շարք լուրջ մարտահրավերները հաղթահարելու համար,- ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները եւ ընդգծել:- Մենք կշարունակենք, անշուշտ, աջակցությունը նաեւ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում»: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հավաստմամբ՝ պաշտոնական Բրյուսելը հաստատակամ է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցում: «Մենք չենք ընդունում այդ շրջանների անկախությունը, մեզ համար դրանք վրացական տարածքներ են, սակայն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ,- հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները:- Ամենակարեւորն այն է, որ Ժնեւում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կազմակերպվող բանակցություններում, համաձայնեցվեն նոր բախումներից խուսափելու եւ խնդիրը կարգավորելու մեխանիզմները: Սակայն, որքան ինձ հայտնի է, այդ նպատակը դեռեւս լիովին իրականացված չէ»: