Մնում է մի շերտ, որը «բարձր» գրականության կարդացող չէ, բայց, մյուս կողմից, սերիալային պարզամտություն չունի:
Վերջերս իմ կողմից խորապես հարգված գրող Հովհաննես Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ այսօր լայն տարածում ստացած սերիալների սցենարը գրելը պետք է լիներ գրողների գործը, սակայն զանգվածային լրատվության միջոցները, վարկաբեկելով Գրողների միությունը եւ գրողներին, այդպիսով չեզոքացրել են նրանց այս դաշտից, եւ այն զբաղեցրել են ոչ պրոֆեսիոնալները: Համաձայնելով այն մտքի հետ, որ սցենար իսկապես պետք է գրեն գրողները, այնուամենայնիվ, չեմ կարող պատկերացնել, որ գրողները անմասն են մնացել սերիալների սցենարները գրելու գործից՝ ԶԼՄ-ների դավադրության պատճառով: Գրողների միության անդամների մեծամասնությունն իրեն համարում է, այսպես կոչված, լուրջ, բարձր գրականության ներկայացուցիչ: Ուստի, այդ գրողների համար պատվից ցածր է՝ զբաղվել մասսայական գրականության ստեղծմամբ, ինչպիսին է նաեւ սերիալային գրականությունը: «Բարձր» գրականության ընթերցողը, նույնիսկ այնպիսի հսկայական երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, շատ փոքր շրջանակ է կազմում՝ խոսքը շուրջ 5000 տպաքանակի մասին է: Միեւնույն ժամանակ, այդ հինգ հազարի մեջ չմտնողների համար եւս ստեղծվում է գրականություն եւ այդ գրականությունը ավելի լավը կամ վատը չէ «բարձր» գրականությունից: Դա պարզապես այլ արտադրանք է՝ այլ ընթերցողների համար: Ու շատ կարեւոր է, որ «բարձր» գրականության ներկայացուցիչները ամբողջ աշխարհում չեն հավակնում միլիոնանոց տպաքանակների: Մեզանում լրիվ այլ պատկեր է: Գրողների մեծամասնությունը «բարձր» գրականություն ստեղծելու հավակնություններ է ցուցաբերում՝ միաժամանակ երազելով «զանգվածային» գրականության տպաքանակների մասին: Այդպես չի լինում: Եթե ուզում ես, որ քո գործերը կարդան բոլորը, բարի եղիր գրել բոլորի համար: Զուր չէ, որ երբ մի քանի տարի առաջ Հայաստան այցելեց Պաոլո Կոելյոն, հայ գրողների մի մասը քամահրանքով վերաբերվեց նրան, իբր թե՝ ինչ մի գրականություն է նա ստեղծում որ: Իհարկե, Կոելյոյի ստեղծածը այլ բան չէ, քան նույն «սերիալային» գրականությունը: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե դա կարդում են:
Գրողական «մեծամտության» պատճառով էլ մենք չունենք «զանգվածային» գրականություն: Եվ այդ բացը ամբողջությամբ ծածկում են սերիալները: Այնինչ, սերիալները առօրյայի ներկայացման ամենապարզունակ տարբերակն են: Ուստի հանրության նույնիսկ այն հատվածը, որը «բարձր» գրականության ընթերցող չէ, սակայն սերիալային պարզամտություն էլ չունի, մնում է «անտեր»: Իհարկե, կա ռուսերեն համարժեք գրականություն, սակայն ա/ ռուսական առօրյան տարբերվում է մեր իրականությունից եւ բ/ ռուսաց լեզվի իմացությունը մեր հասարակությունում գնալով նվազում է: Ուստի տեղի է ունենում նաեւ սերիալ չդիտող հատվածի դեգրադացիա՝ մինչեւ սերիալային մակարդակ: Իսկ սերիալները, պետք է ասել, պատվով են իրականացնում գրականության՝ հասարակության հայելին լինելու գործը: Սկզբում ցույց էին տալիս կենցաղը, այնուհետեւ այդ կենցաղ մուտք գործեց կրիմինալը: Դրանից հետո կրիմինալը ձեռք բերեց ինքնուրույն նշանակություն, դարձավ ինքնաբավ: Այժմ արդեն մենք տեսնում ենք կրիմինալի մուտքը հասարակական կազմակերպման ոլորտ, քաղաքականություն: Սա է մեր կյանքի սյուժեն ու պոտենցիալ գրականությունը: Այլ հարց է, որ այդպիսի գրականության բացակայությամբ առկա գրականությունը վերածվում է հակագրականության:
Հ. Գ. Աշխարհահռչակ Լուվրի թանգարանում այս օրերին բացվել է կոմիքսների ցուցահանդես, քանի որ թանգարանի տնօրինությունը, վերլուծելով ժամանակակից զարգացումները, գտել է, որ կոմիքսները արդի արվեստի լիարժեք մաս են, ուստի պետք է ներկայացված լինեն Լուվրում: