Խորագիրը փոխառնված է անտիկ մատյաններից: Դրանց հեղինակները գրքերի ճակատին պարտադիր գրում էին այդ նախադասությունը: Քանի որ աղբյուրը նշեցի՝ ուրեմն խորագիրս, կարծում եմ, գրագողություն չի դիտվի: Հենց այս խորագրով ես՝ «Առավոտի» ընթերցողների խմբագիր (օմբուդսման) Մեսրոպ Հարությունյանս, որոշակի պարբերականությամբ կներկայանամ ձեզ՝ ընթերցողներին եւ կներկայացնեմ իմ դիտարկումները թերթի գործունեության տարբեր կողմերի կամ թերթում հրապարակված եւ բուռն քննարկումների առիթ տված թեմաների, ինչպես նաեւ՝ ընթերցողների ուղարկած նամակների ու կարծիքների մասին:
ԸՆԴՈՒՆԵԼԻ՞ Է, ԱՐԴՅՈՔ, ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ ԳՈՎԱԶԴ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
Արշակունյաց պողոտայում գտնվող խմբագրությունների շենքի առաջին հարկում, հենց վերելակի վերեւում կա մի ժամացույց՝ «Առավոտի» գլխագրով ու թերթի առաջին էջի նկարով. շրջանակի մեջ է առնված էջի ամենաաչքի ընկնող հատվածն ու գրված է. «Գովազդի լավագույն տեղը «Առավոտ»-ում»:
Եթե լավագույնն է՝ լավագույնն է նաեւ ամենահրատապ ու հետաքրքիր լուսանկարի եւ ինֆորմացիայի համար: Ուրեմն, հարց՝ որի՞ն տալ նախապատվությունը, եթե այդ օրը ե՛ւ հրատապ ինֆորմացիա ունես, ե՛ւ ինչ-որ մեկն այդ տեղի համար գովազդ է պատվիրում:
«Առավոտի» էթիկայի կանոնագիրն առաջին էջում գովազդ տեղադրելու մասին որեւէ բան չի ասում: Այսինքն՝ խմբագրությունն այս իմաստով որեւէ արգելող պարտավորություն չի վերցրել: Արգելանք չկա նաեւ Հայաստանի լրատվամիջոցների այն Վարքականոնում, որին միացել է նաեւ «Առավոտը»:
Այստեղ գովազդին են վերաբերում «Խմբագրական անկախություն» բաժնի հոդվածները: Ահա դրանք.
«3.1. հստակ սահմանազատել լրագրողական նյութերը գովազդից. յուրաքանչյուր հրապարակում, որի դիմաց վճարվել է, պետք է այդ մասին նշում ունենա,
3.2. խմբագրական լուսաբանումներում գովազդատուներին ու հովանավորներին արտոնություններ չտալ,
3.3. դիմակայել իրադարձությունների լուսաբանման վրա ազդելու նպատակով գովազդատուների, հովանավորների, ԶԼՄ սեփականատերերի գործադրած ճնշումներին»:
Այսինքն՝ դարձյալ որեւէ բառ չկա այս կամ այն էջում գովազդ հրապարակելու մասին: Այդ մասին խոսք չի ասում նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը:
Ստացվում է, որ ամեն ինչ հանգում է նպատակահարմարությանը, իսկ այդ դեպքում՝ գլխավորը ընթերցողի հետ ազնիվ խաղի կանոնները պահպանելն է. այն է՝ գովազդը պետք է հստակորեն (ձեւավորմամբ, խորագրով, այլ նշանով) տարանջատված լինի մնացած բոլոր նյութերից: Որովհետեւ՝ գովազդն ինքնին օբյեկտիվ երեւույթ չէ: Նույնը վերաբերում է նաեւ այն հոդվածներին, որոնց դիմաց վճարված է (որոնք, այսինքն, գովազդային են): Նման հոդվածները «Առավոտում» հրապարակվում են R տառով, ինչը հենց ընթերցողի հետ ազնիվ խաղի նշան է: Ընթերցողը, տեսնելով R-ը, եւ հասկանալով, որ հոդվածը տպագրելու համար վճարված է, ինքն է որոշում՝ հավատա՞լ դրանում եղած տեղեկատվությանը, թե՞ ոչ: Եվ քանի որ առաջին էջը ամենաակնառու տեղն է, երբեմն որոշ գործիչներ իրենց մասին գովազդային նյութերի համար խնդրում եւ ստանում են հենց այդ տեղը: Թերթը ունենում է լրացուցիչ եկամուտներ, իսկ գործչի ամբիցիան էլ՝ բավարարված է:
Ընթերցողների խմբագիրը սա նորմալ է համարում բիզնեսի տեսակետից:
Բայց՝ վերադառնամ սկզբում ձեւակերպված հարցին՝ որի՞ն տալ նախապատվությունը, եթե այդ օրը ե՛ւ հրատապ ինֆորմացիա ունես, ե՛ւ ինչ-որ մեկն այդ տեղի համար գովազդ է պատվիրում: Պատասխանեմ՝ նայած որ շահն է այդ պահին գերակշռում՝ հրատապ ինֆորմացիան ամենաակնառու ձեւով ընթերցողին հասցնելու հասարակական շա՞հը, թե՞ թերթի բիզնեսի համար լրացուցիչ եկամուտներ հայթայթելը:
Այսուհանդերձ, կարծում եմ, առաջին էջի այդ պատվավոր տեղը գովազդային բնույթի նյութերի համար չպետք է չարաշահել, որովհետեւ, եթե նման հրապարակումները հաճախ լինեն, ապա ընթերցողը կսկսի անվստահությամբ վերաբերվել թերթին, եւ վերջինիս՝ իբրեւ տեղեկատվության անաչառ միջոցի հեղինակությունը կտուժի, ինչպես սովորաբար տուժում է այն հեռուստալրագրողի անաչառության իմիջը, ով իր ձայնով ու պատկերով որեւէ ապրանք կամ ծառայություն է գովազդում:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
[email protected]
Հարգանոք՝ «Առավոտի» ընթերցողների խմբագիր