Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտ 07,2009 00:00

Դեպի Արարատ՝ Արցախով

\"\"Մարտի 5-ին ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիսավորությամբ տոնվեց Հայաստանի եւ Արցախի հերոս, հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը: Միջոցառումներ կազմակերպվեցին Շուշիում՝ նրա հիշատակին կառուցված հուշարձանի առաջ, Մարտունիում, Հադրութի շրջանի միջնակարգ դպրոցում: Միջոցառումներին մասնակցում էին երկրի բարձրաստիճան այրեր, սպաներ եւ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները:

Ղարաբաղի զինված ուժերի զորամասերից 3-ը կրում է հայոց սպարապետի անունը, նրանցից մեկում տեղադրված է Վազգեն Սարգսյանի հուշարձանը, իսկ կողքին՝ Արցախի պատերազմում զոհվածների անուններով հուշաքարերն են: Իսկը ինչպես կյանքում՝ սպարապետը շրջապատված իր զինվորներով: Տոնական միջոցառումների ժամանակ իրենց ելույթներում զինծառայողներն ու սպարապետի մարտական ընկերները, նշելով Վազգեն Սարգսյանի՝ հայրենիքին ու ժողովրդին անսահման նվիրվածությունը, հատկապես կարեւորեցին կանոնավոր բանակի ստեղծման, բանակը որակյալ կադրերով համալրման, ժամանակակից ռազմական տեխնիկայով սպառազինման գործում նրա անգնահատելի վաստակը:

Արցախյան պայքարի նվիրյալ Ժաննա Գալստյանն իր խոսքում ասաց. «10 տարի է՝ մենք փորձում ենք հասկանալ Վազգեն Սարգսյան ֆենոմենը: Նա մեզնից շուտ հասկացավ, որ ճանապարհը դեպի Արարատ՝ գնում է Արցախով»:

Հուզված էր նաեւ սպարապետի եղբայրը՝ Ա. Սարգսյանը. «Ինչքան ճանաչել եմ Վազգենին, ոչ մի բանի համար այդքան ոգեւորված, այդքան սրտացավ չի պայքարել, որքան Արցախի: Եվ բնական է, որ այդ սերը փոխադարձ է: …Տվել է՝ ինչ կարողացել է, ձեռք է բերել հպարտություն»:

Սպարապետի անունը կրող զորամասի զինվորները հպարտությամբ են խոսում նրա մասին. «Մենք գիտենք միասնական Հայաստան տեսնելու նրա փափագի մասին: Նա հավատում էր, որ ամենալավ զինվորը հայ զինվորն է, զինվորն էլ հավատաց ու հաղթեց»: Իսկ զինվորական խրոխտ քայլերգը եկավ հաստատելու սպարապետի լուսավոր հավատը, որ 21-րդ դարը մե՛րն է լինելու:

ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆ

Կարեւորը մենք ենք ու Սլովակիան

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի համանախագահ, Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը երեկ Երեւանում հայտարարեց, որ արդեն մի քանի տարի է՝ ինչ աշխատում են Հարավային Կովկասում ԵՄ հովանու ներքո կոնֆեդերացիա ստեղծելու ուղղությամբ՝ փայփայելով ԵՄ անդամ դառնալու հեռանկարը: Ըստ նրա, Հարավային Կովկասի երեք ճանաչված եւ երեք չճանաչված պետությունները մեկ միավորով հանդես գալու դեպքում՝ ԵՄ-ից բազմաթիվ ներդրումային ծրագրեր կստանան, տնտեսական թռիչք կլինի, մարդիկ բարեկեցիկ կապրեն, կդառնան ԵՄ անդամ ու վերջ՝ հեչ կարեւոր չի լինի երկրի գույնը, քանի որ ԵՄ-ում սահմանները խիստ թափանցիկ են:

Աշոտ Գրիգորյանը համոզված է, որ չճանաչված պետությունները կողջունեն այս ծրագիրը եւ այսկերպ կճանաչվեն: Իսկ Վրաստանն ու Ադրբեջանը պետք է որ ողջունեն, քանի որ կորցրածը հետ բերել չեն կարող: Վրացի եւ ադրբեջանցի առանձին գործիչներ պատրաստ են քննարկել նախագիծը: Նախաձեռնության հեղինակները փորձում են ծրագրով շահագրգռել Սլովակիային, նրան վերապահելով Հարավային Կովկասում ԵՄ ֆորպոստի դերը:

Բանախոսը հասկանում է, որ ծրագրին դեմ կլինի Ռուսաստանը, սակայն նկատում է, որ Ռուսաստանը շահ կարող է ունենալ. ԵՄ անդամ կոնֆեդերացիան կդառնա ՌԴ-ԵՄ կապող կամուրջ: Սա Թուրքիայի շահերի դեմ է, նկատեց Աշոտ Գրիգորյանը, իսկ մինչ այդ ասել էր, թե Հարավային Կովկասի միասնական կոնֆեդերացիան կարող է ԵՄ մտնել Թուրքիայի հետ:

Հարավային Կովկասը միասնական միավոր երկու անգամ դարձել է 20-րդ դարում, երկու անգամ էլ՝ կարճ կյանք ունեցել, երկու անգամ էլ Հայաստանը տարածք է կորցրել: Աշոտ Գրիգորյանին սա չի վախեցնում:

Թե ինչ կստացվի այս նախաձեռնությունից, պարզ չէ, բայց Աշոտ Գրիգորյանը համոզված է, որ եթե ինքը Սլովակիայում չապրի՝ հայ-սլովակյան հարաբերությունները կդադարեն:

Ա. Զ.

Ընդդեմ նախկին քաղաքապետի

Լոռու մարզի դատախազությունը 2008 թվականին քրեական գործ է հարուցել Լոռու մարզի Ախթալա համայնքի նախկին համայնքապետ Սուրեն Թամազյանի դեմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար՝ 2007-ին Ախթալայի քաղաքապետ եղած ժամանակ ակնհայտ բարձր արժեքով ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու մեղադրանքով: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրի դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, մարտի 6-ին շարունակեց քրեական գործի քննությունը ընդդեմ Սուրեն Թամազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 208 հոդվածի առաջին մասով:

Թեեւ դատական նիստը հայտարարված էր ժամը 11-ին, սակայն այն սկսվեց ժամը 12-ին, մեղադրող կողմի՝ Լոռու մարզի դատախազ Մ. Դավթյանի՝ դատական նիստից մեկ ժամ ուշանալու պատճառով: Գործով վկաներ են 2007թ.-ին Թումանյանի ոստիկանության ՊԱՏ բաժանմունքի պետ, միլիցիայի փոխգնդապեպ Դավիթ Կիրակոսյանը, Ախթալայի քաղաքապետի օգնական Անուշ Մարգարյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը եւ այլք: Գործի մանրամասները՝ առաջիկա համարներից մեկում: Մինչ այդ նշենք, որ հաջորդ նիստը մարտի 24-ին է:

ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել