Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 07,2009 00:00

Բնակիչները կհայտնվեն փողոցում

Երեկ Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 շենքի բնակիչները քաղաքապետարանի առջեւ ցույց էին կազմակերպել: Նրանք քաղաքապետարանից խնդրում էին, որ իրենց բնակարաններից չվտարեն, քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ ոստիկանները, թաղապետարանի աշխատակիցներն ու քաղաքապետարանի չինովնիկները նրանց վտարում են այդ շենքից՝ պարզաբանելով, որ այն 4-րդ կարգի վթարային է: Նշենք, որ վթարային շենքի նախկին բնակիչներին 2008-ի հունիսից քաղաքապետարանի նախաձեռնությամբ այլ համայնքներում բնակարաններ հատկացվել են: Նույն ժամանակահատվածում նրանց դատարկ ու անտեր թողած բնակարաններում սկսել են բնակվել անտուն ընտանիքներ, որոնք էլ իրենց միջոցներով բնակարանները կարգի են բերել ու վերանորոգել: Շենքի 26-րդ բնակարանի բնակիչ Ասպրամ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ միայնակ մայր է, ունի հաշմանդամ տղա: Նրա խոսքերով, արդեն երկար տարիներ է՝ փորձում է հերթագրվել եւ տուն ստանալ, բայց ամեն անգամ մերժվում է: Մանկատանը մեծացած միայնակ մայր Հասմիկ Բեգլարյանն էլ ասաց, որ վատառողջ լինելու պատճառով չի կարողանում աշխատել. «Նպաստ չեմ ստանում, տեղ չունեմ ապրելու»: Իսկ 41 բնակարանի բնակիչ Նաիրա Կարապետյանը շուրջ 5 տարի անօթեւան է: «Լավ կյանքից չեմ այստեղ հայտնվել»,- պատմեց նա:

Ցուցարարների կոչերին արձագանքեց Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատակից Մերուժան Ավդալյանը, փորձելով բացատրել, որ Ջուղայի 5 շենքը բնակության համար պիտանի չէ: «Առավոտի» այն հարցին, թե բնակիչներին վտարելուց հետո պետությունը նրանց ինչ-որ կերպ աջակցելու է, թե՝ ոչ, Մ. Ավդալյանը պատասխանեց. «Եթե մենք հնարավորություն ունենայինք վերանորոգել այդ շենքը՝ հիմնական բնակիչներին նոր բնակարաններով չէինք ապահովի: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա բնակիչներին, ապա նրանք ապօրինաբար են այստեղ բնակվում, եւ ես նրանց բազմիցս ասել եմ, որ շենքը ենթակա է քանդման, եւ անիմաստ է նրանց կողմից բնակարանների վերանորոգումը»: Ի պատասխան նրա խոսքերի՝ բնակիչներից մեկը հայտարարեց. «Խոզը, որ խոզ է՝ իր տարածքը մաքրում է, նոր է պառկում»:

Այսօր առավոտյան բնակիչներին փորձելու են վտարել ոստիկանության հատուկ ծառայությունների աշխատակիցները:

ԳԱՅԱՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Անբարեխիղճ տնտեսվարողները կպատժվեն

Շուկայում անհամաչափ գնային բարձր տատանումների առնչությամբ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթներ կհարուցի ձեթի, կարագի, կենցաղային տեխնիկայի եւ դեղորայքի շուկաներում, երեկ բրիֆինգում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նրա խոսքերով, ներկրողները 5 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն գների բարձրացման տնտեսական հիմնավորումներ, ներկրված ապրանքների ծավալների մասին տվյալներ ու նաեւ համապատասխան ֆինանսական փաստաթղթերի պատճենները:

Այն, որ դեղերի շուկայում ներկրողները պայմանավորվել են բոլոր տեսակի դեղորայքները թանկացնել 25%-ով, պարոն Շահնազարյանի գնահատմամբ, հակամրցակցային համաձայնություն է: Ինչ վերաբերում է նրան, որ դոլարի արժեւորումից հետո թանկացան ոչ միայն դրսից ներկրվող, այլեւ տեղական ապրանքները, հանձնաժողովի նախագահը նկատեց. «Այդ դեպքում էլ ներկրվում են հումքային էլեմենտները»:

Պարոն Շահնազարյանը տեղեկացրեց նաեւ, որ մարտի 7-ից բենզինի եւ դիզելային վառելիքի գները կիջնեն 10 դրամով: Նրա խոսքերով. «Երեկ երեկոյան մենք հանդիպել ենք բենզինի խոշոր ներկրողների հետ, որոնց հետ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: Հետագայում, հանձնաժողովի կողմից ձեռնարկվող միջոցառումներից հետո, գինն էլ ավելի կիջնի»:

Նշենք նաեւ, որ հաջորդ շաբաթ հանձնաժողովը քննարկելու է ալյուրի եւ հացաբուլկեղենի գների վերաբերյալ հարցը: Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա, հանձնաժողովի տեղեկացմամբ, ներկրողների հետ բանակցությունների արդյունքում 1 կիլոգրամի դիմաց սահմանվել է 245 դրամ գինը: Նշենք նաեւ, որ հանձնաժողովը մոնիտորինգի արդյունքները կուղարկի նաեւ Պետեկամուտների կոմիտե:

«Մեր դեմ խոսողները հիմար են»

\"\"«Կառավարության կատարած քայլերի նկատմամբ այսօր շատերը կտրուկ են արտահայտվում: Սակայն կտրականությունը հիմարության դրսեւորում է»,- երեկ Սլավոնական համալսարանում կայացած «Ճգնաժամի ռուսական եւ հայկական վարկածները» համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել