Ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ գործարարները գովազդի վրա գումար չեն ծախսում
Վահան Խաչատրյանը վստահեցնում է, որ «ԳԱԼԱ»-ն չի փակվի:
Գյումրիի անկախ լրատվական ալիքը՝ «ԳԱԼԱ»-ն, վերադարձնում է այն քաղաքացիների գումարները, որոնք մի մարդու պես հանգանակություն կատարելով՝ փրկեցին հեռուստաընկերությանը փակվելու վտանգից: Անկախ ալիքն արդեն իսկ 8 միլիոն դրամի պարտք է մարել, եւ սա այն դեպքում, երբ ճգնաժամը գյումրեցիներին սնանկացման է հասցրել. օր օրի փակվում են սննդի, հագուստի եւ տեխնիկայի խանութներն ու անգամ քաղաքի բաղնիքները, գործատուները նվազեցնում են աշխատողների քանակն ու կրճատում աշխատավարձերը: Ըստ գովազդային գործակալների՝ խոշոր գործարարները հրաժարվում են գովազդներ պատվիրել՝ զրոյականի հասցնելով այս նպատակի համար նախատեսված ծախսերը: Իսկ թե ինչպես է «ԳԱԼԱ»-ն ստեղծված իրավիճակում վերադարձնում պարտքերը, հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն «Առավոտին» պարզաբանեց. «Սա ամենահարմար պահն է, քանի որ ժողովուրդը նեղ վիճակում է: Երբ «ԳԱԼԱ»-ն նեղության մեջ էր, նրանք մեզ հասան, ինչո՞ւ մենք նրանց նեղ պահին չպիտի հասնենք: Եթե մարդը կտրոնը ձեռքին գալիս է՝ իր փողը հետ է ուզում, սա նշանակում է, որ էդ մարդուն իրոք գումարը պետք է: Կային վեճեր այս հարցի շուրջ. թե՛ մենք եւ թե՛ «ԳԱԼԱ»-ի օմբուդսմենը առաջարկներ էինք ստանում բնակիչներից, թե այդ գումարը ուղղեք այսինչ, այնինչ նպատակին, հեռուստատեսության բարելավման նպատակին, կամ փոխանցեք հիվանդ մարդկանց հաշվին, բայց մենք էդ իրավունքը չունենք, որովհետեւ ուրիշի գումարները վերցնել եւ տնօրինել քո ուզածի պես՝ չի կարելի»:
Հարցին, թե ճգնաժամի պարագայում հեռուստաընկերությունը ունի՞ պարտքեր մարելու հնարավորություն, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ճգնաժամի հետ կապված՝ ստուդիան վատ վիճակում է, ամեն տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ, այս տարվա հունվար-փետրվարը շատ վատ էր, մոտավորապես 2-3 անգամ ավելի քիչ են գովազդները, հեռուստատեսության մուտքերը պակասել են»:
Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշ հեռուստաընկերություններ Գյումրիում փակվեն, «ԳԱԼԱ»-ի հիմնադիրն ասաց. «Եթե քաղաքում արտադրամասեր, խանութներ են փակվում կամ ինչ-որ մեկի բիզնեսն է տուժում, հնարավոր է եւ հեռուստաընկերություններ փակվեն, բնականաբար՝ ճգնաժամից խոշոր զրկանքներ է կրելու նաեւ հեռուստաբիզնեսը, հունվար-փետրվարին արդեն իսկ վնասով ենք աշխատել: Բայց եթե հարցի ենթատեքստն այն է, թե «ԳԱԼԱ»-ն կփակվի՞, ասեմ, որ առայժմ՝ ոչ, որովհետեւ ես՝ որպես սեփականատեր, բավական միջոցներ ունեմ եւ կարող եմ երկար ժամանակ պահել այս հեռուստատեսությունը»: Իսկ Գյումրիի գովազդային շուկայի իրավիճակի վերաբերյալ հեռուստատեսային գովազդային գործակալ Աննա Մարտիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր ամենախոշոր գովազդատուները հիմնականում տեխնիկայի խանութներն են, որոնք սկսել են կրճատել իրենց ռեկլամային բյուջեն, օրինակ՝ «Վեգան», իսկ «Արայ» խանութը փակվել է: Նվազել են նաեւ մուտքերը սննդի խանութներից ու բանկերից: Բանկերը, որոնք ավանդներ էին տրամադրում ու ընդունում, ունեին գովազդային բյուջե, բայց այս տարի, բանկերի կառավարիչների խոսքերով, թեեւ ունեն դրամական միջոցներ, բայց չգիտեն ինչ անել դրամական պաշարների հետ, նրանց վիճակն անորոշ է, ուստիեւ բանկերը հեռուստատեսությամբ չեն կարող իրենց գործունեությունը գովազդել»:
Ըստ Ա. Մարտիկյանի, պետական կառույցները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դպրոցները եւս հրաժարվում են հեռուստահաղորդումներում իրենց ներդրումն ունենալ. «Եթե անցած տարիներին մասնակցում էին, այսպես ասած, իմիջային հաղորդումների պատրաստմանը, իսկ բյուջեն հաստատելիս տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես գործառնական կամ այլ ծախսեր էին հատկացնում, ապա այս տարի ոչ միայն դրանք կրճատել են, այլեւ շատ գյուղապետարաններ այդ ծախսերը նույնիսկ վերացրել են: Մի խոսքով, նրանք եւս հրաժարվում են համագործակցել հեռուստաստուդիաների հետ»: