Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր ստորագրահավաք՝ Գյումրիում

Մարտ 07,2009 00:00

Թեման դարձյալ քաղբանտարկյալներն են

Շիրակցի քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Գեւորգ Ղազարյանի բողոքներն արդեն հասել են Վճռաբեկ դատարան: Այս կապակցությամբ երեկ գյումրեցի ազատամարտիկները դարձյալ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ Վճռաբեկ դատարանից պահանջելով իրականացնել «անկախ, անաչառ, արդար դատավարություն»: Նրանք տարածեցին հայտարարություն, որում ասվում է. «Ազատամարտիկներս, միանալով մեր քաղբանտարկյալ ընկերներին, ՀՀ Վճռաբեկ դատարանից պահանջում ենք գործերի ու փաստերի բազմակողմանի դատաքննություն եւ արդարադատություն, քանզի արդեն ականատես ենք եղել ՀՀ առաջին ատյանի եւ ՀՀ վերաքննիչ դատարանների կողմից արդարադատության եւ արդարության բռնաբարմանն ու սպանդին: Ուստիեւ ՀՀ Վճռաբեկ դատարանից ակնկալում ենք ողջախոհություն, անկախ եւ արդար դատավարություն, որը հիմք կհանդիսանա ՀՀ տարածքում առաջին ատյանի դատարաններում կամայական եւ ՀՀ օրենքներին հակասող դատավճիռների կանխարգելմանը»:

Ազատամարտիկների տեղեկացնելով՝ 150 հոգի արդեն իսկ ստորագրել է այդ պահանջի տակ: «Առավոտը» հարցրեց՝ եթե համոզված են, որ ՀՀ-ում արդարադատություն չկա, ապա անիմաստ չէ՞ Վճռաբեկին նման պահանջ ներկայացնելը: «Եթե էսօր մեր իշխանությունները Եվրոպային եւ աշխարհին կարողացան համոզել, որ իրենք գնում են բարեփոխումների, ինչ-որ հոդվածներ են փոփոխում, եթե նրանք իրոք ունեն էդ բարի կամքը, որպեսզի ինչ-որ փոփոխություններ կատարեն, ինչ-որ սխալներ ուղղեն, որ մարդիկ չտուժեն, դրա համար մենք դիմել ենք Վճռաբեկ, թեեւ, ճիշտն ասած, լիահույս չենք, որ Վճռաբեկը բարի կդառնա, ուղղակի մեր հայտարարությամբ Վճռաբեկ դատարանից ակնկալում ենք արդարադատություն, մի բան, որը մեր երկրում իսպառ վերացված է: Մենք երկրին տվել ենք էն ամենը, ինչ կարողացել ենք, եւ էսօր մենք խնդրողի դերում չենք, պահանջատեր ենք, մանավանդ՝ մեր ընկերների արդարադատության նկատմամբ, վերջին հաշվով՝ էս երկիրը առանձին անձերինը չէ, մեր բոլորինս է, իշխանապետություն են դարձրել: Էսօր մեր երկիրը կանվանեի ոչ միայն բռնապետության երկիր, այլ պլուտոկրատիայի երկիր, որտեղ իշխում են միայն որոշակի ընտանիքներ եւ օլիգարխներ»,- պատասխանեց բանախոսներից մեկը՝ ազատամարտիկ Ժորա Աթոյանը: Հացադուլավորների հետ հաշվի չնստողը ստորագրահավաք կազմակերպողների հետ հաշվի կնստի՞՝ լրագրողների այս հարցին նույն բանախոսը պատասխանեց. «Հացադուլավորների հետ հաշվի չնստեցին, որովհետեւ էսօր ամբողջ երկիրը հացադուլի մեջ է, իրենք էլ են սոված, ու նրանց համար արտասովոր ոչ մի բան չկա»: Ազատամարտիկները քննադատեցին նաեւ եվրոպացիներին, ասելով, որ Եվրոպա բառն իրենց զայրացնում է: «Մեր հույսը մենք ենք, երբ լսում եմ՝ եվրոպացի, եվրոխորհուրդ, եվրոպառլամենտ եւ այլն, ամբողջ մարմինս քոր է գալիս, թե մենք ինչի համար ենք էդքան եվրոպամետ դարձել: Նույն եվրոպացին 15 թվին կանգնել-նայում էր, թե ոնց էին մեզ կոտորում: Եվրոպացիներն իրենց հոգեբանությամբ լավ «բալեշչիկներ» են, էս բառը տեղին է՝ բռնցքամարտիկը տարիներով համբավ է ունեցել, իրենց աչքի առաջ մի նորելուկ դուրս է գալիս, էդ տաղանդավոր մարդուն դնում ռինգի մեջ ճզմում է՝ քիթ ու մռութն է տրորում, բոլորը ծափահարում են, այ էդ եվրոպացիք հիմա նայում են՝ մեզնից ով է ում մռութը ճզմելու, որ դրան էլ ծափահարեն»,- ասում է Ժորա Աթոյանը: Սերիկ Տոնոյանն էլ հավելում է. «Հունաստանում, Ֆրանսիայում ուսանողները կոտրեցին, ջարդեցին, վառեցին, փշրեցին, եւ սա՝ երկար ժամանակ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ հեղափոխությունը հնամաշ գաղափար է: Հիմա մե՞նք ենք եվրոպացի, թե՞ իրենք, հիմա ո՞վ է ավելի ժողովրդավար: Պարզ չէ՞, որ մենք ավելի լավ եվրոպացի ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել