Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԻՄԱՀԱՐ ԿՐԱԿՈՑՈՎ

Մարտ 07,2009 00:00

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը վստահ է, որ իր որդուն միտումնավոր են սպանել: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանը վիրավորվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի սխալ կիրառման արդյունքում եւ մահացել է հիվանդանոցում՝ արյունահոսությունից: Բժիշկները չեն հասցրել ժամանակին բուժօգնություն ցույց տալ: «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում Սարգիս Քլոյանը տեղեկացրեց, որ որդին սիրում էր նկարահանումներ անել, եւ այդ օրը նրա մոտ է եղել ֆոտոապարատ, որով նա նկարահանում էր արտառոց ամեն ինչ: Գոռ Քլոյանի հայրը վստահ է, որ որդին փորձել է նկարահանումներ անել, եւ հենց այդ պատճառով նրան սպանել են, հոր ասելով՝ դիմահար կրակոցով: Ըստ նրա՝ որդու՝ դիմահար կրակոցից սպանված լինելը հաստատել են նաեւ իրենց այցելած Ագոյի խմբի անդամները: «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապ ուներ Գոռը ցուցարարների հետ: Հայրը վստահ էր, որ՝ ոչ մի, ասաց, որ որդին ԲՀԿ անդամ էր, որ իր փեսաներից մեկը ոստիկան է, մյուսը՝ ԱԱԾ աշխատակից: Գոռի ընկերները գործարարներ կամ ոստիկաններ են եղել: Ս. Նիկոյանը հետաքրքրվեց, թե Գոռն ո՞ւմ հետ է եղել այդ օրը, կա՞ ականատես, թե որ ուղղությունից է գնդակն արձակվել եւ նրա մահվան պատճառ դարձել: Հայրն ասաց, որ չէր մտածել, թե հնարավոր է կրակոցի ուղղությունից պարզել, թե որ զորամասի զինծառայողն է կրակել, եւ խոստացավ սեփական հետաքննություն իրականացնել: Տեղեկացրեց, որ գիտի այն տաքսի ծառայության անունը, որի վարորդներից մեկը վիրավոր Գոռին հասցրել է 3-րդ հիվանդանոց: Հանձնաժողովականները կփորձեն գտնել վարորդին եւ պարզել, թե որ հատվածում էր Գոռի մարմինն ընկած: Խորհրդակցությունից հետո «Առավոտը» սպանվածի հորը հարցրեց՝ ի՞նչ է սպասում հանձնաժողովից: «Այստեղ մեծ աշխատանք է պետք, եթե ցանկություն ունենան, անպայման կբացահայտեն»,- ասաց նա: Հանձնաժողովին այսքան ուշ է դիմել, քանի որ՝ «սպասում էի, Ս. Նիկոյանը խոստացել էր, որ կայցելի զոհերի հարազատներին: Չայցելեց, ստիպված ես եկա»: Հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ զոհված Տիգրան Խաչատրյանի հարազատները եւս ցանկություն ունեն հանդիպելու հանձնաժողովականներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել