ՀԱԿ-ում խոստացել էին Երեւանի քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության հարցը որոշակիացնել մարտի 1-ից հետո:
Մայիսի 31-ին Երեւանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որոնց մասնակցելու են քաղաքական ուժերը: Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն, այդ ընտրություններում ընտրողների քվեների 50 տոկոսը հավաքած ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրած թեկնածուն մեխանիկորեն կհամարվի Երեւանի ընտրված քաղաքապետ: Հակառակ դեպքում, ավագանիներն իրենք պետք է քաղաքապետ ընտրեն: Եթե մինչեւ մարտի 4-ը կարելի էր զուտ տեսականորեն ենթադրել, որ այդ ընտրություններում իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ լուրջ մրցակցություն է գնալու, ապա Երեւանի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու եւ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումն արձանագրեց, որ իշխանական կուսակցությունները, թերեւս, արդեն համակերպվել են իշխանության կայացրած որոշման հետ. այն է՝ Երեւանի քաղաքապետ մնալու է հենց Բեգլարյանը: Հետեւաբար, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի «քաղաքապետական» ընտրարշավը զուտ խորհրդանշական է լինելու:
Իսկ ընդդիմադիր դաշտում առայժմ կատարյալ անորոշություն է: Հայտնի է, որ Հայ ազգային կոնգրեսն ու նրա հետ սերտորեն համագործակցող «Ժառանգությունը» դեռ բանակցում են այդ ընտրություններին իրենց մասնակցության շուրջ: Առայժմ հայտնի չէ ոչ միայն այն, թե կլինի՞ միասնական ցուցակ, առավել եւս՝ ո՞վ կգլխավորի այդ միասնական ցուցակը, այլեւ այն, թե արդյոք ՀԱԿ-ն ընդհանրապես կմասնակցի՞ այդ ընտրություններին: Առայժմ միայն շշուկների մակարդակով քննարկվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրման հնարավորությունը, եւ դրա դեմ իշխանական ճամբարն արդեն հակաքարոզչություն է սկսել:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, թե իրենք դեռ բանակցում են: Առայժմ հարցը քննարկվում է Կոնգրեսի անդամ ուժերի ներսում: ՀԱԿ-ում ավելի հարմար էին գտել, որ նախ՝ խնդրո առարկայի շուրջ բանակցություններն ընթանան այդ ձեւաչափով, որից հետո միայն ավելի ինտենսիվ եւ կոնկրետ բանակցություններ կսկսվեն արդեն «Ժառանգության» հետ: Եթե Կոնգրեսը որոշի, այնուամենայնիվ, չմասնակցել այդ ընտրություններին կամ միասնական ցուցակով չգնալ, «Ժառանգությունը» առանձին կմասնակցի՞ քաղաքապետի ընտրություններին: «Ես չեմ ուզում հիմա նախապես ինչ-որ կանխատեսումներ անել եւ դրանց հիման վրա եզրակացություններ անել: Կսպասենք ՀԱԿ-ի պատասխանին եւ ըստ այդմ՝ որոշումներ կընդունենք»,- ասաց Հ. Խուրշուդյանը՝ հավելելով, որ կուսակցությունը ամեն դեպքում աշխատում է իր ցուցակի վրա, որպեսզի դա վերջին պահին չթողնվի: «Կարծում եմ, ճիշտ կլինի, եւ գիտեմ, որ Կոնգրեսն էլ բանակցություններին զուգահեռ աշխատում է ցուցակների վրա, որպեսզի վերջին պահին չմնա: Ցուցակների առկայությունը մեզ չի խոչընդոտի ընդհանուր հայտարարի գալու հարցում»,- ասաց մամուլի խոսնակը: Արդյունավետ կլինի՞ ՀԱԿ-ի կամ «Ժառանգության»՝ առանձին վերցրած մասնակցությունն այդ ընտրություններին: Հ. Խուրշուդյանի ասելով, դա կախված է պայքարի մոդուսից, նաեւ այն իրավիճակից, որի պայմաններում տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները: «Ամեն դեպքում մենք սկզբունքորեն մասնակցային քաղաքականության կողմնակից ենք, բայց ես ոչինչ բացառել չեմ կարող, մանավանդ՝ նկատի ունենալով այս վերջին՝ Գ. Բեգլարյանին քաղաքապետ նշանակելու քայլը: Եթե Գ. Բեգլարյանը ընտրություններն անցկացնելու է այնպես, ինչպես անցկացրեց Կենտրոն համայնքում, ապա ոչ մի լավ բան մեր քաղաքին չի սպասում: Բայց դրանով չպետք է հիմնավորել ընտրությունները բոյկոտելը կամ դրանց մասնակցելը: Դա պետք է ընդունել՝ ի գիտություն, եւ ըստ այդմ՝ որոշումներ կայացնել»,- նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» ընտրական ցուցակը Ր. Հովհաննիսյանի գլխավորելու վերաբերյալ տեղեկությունների հավաստիությանը, ապա Հ. Խուրշուդյանն ասաց, թե կուսակցությունը բանակցությունների ժամանակ որեւէ նախապայման, առավել եւս՝ որեւէ թեկնածության շուրջ, չի առաջարկել. «Ես այսօր ամենակարեւորը համարում եմ այն, որ ընդդիմությունը միասնական ճակատով մասնակցի քաղաքապետի ընտրություններին»:
Իսկապես, ընդդիմությունն առաջիկա ընտրությունների շեմին բարդ վիճակում է հայտնվել: Պարզ է, որ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընդդիմության թեկնածուների ցուցակը գլխավորելու մասին խոսք չկա, իսկ Կոնգրեսն էլ, թերեւս, իր շարքերում չի տեսնում այն գործչին, որը իր բարեմասնություններով հանդերձ, հանրաճանաչ կլինի երեւանցի ընտրազանգվածի համար եւ միաժամանակ կվայելի նրա անվերապահ համակրանքն ու վստահությունը: Այս վիճակը ընդդիմության համար հուսադրող լինել չի կարող, որովհետեւ պարտություն կրելու դեպքում, ինչպիսին էլ որ լինեն դրա պատճառները, հերթական անգամ կարող են «կոտրել» մարդկանց եւ ի չիք դարձնել ընդդիմության միջոցով երկրում իրավիճակ փոխելու լավատեսության հիմքերը: Ընտրություններին չմասնակցելն էլ կարծես թե ելք չէ, որովհետեւ այդ դեպքում ընդդիմությունը ցույց կտա իշխանությունների քաղաքականությանը կամ նրա սահմանած խաղի կանոններին դիմակայելու անկարողությունն ու սեփական թուլությունը: Թվում է, թե ընդդիմության համար լավագույն լուծումն այս իրավիճակում, օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական ցուցակով եւ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ այդ ընտրություններին մասնակցելն է, մանավանդ որ միանշանակ է՝ նրա անձը, ամեն ինչից անկախ, համակրելի է մեր հասարակության ու երեւանցիների համար:
Բայց խնդիրն այն է, որ Ր. Հովհաննիսյանի թեկնածության շուրջ համախմբվելու համար հենց ընդդիմության ներսում որոշակի դիմադրություն կա. հավակնությունների խնդիր է: Իհարկե, առերեւույթ, ընդդիմության բոլոր ներկայացուցիչներն են պնդում, թե որոշողը Կոնգրեսն է, իսկ իրենք այդ որոշմանը պիտի ենթարկվեն: Երեկ «Առավոտի» հարցին հենց այդպես պատասխանեց ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը: Թե ինչով կավարտվեն ընդդիմության ներքին բանակցությունները՝ պարզ չէ: