Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՈԼԻՏԻՉԵՍԿՈՅԵ ԲՐԱԿԱՆՅԵՐՍՏՎՈ»

Մարտ 07,2009 00:00

Այսպես է մարքսիստ Դավիթ Հակոբյանը բնութագրում մարքսիզմից հեռու Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը

«Տվյալ կադրը պետք է ունենա լուրջ ժողովրդականություն եւ գաղափարական առումով բարձր լինի՝ մարտունակության կադր». սրանք այն չափորոշիչներն են, որոնց, ըստ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի, պետք է բավարարի թեկնածուն, ով ներկայացնելու է ընդդիմությունը Երեւանում՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում: Հղում անելով քաղաքակիրթ երկրների փորձին՝ պարոն Հակոբյանն ասում է, որ ցուցակները ղեկավարում են սկզբունքորեն այլ մարդիկ, իսկ այնուհետեւ՝ «ավագանու աթոռները գրավելուց հետո արդեն նրանց ֆունկցիան համարվում է ավարտված: Իսկ երկրորդ փուլում ավագանիների փակ գաղտնի քվեարկությամբ առաջադրվում է այն անձը, որն ունի մեծ կազմակերպչական ջիղ եւ փորձ»: Օրերս մարքսիստը ջերմ, ընկերական զրույց-խորհրդակցություն է ունեցել ՀԱԿ-ի ընկերների հետ եւ իր տեսակետները ներկայացրել: «Դեմոկրատական փակ-գաղտնի քվեարկությամբ պետք է հատկապես ուշադրություն դարձնել առաջին գվարդիական եռյակին, որտեղ տապալված հին կադրեր չպետք է լինեն, կադրեր, որոնք քաղաքական դեբատների ժամանակ կարող են տանուլ տալ».- կարծում է Դ. Հակոբյանը: Իսկ, ըստ մարքսիստի, ո՞վ կարող է առաջնորդել ընդդիմությանն այս ընտրություններում: Պատասխանը հետեւյալն էր. «Քաղաքական կոկետկայության եւ համեստության ժամանակներն անցել են: Ո՞վ կարող է ընդդիմությանը տանել լուրջ հաղթանակների, որովհետեւ մեր դեմ կանգնած է խունտան, որն արդեն իսկ իշխանագողությունը սկսել է՝ նշանակելով ժամանակավոր պաշտոնակատար մարդուն, ում ուզում են քաղաքապետ դարձնել: Ի դեպ, այդ կապակցությամբ մեր Սահմանադրությունը թերի է, քանի որ լուրջ պետությունների սահմանադրություններում ղեկավար պոստի ընտրվող մարդը մեկ տարի առաջ հրաժարվում է չինովնիկական պորտֆելից, որպեսզի իշխանափոխությունը կատարվի ներքեւից: Ընդդիմության առաջնորդող կադրն այսօր պետք է ընտրվի ըստ ազգային շահերի: Այս հարցում այսօր առք ու վաճառք չպետք է լինի: Իսկ առաջնորդողը կարող է լինել նա՝ «ու կավո ուչտիվայա րեչ, խրաբրոյե սերցե». այն կադրը, որի մոտ կա բարձր քաղաքական էրուդիցիա, հռետորական արվեստ, անձը, որը հիանալի տիրապետում է տնտեսագիտական սիտուացիաներին եւ կարող է ընդդիմադիր կուսակցության նկատմամբ մեղադրական ճառը՝ թե ազգային, թե տնտեսական դոկտրինայի հարցերում, ձեւավորել վիրտուոզ: Բավական է մի սայթաքում, եւ ամբողջ ՀԱԿ-ը վարի կգնա»:

Ինչ մնում է մարքսիստի անձնական ամբիցիաներին, ապա՝ «ես արդեն ասել եմ՝ «պլոխ տոտ սալդատ, կատորիյ գեներալոմ նե խոչետ ստած», բայց ամենակարեւորը՝ այս ընտրությունների ժամանակ իմ հոգեկերտվածքում մի կարգախոս կա՝ «ֆեյդմարշալա նա ֆելդֆեբելյա նե մենյայու»: Եթե ընդդիմությունն ինձ կառաջարկի իմ կարողություններին ոչ պատշաճ դերակատարություն, որտեղ ես չեմ կարողանա էֆեկտիվ, բարձր արդյունավետությամբ գործունեությունս ծավալել, ուրեմն ավելի լավ է հրաժարվել այդ ցուցակից, քան գնալ ֆելդֆեբելի դերում»:

Քանի որ առաջնորդի տեղում շրջանառվում է Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, հետաքրքրվեցինք՝ բավարարո՞ւմ է նա մարքսիստի չափանիշներին: «Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պառլամենտական ընտրությունների ժամանակ, քաջ գիտակցելով, որ Քըրքորյանը Ռոբին Հուդի (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է- Ն. Գ.), թագավորի հետ պայման են կապել, որ հինգ տեղ իրեն հատկացնեն՝ նա ընդդիմության առաջարկը՝ միասնական ճակատով գնալ պառլամենտական ընտրությունների, մերժեց: Մենք չգիտեինք, որ ինքը պայման է կապել: Իսկ այսօր ուզում է որսագողությամբ զբաղվել: «Պալիտիչեսկոյե բրականյերստվո»: Այսինքն՝ ինքը զգում է, որ այս երկու տարվա պառլամենտական ինստիտուտում ինքն արդեն դիմակազերծվել է: Իր քաղաքական ինտելեկտուալ մակարդակն արդեն իսկ խամրել է, ասելիք չունի, կարգախոս չունի, կորցրել է իր քաղաքական իմիջը եւ ուզում է ընդդիմության քաղաքական իմիջի տակ տեղեր զավթել: Եթե դու իսկապես ընդդիմադիր ես եւ ուզում ես սատարել ընդդիմությանը՝ ի՞նչ պարտադիր է, որ տեղերի հարցն առաջ քաշես: Դուք ունեք վեց տեղ պառլամենտում, թող այդ ավագանիներն էլ ՀԱԿ-ը ստանա: Մի խոսքով՝ ոչ մի քաղաքական հմայք եւ ոչ մի քաղաքական փարթամ միտք այդ մարդը չունի, բացի յուր ոսկեզօծ ու փարթամ քիսայից: Ընդդիմությունը չպետք է գնա տեղերն աճուրդի հանելու: «Ժառանգությանը» տեղ տալ-չտալն արդեն բարոյականության հարց է. եթե տա՝ ընդդիմությունը ժողովրդի աչքին կբարոյազրկվի: Բացի այդ՝ արցախյան վիկինգներից չպրծած՝ մեջլիս հրավիրենք ամերիկյա՞ն վիկինգներին. «նե պազվոլենո, նե դազվոլենո»,- ասում է Դավիթ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել