Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը՝ սուպերմարկե՞տ

Մարտ 06,2009 00:00

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի վրա գտնվող թիվ 2 դպրոցն արդեն լուծարված է: Այս ուսումնական տարում այն չի գործել: Սակայն ամենավատն այն է, որ հազարավոր աշակերտներ կրթած դպրոցի տարածքում կառուցվելու է սուպերմարկետ: Թե ո՞ր սուպերմարկետների ցանցի մասնաճյուղն է լինելու այնտեղ՝ չկարողացանք պարզել: Սեւանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության բաժնի պատասխանատու Անահիտ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ լուծարման հետ կապված յուրաքանչյուր քայլ արվել է օրենքով սահմանված կարգով: Նա ասաց, որ շենքը վթարային էր, եւ որ աշակերտների ու ծնողների կողմից բողոքներ շատ էին լինում: Իսկ սուպերմարկետ դառնալու մասին լուրը նա հերքեց, ասելով, որ նման խոսակցություններ չկան, այլապես ինքը լսած կլիներ: Այնինչ ամբողջ Սեւանն ու հարակից գյուղերն են խոսում այդ մասին: Ապա հիշեց, որ իրենց ենթակայության տակ գտնվում են միայն նախադպրոցական կառույցները, դպրոցները մարզպետարանի հսկողության տակ են: Սեւան քաղաքի թիվ 2 դպրոցը կառուցվել է դեռեւս նախորդ դարի սկզբներին: Իր «կյանքի» վերջին տարիներին այն ունեցել է 400-500 աշակերտ: Այժմ նրանք իրենց ուսումը շարունակում են հարակից՝ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում:

Ա. Հովհաննիսյանի խոսքերով՝ դպրոցի պատերը, հատակն ու տանիքը գտնվում էին շատ վատ վիճակում, դասասենյակները շատ փոքր էին ու անհարմար: Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության վարչության պետ Գարիկ Բադալյանի խոսքերով՝ դպրոցը լուծարվել է ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 5-ի 2047 որոշման համաձայն: «Դպրոցը միաձուլման ձեւով վերակազմավորվել է, լուծարման պատճառն էլ շենքային անբարենպաստ վիճակն է եղել: Ինչ վերաբերում է սուպերմարկետի հետ կապված հարցին, ասեմ, որ ռացիոնալացման գործընթացի արդյունքում տարածքը հանձնվել է համայնքին եւ այժմ գտնվում է Սեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Հետեւաբար հետագա վաճառքը, եթե, իհարկե, կատարվել է, իրականացրել է քաղաքապետարանը: Այնպես որ, սուպերմարկետի մասին կարող եք իմանալ նրանցից»,-պարզաբանեց Գ. Բադալյանը: Սեւանի քաղաքապետարանը, սակայն, հերքեց այդ լուրը, կրկին շեշտելով, որ չգիտեն, քանի որ այդ հարցով զբաղվում են պետական այլ կառույցներ, որոնցից իրենք իբր տեղյակ չէին: Սակայն եթե լուծարման պատճառն, իրոք, վթարային լինելն էր, կարելի էր աշակերտներին ժամանակավորապես ցրել մոտակա դպրոցներ, իսկ շենքի տարածքում կառուցել նոր դպրոց: Դպրոցում սովորող աշակերտներից մի քանիսն իրենց դժգոհությունը հայտնեցին: Նրանք արդեն հարմարվել էին այդ շենքին, սիրով հաճախում էին դասերին եւ չէին ցանկանա բաժանվել իրենց սիրելի ընկերներից ու ուսուցիչներից: «Մենք չենք կարող հեշտությամբ անցնել այդ փորձությունը, քանի որ դրա համար չկար ոչ մի հիմնավոր պատճառ: Եթե իմանայինք, որ այդ կառույցը վտանգավոր է մեր կյանքի համար, ինքներս կպահանջեինք, որ մեզ տեղափոխեին: Սակայն երբ գիտակցում ես, որ այս ամենն արվել է հանուն շահի, սկսում ես մեղադրել կառավարությանն ու քաղաքապետարանին»,- ասաց արդեն պատմություն դարձած դպրոցի 10-րդ դասարանի մի աշակերտուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել