Ծաղիկներ սիրում են բոլորը: Սովորաբար հաճելի է, երբ կանանց ծաղիկ նվիրողի դերում լինում են տղամարդիկ ու դժվար թե գտնվի մի կին, որին դուր չգա ուժեղ սեռի կողմից արված այդ հաճելի նվերը: Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ յուրաքանչյուր ծաղիկ ունի իր նշանակությունը: Հարգելի տղամարդիկ, եթե որեւէ կնոջ ուզում եք հարցնել՝ «դու ինձ երբեւէ կսիրե՞ս», դա արեք հասմիկի միջոցով, որովհետեւ այս ծաղիկը ձեր փոխարեն կտա այդ հարցը: Եթե ցանկանաք ասել՝ «իմ մտքերը քեզնով են տարված», նվիրեք անյուտայի աչիկներ: Խոլորձ նվիրելիս կապացուցեք ձեր սերն ու նրբաճաշակությունը, մանուշակի դեպքում՝ արժանապատվությունն ու համեստությունը: Յասաման նվիրելիս կփաստեք, որ նա գեղեցկուհի է, իսկ կակտուսի դեպքում՝ ցույց կտաք ձեր համառությունը: Եթե նվիրեք նարգիզ, կնշանակի ուզում եք ասել՝ «միշտ եղիր այնպես, ինչպես կաս»: Եթե ցանկանում եք արտահայտել նրա հանդեպ տածած ձեր հիացմունքն ու ասել՝ «կարոտում եմ քեզ», նվիրեք քամելիա: Վերը նշված ծաղիկներից բացի, կարմիր վարդը խորհրդանշում է սեր, կիրք, մուգ կարմիրը՝ սուգ, վարդագույնը՝ երջանկություն, սպիտակը՝ մաքրություն, անմեղություն, սպիտակ չորացած վարդերը՝ ավելի լավ է մահ, քան անամոթություն, դեղինն էլ՝ խանդ, զգացմունքները պահպանելու փորձ: Ինչ վերաբերում է մեխակներին, ապա վարդագույնի դեպքում նշանակում է «երբեք քեզ չեմ մոռանա», կարմիրը արտահայտում է «հիացմունք», սպիտակը՝ անմեղություն, անկեղծ սեր: Կակաչի խորհուրդն է մշտական քուն, մոռացություն, նրանցից կարմիրը՝ հաճույք, բավականություն, դեղինը՝ հարստություն, հաջողություն:
Քաջվարդի նշանակությունն էլ երջանիկ հարսանիքն ու ուրախ կյանքն է:
«ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
Իտալացի բժիշկ Միրիա Չերուտոն մոդայիկ կանանց համար տարածել է հաճելի լուր: Ըստ բժշկի, բարձրակրունկ կոշիկները ոչ միայն գեղեցկացնում են կանանց ոտքերի շարժումներն ու վերջիններիս էլեգանտ ու հմայիչ դարձնում, այլեւ դրական ազդեցություն են թողնում նրանց սեռական կյանքի վրա: Բժշկի խոսքերով, 5 սանտիմետրից բարձր կրունկների վրա քայլելը համարվում է ազդրերի մկանների համար մարմնամարզություն: Չնայած բժշկի այս բացահայտումը մի կողմից ապահովում է նորմալ արյան շրջանառություն, բայց մյուս կողմից էլ հակառակ ազդեցություն է թողնում՝ ազդրերի մկանները սկսում են ժամանակից շուտ թուլանալ: Բժշկի կարծիքով, չպետք է վախենալ թուլացած մկաններից, որովհետեւ սա էլ իր հերթին կանանց համար հավելյալ հնարավորություն է սեքսի ժամանակ ունեցած հաճելի զգացողությունները ավելի երկար վայելելու: