Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ քարոզում է, ոչ էլ դեմ է

Մարտ 06,2009 00:00

Հայ առաքելական եկեղեցին պատրաստ է պսակել հային ե այլազգուն, եթե նրանք սիրում են իրար

«Մի օր խնջ ույքի ժամանակ ինձ մոտեցավ երեկոյի ամենագեղեցիկ տղան, որին ես արդեն հասցրել էի նկատել եւ, տեսնելով պարանոցիս խաչը, ասաց՝ դու խա՞չ ես կրում: Ես ասացի, որ բոլոր քրիստոնյաներն էլ խաչ են կրում, ինչ է՝ դու չե՞ս կրում: Նա ոչինչ չպատասխանեց: Ամիսներ անց ինձ սիրո առաջարկություն արեց: Այժմ մենք ընկերություն ենք անում, բայց հայերից գաղտնի: Օրերս էլ երկու առաջարկություն արեց՝ ամուսնանալ իր հետ եւ կրոնափոխ լինել. նա ազգությամբ քուրդ է…»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց ազգությամբ հայ, 21-ամյա գերմանաբնակ Լուիզան. «Այժմ չենք շփվում: Խնդիրը մեր կրոնական տարբերությունն է, ես երբեք չեմ համաձայնի կրոնափոխ լինել: Բայց չեմ էլ կարողանում համակերպվել նրանից հրաժարվելու մտքի հետ…»:

Ամեն օր կարելի է լսել, թե ինչպես է պատրաստվում ամուսնանալ հայ աղջիկը՝ ռուս տղայի հետ, ֆրասիացի տղան՝ հայ աղջկա հետ կամ անգլիացի աղջիկը՝ հայ տղայի հետ եւ այլն: Ինչպես փաստում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը. «Անգամ արաբների հետ են ամուսնանում հայերը: Դա կատակ չէ՝ վերջերս ես անձամբ հայ աղջկա եւ արաբ տղայի պսակադրության արարողություն կատարեցի»: Տեր Շմավոնն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին խառն ամուսնությունները չի խրախուսում, բայց չի էլ արգելում. «Որպես ավանդույթ, հայերի մոտ վաղուց ի վեր խառը չի եղել: Հայը հայի հետ պետք է ամուսնանար, հայկական ընտանիք պետք է ստեղծեր՝ բոլոր ավանդույթներով հանդերձ, բայց 19-րդ դարից սկսած՝ խառն ամուսնությունները նկատելի դարձան: Դրանք շատ նկատվում էին մասնավորապես այն շրջաններում, որոնք թուրքահպատակ էին, պարսկահպատակ, իսկ իրականացվում էին հետեւյալ կերպ՝ աղջկան բռնի ուժով տանում էին եւ մուսուլմանացնում, դարձնում իրենց կրոնին եւ ամուսնանում: Հետագայում, երբ Հայաստանը Ռուսաստանի կայսրության տարածքի մեջ մտավ, խառն ամուսնությունները գնալով աճեցին, եւ կամավոր ամուսնացողների թիվը շատացավ, ի տարբերություն Թուրքիայի եւ Պարսկաստանի, որոնց պարագայում երբեմն կրոնը արգելք էր ամուսնանալու համար: Այս պարագայում՝ Ռուսաստանի տարածքում կրոնը արգելք չէր կարող հանդիսանալ, քանի որ երկուսն էլ քրիստոնյաներ են կամ պարզապես Ռուսաստանում մեծացած, ռուսական ուղղափառ եկեղեցում մկրտված հայ եւ որպես այդպիսին՝ այս պարագայում դավանաբանական արգելք չկա, եւ էթնիկ արգելքները շատ անգամ անտեսվում են տվյալ մարդկանց կողմից: Այսօրինակ ամուսնությունները, որպես այդպիսին, մտան ասպարեզ: Սովետական միության ժամանակ ընդհանրապես խրախուսվում էին խառն ամուսնությունները, արդյունքում՝ այնպիսի «խառնուրդներ» ստեղծվեցին, որ զարմանում ես: Եվ այդ ամենի տակ թաքնված շահադիտական նկատառումն այն էր, որ բոլորը միախառնվեին իրար, այսինքն՝ էթնիկական տարբերություն չլիներ, որովհետեւ ամեն մի ազգ, եթե ինքն իր ազգային արժեքներն առաջ էր բերում՝ վտանգավոր էր դառնում: Միշտ խառը ամուսնությունները տեղի էին ունենում բացառապես քրիստոնեական ժողովուրդների միջեւ, տարբերություն չկար՝ զույգերից մեկը ֆրանսիացի՞ կլիներ, լե՞հ, թե՞ ամերիկացի, կարեւորը, որ քրիստոնյա լիներ: Եկեղեցական պատկանելությունն անտեսվում էր, շատ անգամ, եթե զույգերից մեկը, օրինակ, բողոքական եկեղեցու ներկայացուցիչ էր լինում»:

Ինչ վերաբերում է խնդրի այժմեականությանը, տեր Շմավոնը նշեց. «Հիմա էլ այդօրինակ ամուսնություններ շատ կան: Հայ տղաները գնում են ռուս աղջիկների, եվրոպացիների հետ ամուսնանում, արդեն սեւամորթների հետ էլ են ամուսնանում: Ես ինքս պսակադրել եմ հայ աղջկա՝ արաբ տղայի հետ, որը հանուն այդ աղջկա՝ իր կրոնը փոխեց: Սա հավասարազոր էր մահվան, որովհետեւ իսլամի մեջ եթե դու հրաժարվում ես մուսուլմանությունից, դու արդեն իսկ քո մահվան վճիռը ստորագրում ես: Այդ պսակադրությանը ներկա էին արաբ տղայի ծնողները, ներկայացված էր տվյալ երկրից փաստաթուղթ, որ իր երկրում ինքն ամուսնացած չէ, եւ, հաշվի առնելով այդ ամենը, նրանց սերը, նախ մկրտեցի տղային, այնուհետեւ պսակադրեցի»:

Հայ առաքելական եկեղեցով տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնությունն էլ իր պայմաններն ունի: Ըստ քահանայի. «Եթե այլազգություն է եւ մկրտվել է ավանդական եկեղեցում, օրինակ՝ վրաց ուղղափառ, Հռոմի կաթոլիկ եկեղեցում կամ առաքելահիմն բոլոր այն եկեղեցիներում, որոնք մեր եկեղեցու հետ ունեն այդ համարժեք ավանդույթը եւ հնությունը, մենք այդ եկեղեցիների ներկայացուցիչներին պարզապես բացատրում ենք մեր եկեղեցու դավանանքը, ու եթե նրանք ընդունում են այդ ամենը՝ որեւէ խոչընդոտ չի լինում նրանց պսակադրելու համար: Նրանք պետք է փաստաթղթեր պատրաստեն, որը կվկայի, որ իրենք իրենց եկեղեցիներում ամուսնացած չեն: Եկեղեցին չի քարոզում խառը ամուսնությունների բազմացումը, բայց երբ մարդիկ սիրով գալիս են եւ ուզում իրենց կյանքն իրար կապել, եկեղեցին չի կարող մերժել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել