Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԿԱՄԱ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Մարտ 06,2009 00:00

\"\"2009թ. մարտի 1-ի ճանապարհային քրոնիկոն

Առավոտյան 10:00-ին Գյումրիից դեպի Վանաձոր ավտոճանապարհային ելքն ազատ էր, որեւէ ճանապարհային կամ այլ ոստիկան չի երեւացել Գյումրիի հյուսիս-արեւելյան ելքին կամ ճանապարհին:

10:50-ին, Վանաձորի մուտքի մոտ՝ Ստեփանավան գնացող խաչմերուկին Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) 4 մեքենաներ կային՝ նոր Toyota-ներ, ոստիկանները կանգնեցրել էին Վանաձորից Սպիտակի ուղղությամբ մեկնող 10-ից ավելի ավտոմեքենաների եւ արգելում էին նրանց շարժն այդ ուղղությամբ, բանը միայն փաստաթղթերի ստուգումներով չէր ավարտվում: Կանգնեցված մեքենաները ե՛ւ 5 տեղանոց մարդատարներ էին, ե՛ւ միկրոավտոբուսներ: Դժվար է ասել՝ այս ճանապարհային ոստիկանների հետ այլ ոստիկաններ էլ կայի՞ն, թե՞ ոչ: Հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներին այդ պահին չէին կանգնեցնում:

11:40-ին Ալավերդու մուտքի մոտ՝ Օձունի խաչմերուկում, մոտ 10 ճանապարհային եւ այլ ոստիկաններ էին կանգնած ՃՈ երկու ավտոմեքենաներով: Կանգնեցրին դեպի Ալավերդի գնացող իմ մեքենան: Մի քանի րոպե չէին մոտենում, դուռը բացեցի եւ հասկացնելով, որ իրենց եմ սպասում, ասացի. «Հանրահավաքի եմ գնում, գնամ էլի, չսպասեմ»: Ոստիկաններից մեկն այդ խմբից բացականչեց. «Հլը իջի, մոտեցի, հետո կխոսենք»: Ես տեղիցս բացականչեցի, որ չեմ իջնի, մնացի նստած: Վերջապես մի լեյտենանտ մոտեցավ, պատիվ տվեց, ներկայացավ որպես ՃՈ տեսուչ եւ խնդրեց իջնել: Իջա, հարցրի, թե ով է խմբի ղեկավարը: Մոտեցավ մի ավագ լեյտենանտ: Պահանջեցի բացատրել, թե ինչու են կանգնեցրել մեքենաս: Հարցրեց, թե արդյոք գազո՞վ է մեքենան, ասացի՝ չե՞ք տեսնում՝ ապակիները մթնեցված չեն, ու մեքենան ունիվերսալ թափքով (ֆուրգոն) է, բեռնախցիկում եղած ամեն ինչ, առանց բեռնախուցը բացելու էլ, երեւում է: Ոստիկանն ասաց, որ ստուգում են բոլոր մեքենաները: Ես էլ բացատրություն էի պահանջում, թե ի՞նչ գրավոր հիմքով են ստուգում բոլոր մեքենաները: Ոչ մի գրավոր հիմք չներկայացրին: Ես, բացելով բեռնախուցը, պահանջեցի ստուգել այն, քանի որ նման ցանկություն էին հայտնել իրենք: Այժմ էլ, չնայած իմ համառ պահանջներին, ոչ մեկը չզննեց բեռնախցում գտնվող պոլիէթիլենե տոպրակների բեռներից որեւէ մեկը կամ պահեստային անիվի առկայությունը: Ստացվեց, որ իմ մեքենան կանգնեցրել էին առանց իրավական հիմքի եւ խոչընդոտել իմ ընթացքը ապօրինաբար: Այդ ընթացքում մյուս ոստիկանները կանգնեցնում էին դեպի Վանաձոր գնացող բոլոր մարդատար ավտոմեքենաները եւ սկսում էին փաստաթղթեր հարցնել:

Ժամը 12:20-ի մոտ իմ մեքենան մեկ այլ ճանապարհային ոստիկան կանգնեցրեց Տավուշի մարզի Արճիս գյուղից իջնող ճամփի՝ մայրուղուն միացող խաչմերուկի հատվածում: Այստեղ էլ մի քանի ՃՈ ավտոմեքենաներ կային եւ մոտ տասը ոստիկան: Կանգնեցրել էին երկու ուղղություններով ընթացող էլի մոտ մեկ տասնյակ մեքենաների: Մի քանի րոպե սպասելով մեքենայի մեջ, տեսնելով, որ ոչ ոք չի մոտենում, ստիպված իջա եւ մոտեցա ինձ կանգնեցրած ոստիկանին, որը չէր բարեհաճում մոտենալ: Սա ինչ-որ ակտ էր գրում ոստիկանական Toyota-ի կապոտին: Բացատրություն պահանջեցի, թե ինչու է կանգնեցրել իմ մեքենան: Պատասխանեց, թե հիմա ակտը կգրի-կավարտի եւ կգա կբացատրի: Հարցնում եմ, թե ինչո՞ւ է ակտ գրելու ընթացքում այլ մեքենա կանգնեցնում: Բացատրություն չունի: Հարցնում եմ՝ հիմա ա՞կտ եք գրում, թե՞ մեքենա եք կանգնեցնում: Բացատրություն չունի: Զայրացած սկսում եմ մյուս ոստիկաններից խմբապետին պահանջել: Վերջապես մոտենում է մի ավագ լեյտենանտ, եթե չեմ սխալվում՝ Մհեր անունով: Այս ոստիկանից եմ սկսում բացատրություն պահանջել, թե ինչո՞ւ են կանգնեցրել մեքենաս ու չեն մոտենում, չեն ներկայանում (ես ընթանում էի դեպի վրացական սահմանը): Ոստիկանն ասում է, որ իրենք կանգնեցնում են Վանաձորի (Երեւանի) ուղղությամբ ընթացող բոլոր մարդատար մեքենաները, բառացի ասում է, որ հրաման ունեն մինչեւ ժամը 16-ը թույլ չտալ որեւէ մարդատար մեքենայի շարժվել այդ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներին, ինչպիսին իմն է, կանգնեցնում են, որպեսզի զգուշացնեն, որ վերադառնան ոչ շուտ, քան ժամը 16-ը, այլապես չեն կարողանա անցնել այս ոստիկանական պատնեշը: Հարցրեցի՝ եթե ես հիմա փորձեմ ետ դառնալ, չե՞ն թողնելու: Ոստիկանը հստակ ասաց. «Ոչ, իրավունք չունենք թողնելու»: Մինչեւ ժամը 16-ը դեպի Վանաձոր գնացող մարդատարների շարժումն արգելող՝ ոստիկանի նշած կարգադրությունը կամ դրա պատճենը խնդրեցի: Ասաց, թե դա գրավոր չէ, բանավոր հանձնարարված է եւ վերջ: Ես այդ բանավեճի մեջ իր ազգանունը հարցրեցի, ասաց, կարծեմ՝ Բուդաղյան: Համարձակ ոստիկան էր, կարծում եմ, այդպիսիք հաճախ չեն պատահում Հայաստանում: Ասաց՝ ինչ ուզում եք արեք, իրավունք չունեմ թողնելու: Առանց մեքենաս եւ փաստաթղթերս ստուգելու, խնդրեց մեկնել: Այստեղ նկատեցի, որ ոստիկանական խմբում քաղաքացիական հագուստով մարդ էլ կար՝ մոտ 45 տարեկան: Այդ ընթացքում ոստիկանները ետ դարձրին Թբիլիսիից Երեւան մեկնող մեկ միկրոավտոբուս՝ 7 ուղեւորներով: Մյուսներին չէին թողնում դեպի Ալավերդի քշել:

Այսքանից հետո փորձեցի մեկնաբանություններ գրել: Մի քանի անգամ գրեցի, ջնջեցի, նյարդերս կամքիցս զորեղ եղան, գրածս հատվածների բառերը հրապարակման համար անպիտան եղան. գուցե երեխանե՞րն էլ են ինտերնետում լուրեր կարդում, չուզեցի, որ նրանք նոր, թարմ եւ ժամանակին համահունչ հայհոյանքներ սովորեն: Մնում է միայն պատգամս նրանց. «Այս եւ այլ միլիցեքը, որոնց թվի պարզումը լուրջ ուսումնասիրության փափագ ծնեց, հագնում-կապում-տուն են պահում ու ֆռֆռում մեր ու ձեր ծնողների փողերով, սրանց սնում, կերակրում ու վճարում ենք, իբր, որ մեր հասարակական կարգը պահպանեն, մոլորյալ ճամփորդին ճամփա ցույց տան, գող ու ավազակ բռնեն, իսկ սրանք նոր կարգեր են սահմանում՝ ինչպես կամենան, սրանց ջոջերը «ծելեվիզորով» խոսում են, թե հասարակական կարգի պահպանությանը կազմ ու պատրաստ են, բայց հակառակ կարգ են սահմանում՝ մեզ չեն թողնում Արճիսի խաչմերուկից ավտոն քշել դեպի Ախթալա, դիցուք՝ 2009 թվի մարտի 1-ին, ժամը 12:20-ին, 13:20-ին, 14:20-ին, 15:20-ին… Սրանք ուսադիրներ են հագնում՝ էլի մեր փողերով առած, պլպլան աստղիկներով, դեմքերին լուրջ արտահայտություններ են տալիս միամիտ վարորդների հանդիպելիս, առյուծ են կտրում, թղթեր ու գրիչ են առնում ձեռները, թե՝ բաբաբաբա~Բմ՝ ակտ ենք գրում… ու գառ են դառնում, երբ հասկանում են, թե իրենք ով են, մենք՝ ով: Մենք՝ իրենց հագցնող-կապցնող, թարմ մաշինեք ու ռոճիկ տվողներն ենք: Հենց հասկանում՝ գառ են դառնում, բայց, քանի որ ցանկացած գառ չոբան ունի, սրանք էլ գիտեն, որ անչոբան՝ իրենց գելերը կուլ կտան… իրենց բուն պարտականությունների կատարման իրավունքի եւ հալալ հացի համար վախենում են կռիվ տալ, վիճարկել էշ հրամանները, որ ստանում են, վախենում են վիճել, կասկածել, վախենում են պագոնները պոկել, երեսներին տալ՝ թե ինձ ու իմ ախպորը, ինձ ու իմ հընգոր ախպորն ընչի՞ ես կռվացնում այ ապիկար, տմարդի՝ պատասխանատվություն ստանձնած ջոջ: Սրանք մտքներում շեֆերին քրֆելով, իրենց բախտն անիծելով, իրենց սեւ գործն են անում՝ «իրավունք չունես քշես դեպի Ալավերդի», որովհետեւ, ով գիտե, կարող է ցույցի էլ գնա՞մ: Ու գնում, էլի իրենց չոբանի փետն են լիզում: Միլիցոնց՝ մտքում արտահայտած ոչ մի դժգոհություն կամ հայհոյանք անօրեն հրաման տվողների հասցեին՝ չի արդարացնում իրենց վարքը: Թե հրամայեն առավոտները չորեքթաթ գործի գալ, տեսնես անելո՞ւ են: Իսկ՝ մի ոտի վրա թռթռալո՞վ: Եսի՞մ: Ո՞ւր է սահմանն այն, որից այն կողմ սրանք ասելու են՝ չէ, էդ մեկը չենք անելու: Այդ սահմանի գոյության մասին տեսնես ինչ եւ ինչպիսի գիտելիքներ ունեն: Ու որ չանեն, տեսնես՝ ի՞նչ են հիմնավորելու, ասելու են՝ պահանջն օրինական չէ՞, թե՞ իրենց, ներողություն արտահայտությանս համար, արժանապատվությունն են վկայակոչելու, ասեն՝ մեզ համար պատիվ չէ չորեքթաթ բաժին գալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել