2008 թվականը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի համար մեդալների առումով բարեբեր չէր:
Պեկինի օլիմպիական խաղերի ավարտից հետո մարզաձեւի արդյունքների տարեվերջյան քննարկումների արդյունքում նոյեմբեր ամսին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, Եվրոպայի 1994 թվականի փոխչեմպիոն Արայիկ Բաղդադյանը: Երեկ «Առավոտը» հարցազրույց ունեցավ նրա հետ:
– Մրցաշրջան 2009-ը, որպես Լոնդոնի օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլի առաջին տարի, կարեւոր նշանակություն ունի: Դուք մի քանի ամիս է, ինչ գլխավորում եք ազգային հավաքականը: Այս ընթացքում ի՞նչ է արվել:
– Հիմնական աշխատանքներն սկսվել են հունվար ամսից: Նախ՝ հանրապետության առաջնության արդյունքներով կազմավորվեց գլխավոր թիմը, որը 10 ըմբիշներով երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի մեկնեց Ուկրաինա: Հավաքի ավարտին Կիեւում 9 հոգով (74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը վնասվածքի պատճառով վերադարձել էր Երեւան) մասնակցեցինք միջազգային խոշոր մրցաշարի: Եվ պիտի ասեմ՝ բավականին հաջող: Հինգ ըմբիշներ հասան կիսաեզրափակիչ, որոնցից երկուսը դարձան երրորդ մրցանակակիր, իսկ երեքը գրավեցին հինգերորդ տեղեր: Մեդալ նվաճեցին 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը եւ Էդգար Ենոքյանը՝ 96 կգ: Ժիրայրը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց Եվրոպայի 2007 թվականի չեմպիոնին, որից հետո տարավ եւս երեք տպավորիչ հաղթանակ եւ կիսաեզրափակիչում, տակտիկական սխալի պատճառով, զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին: Դրանից հետո արդեն 3-րդ տեղի համար գոտեմարտում առավելության հասավ օլիմպիական խաղերի մրցանակակիր հնդիկ մարզիկի նկատմամբ: Էդգարը նույնպես նախնական փուլերում համոզիչ առավելության հասավ Վրաստանի, Ուկրաինայի մի շարք անվանի ըմբիշների նկատմամբ: Իսկ կիսաեզրափակիչում մրցակցին թերագնահատելու եւ կողմնակալ մրցավարության պատճառով՝ պարտություն կրեց: Հինգերորդ արդյունքով բավարարվեցին Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ, Հայկ Եղշատյանը՝ 66 (այս երկուսը հանդես էին գալիս վնասվածքներով) եւ Հարություն Ենոքյանը՝ 84:
– Դուք խոսեցիք միայն լավ մասնակցություն ունեցած ըմբիշների մասին: Իսկ մյուսնե՞րը:
– Նրանք, բնականաբար, չարդարացրին սպասելիքները: Սակայն բացը լրացնելու ժամանակ դեռ ունեն եւ հիմա այդ ուղղությամբ աշխատում են: Չնայած Հարություն Ենոքյանը գրավեց 5-րդ տեղը, իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Իմ համոզմամբ, նա առնվազն պետք է եզրափակիչի մասնակից լիներ:
– Այս ամսվա վերջին Վիլնյուսում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը: Նախապատրաստությունն ինչպե՞ս է ընթանում:
– Մարտի 1-ից հավաքականի 24 թեկնածուներ ուսումնամարզական հավաք են անցկացնում հավաքականների կենտրոնում: Ամեն բան ընթանում է ըստ ծրագրի: Տղաները մարզվում են: Կան թեթեւ վնասվածքներ ունեցողներ, բայց հույս ունենք, որ դրանք շուտ կանցնեն:
Մարզիչներս խնդիր ունեինք Էդգար Ենոքյանի մարզումները լիարժեք կազմակերպելու հետ: Բանն այն է, որ 96 կգ քաշային կարգում Հայաստանում նա շատ թե քիչ արժանի մրցակից չունի: Դրա համար դեռ հունվարին նրան գործուղել էինք Վրաստան, որտեղ մարզվում էր նրանց ազգային հավաքականի հետ: Հիմա նույն Վրաստանից, որպես Էդգարի մարզումային մրցակիցների, հրավիրել ենք երկու բավականին ուժեղ ըմբիշների: Եվ Ենոքյանի առաջխաղացումն արդեն նկատելի է: Էդգարն ի վիճակի է սպորտում մեծ արդյունքների հասնել: Եվ եթե ուզում ենք դրան հասնել՝ առայժմ պետք է կամ նրան գործուղենք այլ հավաքականներ, կամ դրսից մարզիկներ հրավիրենք:
– Վիլնյուսում մեդալներ կունենա՞նք:
– Նախապես խոստումներ չեմ ուզում տալ: Ռեալ հույսեր ունենք: Գիտե՞ք՝ այսօր մի քանի քաշային կարգերում մեր տղաները աշխարհում կամ Եվրոպայում ոչ ոքի չեն զիջում թե՛ ֆիզիկական պատրաստվածությամբ, թե՛ վարպետությամբ: Այդ քաշերում կան մոտավորապես երեք-չորս հավասարազոր ըմբիշներ: Իսկ թե այս կամ այն մրցումում հաջողությունն ո՞ւմ կուղեկցի, կախված է իրենց խելացի գոտեմարտելուց եւ, ինչո՞ւ չէ, նաեւ հաջող վիճակահանությունից ու արդար մրցավարությունից:
– Հոգեբանական պատրաստվածությունը նշանակություն չունի՞:
– Այն էլ՝ ինչպիսի՜: Մերոնց գլխավոր թերությունը հենց դա է: Տղաները մի տեսակ չեն հավատում իրենց ուժին, հնարավորություններին: Եվ հենց դրա համար էլ պարտվում են: Այս հավաքին հրավիրել ենք հոգեբանի, որը նախկին ըմբիշ է: Նա ամեն օր տղաների հետ աշխատում է: Հույս ունենք, որ դա դրական ազդեցություն կունենա:
– Իսկ մրցափորձի մասին ի՞նչ կասեք:
– Մարզիկի ինքնավստահությունը ուղիղ համեմատական է նրա՝ միջազգային մրցումների եւ հավաքների մասնակցության քանակին: Որքան շատ մասնակցի, այնքան ավելի վստահ կզգա: Հիմա այդ խնդիրը լուծվել է՝ շնորհիվ ֆեդերացիայի նոր նախագահ Սամվել Կարապետյանի եւ նորընտիր ղեկավարության: Մասնավորապես, այս տարվա մեր պլաններում ավելացել են միջազգային մրցումները, ըմբշամարտի գերտերությունների ազգային հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաքները: Օրինակ, մարտի 17-ից Բելառուսի Ստայկի մարզաբազայում համատեղ հավաք ենք անցկացնելու այդ երկրի հավաքականի հետ: Խոստացել են գալ նաեւ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող այլ երկրների թիմեր:
– Եվրոպայի առաջնություն մերոնցից ո՞վ է մեկնելու:
– Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ, Արթուր Առաքելյանը՝ 60, Ժիրայր Հովհաննիսյանը՝ 66, Հարություն Ենոքյանը՝ 84, Էդգար Ենոքյանը՝ 96: Եթե Սուրեն Մարկոսյանը հասցնի ապաքինել վնասվածքը, նա նույնպես կմեկնի:
– Իսկ ծանր քաշում մասնակից չե՞նք ունենալու:
– Ռուսլան Բասիեւին մեր հավաքականի երկրորդ համարների հետ գործուղում ենք Խարկով՝ միջազգային մրցաշար: Եթե այնտեղ իրեն արդարացնի, նրան էլ կընդգրկենք հավաքական:
– Ազատ ոճում Հայաստանի վերջին մեդալը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում ե՞րբ է եղել:
– 2005 թվականին Մարտին Բերբերյանն աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:
– Հուսանք, որ այդ տխուր իրողությունն այս տարի կընդհատվի:
– Հուսանք: Դրա համար արվում է հնարավոր ամեն բան: