Կիթառագործ եւ երաժիշտ Արմեն Բլբուլյանը՝ NAMM-ի մասին
«Բասի Բուդդա» Բիլ Դիքենսը (ձախից) եւ Արմեն Բլբուլյանը:
Բասկիթառահար Վիկտոր Վուտենի հետ:
«Այսօր մշակույթն ամենախղճալի վիճակում է, չկա պետական մոտեցում մշակույթի մարդկանց նկատմամբ»,- ասում է Հայաստանում եւ ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող տաղանդավոր կիթառագործ եւ երաժիշտ Արմեն Բլբուլյանը, որի պատրաստած բաս-կիթառներն անտարբեր չեն թողել բաս-կիթառի այնպիսի փորձառու մասնագետների, ինչպիսիք են Մայք Տոբիասը, Վիկտոր Վուտեն, Մարկուս Միլլերը, Սթիվ Բեյլին եւ այլք:
2009 թ. հունվարի 15-18-ը ԱՄՆ Անահայմ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) անցկացված երաժշտական գործիքների ամենամյա միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրած կիթառի մասնագետը մեզ պատմեց իր տպավորությունները ցուցահանդեսի մասին. «Դա մի հրաշք է, որտեղ հավաքվում են աշխարհի բոլոր արտադրողներն ու ամենազիլ երաժիշտները»:
Երաժշտական գործիքների միջազգային ցուցահանդես անցկացվում է նաեւ Ֆրանկֆուրտում, Փարիզում, բայց իր մասշտաբներով եւ նշանակությամբ ամենամեծը ամերիկյան NAMM-ն է (National Association of Memorial Masons): Ցուցահանդեսին Հայաստանը դուդուկով, շվիով ներկայացրել է նաեւ «Ararat music»-ը, իսկ Արմեն Բլբուլյանն արդեն 2-րդ անգամ (առաջինը՝ 1997թ.-ին), որպես անհատ վարպետ, ներկայացրել է կիթառը: Ա. Բլբուլյանն ասաց. «Ծանոթանում ենք տաղանդավոր մարդկանց հետ, հետաքրքիր հանդիպումներ են լինում, հրավիրվում ենք ակումբներ, ստանում բազմաթիվ առաջարկներ: Կարծում եմ՝ նման ցուցահանդեսներին մասնակցելը նպաստում է նաեւ հայերի ճանաչմանն ամբողջ աշխարհում»:
Ա. Բլբուլյանը սկսել է գործիքներ պատրաստել 6 տարեկանից, առաջին աշխատանքը եղել է փոքրիկ մի կիթառ: Վարպետի բոլոր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են՝ սկսած փայտի ընտրությունից մինչեւ դիզայնը, միակ օգնականն էլ ավագ եղբայրն է:
Ա. Բլբուլյանն առաջինն է, որ ծիրանենու փայտից պատրաստել է կիթառ, որն, ըստ նրա, ավելի փափուկ ու հաճելի ձայն ունի: Մեր զրուցակիցը սազի նման մի գործիք էլ պատրաստել է Armenian navy band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանի համար, որն անվանել են բուլար (իր ազգանվան 2-րդ վանկի եւ Արտոյի անվան առաջին վանկի միացումից է ծնվել այդ անունը):
Ա. Բլբուլյանի երազանքն է դպրոց հիմնադրելը, որտեղ կկարողանա երեխաներին կիթառ պատրաստել սովորեցնել. «Պարտադիր չէ, որ երեխան դառնա կիթառի լավ վարպետ, այլ առաջին հերթին կկտրվի փողոցից, կունենա նոր հետաքրքրություններ, բարի էմոցիաներ, վաղը- մյուս օրը կաճի որպես նորմալ մարդ»: Ըստ Բլբուլյանի՝ կարեւոր է պետական մոտեցումը մշակույթի հանդեպ. «Այսօր մշակույթին ուշադրություն դարձնող չկա, սպորտը շատ եմ հարգում, սիրում, բայց սպորտի կողքին ունենք նաեւ լավ մշակույթ: Կարո՞ղ եք նշել, օրինակ, մեկ նկարչի, որ հովանավորել են ու գնացել է Փարիզ, ով էլ գնացել է՝ իր ուժերով է գնացել: Այդ պատճառով է, որ Թուրքիան ներկայացնում է Ավետիս Զիլջյանի ծնծղաները՝ Թուրքիայի «դրոշի ներքո», պաստառի տակ էլ գրվում է՝ «Turkish symbol»:
Ա. Բլբուլյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց նաեւ, որ առաջին անգամ է ինչ-որ մեկի հովանավորությամբ մասնակցել ցուցահանդեսի: Նա նաեւ պատմեց բոլոր այն դժվարությունների մասին, որ առաջացել են ԱՄՆ մեկնելիս, նախ դեսպանատունը փորձել է մերժել, որ 1 ամսով մեկնի Հայաստանից: «Ես ժողովրդական վարպետ եմ, դուք ինձ ձեռ ե՞ք առնում, փախստականի նմա՞ն եմ»,- սրտնեղած ասել է Ա. Բլբուլյանը: Ցուցահանդեսին մասնակցելու համար վարպետին աջակցել է Vivacell- MTS-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նամակն էլ դեսպանատանը՝ օգնել է, որ նա մեկ ամսով կարողանա լինել ԱՄՆ-ում ու ներկայացնի իր կիթառները: