Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԵՐԿԱՐԱՑՐԵՑ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԶԻՄԲԱԲՎԵԻ ԴԵՄ

Մարտ 06,2009 00:00

\"\"ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իր երկրի պատժամիջոցները Զիմբաբվեի դեմ երկարացվում են եւս 1 տարով: Իր որոշումը նախագահը բացատրեց նրանով, որ աֆրիկյան այս երկիրը շարունակում է գտնվել խորը քաղաքական ճգնաժամի մեջ: Օբամայի հայտարարության մեջ ասված է, որ Զիմբաբվեի կառավարության որոշ անդամների գործողությունները խաթարում են այդ երկրի դեմոկրատական պրոցեսները եւ արտաքին վտանգ են ստեղծում Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ-ն առաջին անգամ Զիմբաբվեի դեմ պատժամիջոցներ կիրառեց 2003 թվականին եւ այս տարիների ընթացքում պարբերաբար խստացնում էր դրանք, ներառյալ 2005-ին կառավարության ակտիվների սառեցումը: Զիմբաբվեն, որը 1980 թվականից ղեկավարում է Ռոբերտ Մուգաբեն (նկարում), այժմ գտնվում է ծանրագույն տնտեսական իրավիճակում: ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 6,9 միլիոն բնակիչներ, այսինքն՝ յուրաքանչյուր 2-րդը, այստեղ կարիք ունի շտապ մթերային օգնության: Գործազրկությունը Զիմբաբվեում հասնում է 94%-ի, իսկ տարեկան գնաճը աստղաբաշխական թիվ է կազմում՝ 231 միլիոն տոկոս: Մեկ այլ ծանր խնդիր է այստեղ խոլերայի համաճարակը, որը բռնկվել է անցած տարվա օգոստոսին եւ տարել է մոտ 4 հազար մարդու կյանք: Քաղաքական ճգնաժամն այստեղ սկսվել է 2008-ի մարտին տեղի ունեցած նախագահական ընտրություններում: Պաշտոնական տվյալներով, հաղթող է ճանաչվել Մուգաբեն, սակայն ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: 2008-ի սեպտեմբերին Մուգաբեն եւ ընդդիմության լիդերները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ստեղծվել է ազգային համաձայնության կառավարություն, իսկ վարչապետ է դարձել ընդդիմության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել