Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տնօրենների մի մասը կասկածելի է»

Մարտ 06,2009 00:00

ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը՝ մարտյան ընթացիկ գնահատումների մասին

Որքան մոտենում է մարտի 9-ը՝ ՀՀ դպրոցներում ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով անցկացվելիք ընթացիկ գնահատումների հերթական փուլի մեկնարկը, այնքան ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանում մեծանում է լարվածությունն ու անհանգստությունը: Երեկ «Ուրբաթ» ակումբում սպասվող գործընթացի որոշ մանրամասներ բացահայտեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Երեկվա համարում «Առավոտն» արդեն տեղեկացրել է, թե որ դասարանում ինչ առարկաներից կլինեն ստուգումներ եւ որ օրերին, իսկ այժմ անցնենք այլ նրբությունների:

Իհարկե, ընթացիկ գնահատումների գործընթացը սկզբնական շրջանում ցավագին ընդունվեց, չնայած, գթկ-ականների համոզմամբ՝ դրանք նպատակ ունեն ստուգելու տվյալ դասարանի, երեխայի առաջադիմությունը, ուսուցչի աշխատանքի արդյունավետությունը: Ըստ էության, ենթադրվում էր, որ այս գործընթացն առաջին հերթին պիտի ծառայեր դպրոցների տնօրեններին՝ իրենց կրթօջախներում տիրող կրթական որակի իրական պատկերը բացահայտելու համար: Ըստ նախարարի որոշման՝ ամեն անգամ ընթացիկ գնահատում կազմակերպելիս ընտրվում է ՀՀ մի շրջան, որտեղ լինում են ԳԹԿ ներկայացուցիչները: Եթե դեկտեմբերի կեսերին կազմակերպված գնահատումների ժամանակ ընտրվել էին Վաղարշապատ քաղաքի դպրոցները, ապա մարտյան ընթացիկ գնահատումների ժամանակ կընտրվի Արագածոտնի մարզը: Մ. Մկրտչյանը իր խոսքում շեշտեց նաեւ ոչ պետական դպրոցներում գնահատման գործընթացի կազմակերպման մասին: «Առավոտն» էլ փոխանցեց ժամանակին այդ դպրոցների որոշ ղեկավարների կողմից հնչեցված այն դիտարկումը, թե եթե իրենց ֆինանսավորման դեպքում խտրականություն են դնում, ապա թող իրենց թեստերով էլ չստուգեն այդ դպրոցների արդյունքները: Այս կապակցությամբ ԳԹԿ տնօրենն ասաց. «Այդպիսի բողոք ինձ չի հասել, նույնիսկ շատ ոչ պետական դպրոցներ նեղացել էին, որ իրենք չեն իմացել այդ ստուգումների մասին: Խնդրել էին, որ այս անգամ անպայման իրենց չմոռանանք: Ուստի, հաշվի առնելով թերությունները, այս անգամ ԳԹԿ մի աշխատակից հատուկ զբաղվելու է ոչ պետական դպրոցներով»: Մ. Մկրտչյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ իր՝ երեկվա այն հայտարարությանը, ըստ որի՝ որոշ դպրոցների տնօրեններ, որոնք իրենք իրենց վրա վստահ են, կարող են գնահատման նախորդ օրը գնալ եւ ԳԹԿ-ից վերցնել թեստի նմուշը, որ հասցնեն պատճենահանել այն: Մ. Մկրտչյանը մանրամասնեց. «Սա ցավալի հարց է, տնօրեններն ինձնից մի փոքր նեղացան: Չեմ թաքցնում այն հանգամանքը, որ տնօրենների, մեղմ ասած, մի մասը կասկածի տեղիք է տալիս: Անցյալ ավարտական քննությունների ավարտից հետո էինք դեռ դա հայտարարել: Դպրոցը ոչ թե տնօրենով էր կասկածելի, այլ դրա ներկայացրած արդյունքներով: Որոշեցինք այցելել այդ դպրոցներ, եւ բացահայտվեցին բավականին ցավալի երեւույթներ: Հենց դա էլ հիմք է տալիս չվստահելու այդ տնօրեններին: Ուստի, թող գան այն մարդիկ, որոնք իրենք իրենց վրա վստահ են»: Հետաքրքրվեցինք, իսկ եթե գան կասկածելինե՞րը: Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Այդ դեպքում գուցե մի բան տապալենք, բայց շատ բան ձեռք կբերենք: Եթե մի տնօրեն գա մեզ վստահեցնի՝ մենք բարոյական իրավունք չունենք նրան չվստահելու, բայց եթե հաջորդ օրը Հայաստանի բոլոր դպրոցներն արդեն իմանան՝ թե ինչ թեստ է լինելու, արդեն իրավունք ունենք նրան չվստահելու: Արդյունքում՝ այդ տնօրենը շատ բան կկորցնի, գուցե նրանք չեն հասկանում, բայց մեկ-երկուսը պիտի այդ գործին առնչվի, որ այդ երեւույթը վերանա»: Լրագրողներին հետաքրքրեց, թե ընթացիկ գնահատում իրականացնելը պարտադի՞ր է, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Պարտադիր է այնքանով, որքանով նախարարի որոշումն է, բայց խիստ պարտադրություն չկա, որ արդյունքները հետագայում ուղարկեն մեզ, հաշվետվություն տան: Բայց դա կողմնակի ինֆորմացիա է տալիս տվյալ տնօրենի եւ դպրոցի մասին: Հետո որ չասեն, թե խաբեցինք, ասեցինք կարող եք չանցկացնել, իսկ հետո դրան նշանակություն եք տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել