Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԵՂՔԸ ՃԱՆԱՉԵԼԸ՝ ՄԵՂՍԱԳՈՐԾ ԵՐԿՐԻ ԽՆԴԻՐՆ Է»

Մարտ 06,2009 00:00

\"\"Գերմանացի գիտնական Պաուլ Իմհոֆի դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության մասին

Փիլիսոփայության եւ աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր 60-ամյա Պաուլ Իմհոֆը 10 տարի առաջ է ծանոթացել Հայաստանին, այն էլ՝ թուրքերի շնորհիվ: 5 տարի ապրելով Թուրքիայում՝ շատ է լսել Հայաստանի, Եղեռնի եւ հայ ժողովրդի մասին: Ինչպես պրոֆեսորն ասաց «Առավոտի» հետ զրույցում, այժմ Հայաստանի հետ կապվել է ճակատագրով, քանի որ այստեղ հիմնադրել է Հայաստանում գերմանական համալսարանը: Երբ գերմանացի մեր զրուցակցին խնդրեցինք մի փոքր պատմել իր մասին, ծիծաղով նշեց. «Իմ ապրած կյանքը սովորաբար բաժանում եմ երեք փուլի: Առաջինում ինձ բնորոշում եմ որպես ճամփորդող գիտնական-վանական, երբ ուսումնասիրում էի պատմություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն եւ դասավանդում Կորեայի, Հռոմի եւ այլ օտարերկրյա համալսարաններում: Կյանքիս երկրորդ շրջանում ուսումնասիրում էի լավ ամուսին եւ հայր լինելու հմտությունները: Այժմ ունեմ չորս դուստր: Հետո սահուն կերպով ներթափանցեցի տնտեսության ոլորտ՝ հիմնադրելով սեփական կինոստուդիաս, որտեղ, ֆիլմեր նկարահանելուց բացի, կատարում եմ նաեւ գրաֆիկական, նկարչական աշխատանքներ: Այսպես ասած՝ դարձա գործարար եւ կյանքիս այս շրջանում դասախոսություններ էի կարդում ձեռնարկությունների կառավարման թեմայով, շեշտը դնելով այն հարցի վրա, թե ինչպես կարելի է մնալ բարոյական եւ հաջողակ լինել տնտեսության մեջ: Կյանքիս երրորդ՝ ներկայիս շրջանը, կապված է Հայաստանի հետ»: Գերմանացի պրոֆեսորը բավականին բարձր կարծիք ունի հայերի մասին. «Հայաստանն ինձ համար շատ ավելի եվրոպական է, քան բուն Եվրոպայի տարածքում գտնվող եվրոպական կոչվող շատ երկրներ: Դա պայմանավորված է հայերի պատմականության, ազատության, տղամարդ-կին հարաբերությունների գիտակցությամբ, երեխաների արժեւորմամբ: Ֆենոմեն է, բայց այս ազգն ունի արտաքին աշխարհի հանդեպ մի առանձնահատուկ բացվածություն՝ չմոռանալով ազգային ինքնագիտակցությունը: Այս առումով եվրոպական երկրները ինչ-որ բաներ կարող են սովորել Հայաստանից»:

Զարմանալիորեն Պ. Իմհոֆը նմանություններ է տեսնում հայկական եւ գերմանական արժեհամակարգերի միջեւ: Նաեւ վստահեցնում, որ լեռնային այս երկիրը իր համար նորանոր բացահայտումների ազդակ է հանդիսացել. «Երբ ֆիլմ էի նկարում Հայաստանի մասին, խորապես ուսումնասիրեցի հայկական մշակույթը, հոգեւոր աշխարհը, ճարտարապետությունը: Դրա շնորհիվ ավելի լավ սկսեցի ճանաչել ինձ եւ գերմանական մշակույթը: Առանց հայկական ճարտարապետական ձեւերը ճանաչելու, անհնար է ըմբռնել եվրոպական ճարտարապետական ուղղությունները՝ ռենեսանսը, ռոմանական ոճերը եւ այլն»:

Անցնելով կրթական ասպարեզ՝ գերմանացի գիտնականի հետ զուգահեռներ անցկացրինք հայկական եւ եվրոպական կրթահամակարգերի միջեւ: Պ. Իմհոֆը նկատեց. «Եվրոպական կրթահամակարգը շատ տարբերակված է: Օրինակ՝ գերմանական ցանկացած երկրամաս իր պատկերացումներն ունի կրթության կերպի վերաբերյալ, հնարավոր է, որ այդ երկրամասերի կրթական օրենքները տարբերվեն կամ յուրաքանչյուր համալսարան ունենա իր առանձնահատկությունները: Միակերպ կրթական համակարգը կարող է ճգնաժամային լինել, այն միշտ գաղափարայնացվում է, օրինակ՝ հնարավոր է դառնա ֆաշիստական եւ այլն: Կրթությունը պիտի կողմնորոշվի դեպի ազատություն, որ ծնողները եւ ուսանողները հնարավորինս բազմազան կրթական առաջարկ ունենան: Կրթությունը պիտի համապատասխանի մարդկային զարգացման օրինաչափությանը, ոչ թե մարդը պիտի համապատասխանեցնի իրեն կրթության միակերպությանը»: Հայկական կրթադաշտի՝ դեռեւս չհաղթահարված հիմնախնդիրներից էլ պրոֆեսորը առանձնացրեց հետեւյալը. «Ավելի շատ իրավունքներ պիտի տրվեն կրթական հաստատություններին, ոչ թե ամեն ինչ թելադրվի կենտրոնից: Դա կբարձրացնի բուհերի պատասխանատվության զգացումը»: Քանի որ գերմանացի գիտնականը իր խոսքում երբեմն հիշատակում էր Հայոց ցեղասպանության մասին, փորձեցինք պարզել նրա դիրքորոշումը: Իհարկե, նա այդպես էլ ասելիքը չհստակեցրեց՝ դիվանագիտորեն շղարշելով իր բուն միտքը այս կամ այն դատողություններով: Բայց նշեց. «Կարեւորագույն խնդիրը պատմական ճշմարտությունն ընդունելն է, դրա շուրջ որեւէ քննարկում չի կարող լինել: Խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն հոգեւոր բանականության միջոցով, իսկ զգացմունքներն ընդամենը հարգանքի մատուցումն է նահատակների հանդեպ: Իսկ մեղքը ճանաչելը ոչ թե զոհերի կամ զոհ ունեցած երկրի, այլ մեղսագործի խնդիրն է: Ճիշտ այնպես, ինչպես միջանձնային հարաբերություններում, երբ երկուսը էմոցիաներով վիճաբանում են, իրավականի տեսանկյունից ավելի ճշմարիտ եղող կողմը մեղադրում է դիմացինին: Բայց երբ անընդհատ շեշտում է նրա մեղավորության մասին, այդպիսով սահմանափակում է մյուսի հնարավորությունը, որ սեփական ազատությունից կարողանա ինքնադրսեւորվել: Չէ՞ որ մեղք գործողը զգացմունքային առումով ավելի ծանր հոգեվիճակի մեջ է հայտնվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել