Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենք՝ ուղղված անվտանգության դեմ

Մարտ 06,2009 00:00

Երբ տգիտությունն օրենք է դառնում

2008թ. նոյեմբերի 27-ին ԱԺ-ի ընդունած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 9-րդ հոդվածի 3-րդ կետը հետեւյալ վանդալային տեսքն ունի. «Խաղաղ ժամանակ հանրապետության կապի եւ տեղեկատվության ամբողջ համակարգի (իր ենթակառուցվածքներով), ներառյալ՝ ռադիոհաճախականության ռեսուրսի գործունեությունն իրականացվում է՝ պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնայնությունը հաշվի առնելով, եւ համակարգի զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի պետական լիազոր մարմնի միջոցով, համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ»։ Երկրի անվտանգության եւ զարգացման տեսանկյունից՝ սրանից ավելի վտանգավոր եւ նախնադարյան որեւէ այլ մոտեցում պատկերացնելն անհնար է։

Այսօր մարդկության առաջադեմ հատվածը, ի դեմս Արեւմտյան քաղաքակրթության, գրին զուգահեռ՝ կիրառում է բազում այլ արդյունավետ տեխնոլոգիաներ եւս։ Դրանցից ամենաարդիականը ժողովրդավարությունն է՝ բանական կտրվածքում, եւ տեղեկատվական տեխնոլոգիաները՝ կիրառական կտրվածքում։ Ժողովրդավարությունն առանց զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների՝ անհնարին է, ինչպես անհնարին է գեղեցիկ պոեզիան առանց հարուստ լեզվի։ Եվ մեր՝ հայ ժողովրդի ազգային շահից են բխում Արեւմտյան քաղաքակրթական համակարգային արժեքներն արագ ու առավելագույնս յուրացնելը, այդ համակարգին շահեկանորեն ինտեգրվելը, ինչպես 1600 տարի առաջ։ Առանց սրա՝ ոչ միայն վտանգված է մեր ազգային անվտանգությունը, այլեւ անհնարին է պատկերացնել Հայաստանի Հանրապետության գոյությունն անգամ։ Այս հարցում մեկ անգամ հապաղելու համար մենք արդեն իսկ պատժվել ենք 1915 թվականով ու 70-ամյա սովետական լծով։ Ինչպես մեկ առիթով հրաշալի բանաձեւեց Հիմնադիր-նախագահը՝ «Հայ ժողովրդի ռեսուրսն իր բացվածությունն է աշխարհի հանդեպ»։ Մինչդեռ վերոնշյալ օրենքն ուղղակիորեն փակում է աշխարհին բացվելու դռները։ Դա նույնն է, թե 1600 տարի առաջ արգելեին որեւէ գիրք թարգմանել կամ գրել՝ առանց այն ժամանակվա սպարապետի հետ համաձայնեցնելու։ Ինչպիսի՞ն կլիներ այժմ հայոց լեզուն, եթե մեր լեզվամտածողությունը «զարգացվեր» բացառապես մի քանի զորավարի հայեցողությամբ, կամ կլինե՞ր ընդհանրապես։

Սույն օրենքը, եթե կապված է Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ, ապա միայն նրանով, որ այդ անվտանգության հիմնային թշնամին է, գերեզմանափորը: Այն վկայակոչված է սպասարկելու բացառապես իշխանությունը բռնազավթած ներկայիս ավազակապետերի նեղ շահերին՝ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել