Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅԱՄԻՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ

Մարտ 06,2009 00:00

Հարգելի «Առավոտ», քանի որ ձեր թերթը ճանաչվել է «անհանդուրժող», իսկ ես անհանդուրժող եմ ստի, կեղծիքի, քծնանքի հանդեպ, ուստի ցանկանում եմ մտքերս կիսել ձեր թերթում տպագրված մի հարցազրույցում տեղ գտած այսպիսի երեւույթների առատության շուրջ: Խոսքս

Սուրեն Զոլյանի՝ ձեր թերթին տված հարցազրույցի մասին է:

«Մեծարգո» պրոֆեսորը հասարակ մահկանացուիս ցնցում է հենց առաջին իսկ նախադասությամբ, հայտարարելով՝ «Անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունների գործունեության մեջ դրական եմ գնահատում այն, որ նրանք կարողացան պահպանել եղած ձեռքբերումները»: Այդ ո՞ր ձեռքբերումները նրանք կարողացան պահպանել, որո՞նք էին նրանց ձեռքբերումները: Մարտիմեկյան տասը զոհե՞րը, որոնց թիվը նրանց «տքնաջան աշխատանքի եւ համառ ջանքերի» շնորհիվ չպակասեց, այլ ավելացավ փոխոստիկանապետի եւ ուրիշ չբացահայտված սպանություններով, թե՞ քաղբանտարկյալներն ու նրանց նկատմամբ իրականացվող «նախաքննություն ու դատավարություն» կոչվող խեղկատակությունները, որոնք հիմնովին քարուքանդ արեցին առանց այդ էլ մեր երկրում չփայլող արդարադատությունը: Իսկ գուցե ձեռքբերում էին «ազգընտիրներիս» ընդունած մեկը մյուսին հակասող ու հերքող օրենքնե՞րը, ասենք՝ հանրահավաքների մասին, կամ բոլորովին վերջերս՝ ներմուծման ակցիզային հարկի մասին, կամ էլ տխրահռչակ զանգվածային անկարգություններից անհապաղ չփախչելու մասին: Ախ, հա, հասկացա, չէ՞ որ ճիշտ պահին ճիշտ վայր փախչելը ձեր տեսակին հոգեհարազատ երեւույթ է, մինչդեռ էս «անհասկացող» ժողովուրդը չի փախչում անգամ քո հարազատ իշխանության մարտական գնդակներից ու բազազյան մահակներից: Դրա համար էլ դու եւ քո հարազատ իշխանությունը ատում եք այս ժողովրդին:

Պատասխանելով թղթակցի երկրորդ հարցին, թերթի զրուցակիցն, ըստ էության, կատարում է համակարգային խոստովանություն: Նա դեռեւս անցած տարվա հունվարին գրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «արյուն է մոբիլիզացնում», այսինքն՝ մարդկանց իրենց ձայնին տեր կանգնելու, ընտրակեղծիքների դեմն առնելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար մոբիլիզացնելը համարժեք է «արյուն մոբիլիզացնելուն»: Ի դեպ, նույնաբովանդակ հայտարարություններ արել են նաեւ ռեժիմի այլ սպասարկուներ:

Այսքանից հետո անիմաստ եմ համարում անդրադառնալ հարցազրույցում հնչած այնպիսի անհեթեթությունների, ինչպիսիք են «իշխանիկներին» եւ քրեական հեղինակություններին հենց կրիմինալի վրա հիմնված ու կրիմինալի հետ սերտաճած իշխանություններից տարանջատելու փորձերը կամ ոստիկանությունում տիրող հանցավոր իրավիճակը հանրապետությունից տասը տարի բացակայող անձով պայմանավորելու ծիծաղելի ժանգլյորությունը:

Պարոն պրոֆեսոր, ազնիվ խոսք, անտանելի տհաճ է վերընթերցել մաղձով լեցուն հարցազրույցը, պատասխանելու այնտեղ հնչած բոլոր անմտություններին, բայց ուզում եմ հասկանալ, իրո՞ք կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարելի է գնդակահարել խաղաղ ցուցարարների, կամ որ այդ սպանդի կազմակերպիչը ոչ թե գնդակահարելու հրաման տվողն է, այլ Համաժողովրդական շարժման առաջնորդը: Մի կողմ թողնենք անձերը կամ նրանց հանդեպ որեւէ մեկի համակրանքն ու հակակրանքը, խոսքը զանգվածային մարդասպանության մասին է, սեփական ժողովրդին գնդակահարելո՛ւ մասին:

Շատ հավանեցի հարցազրույցում մեջբերված ռուսական ասույթը. «ծառայամիտ հիմարն ավելի վտանգավոր է թշնամուց»: Հրաշալի է ասված, սակայն, եթե այն արդիականացնենք եւ տեղայնացնենք, կարծում եմ՝ առավել տիպիկ կհնչի այսպես. «ծառայամիտ կրթված խելացին սեփական ժողովրդի համար շատ ավելի վտանգավոր է ծառայամիտ հիմարից»: Ցավոք, մեր իշխանություններն այսօր շռայլորեն օգտվում են նման ծառայամիտ կրթված խելացիների ծառայություններից եւ ծառայության ժամկետը լրանալուց կամ բարոյապես մաշվելուց հետո անխնա դեն են շպրտում օգտագործված առարկաների պես, որովհետեւ այսպիսի ծառաների եւ ծառայությունների առաջարկի պակաս առայժմ չկա: Ցավո՛ք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել