Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշխատաշուկայի պահանջներին համահունչ

Մարտ 06,2009 00:00

Եղեգնաձորի պետական քոլեջում ժամանակ առ ժամանակ փոխում են ուսուցանվող մասնագիտությունների ցանկը:

Եղեգնաձորի 30-ամյա կենսագրությամբ պետական քոլեջը, վերջին տարիներին միջին մասնագիտական կրթություն իրականացնելուն զուգահեռ, առանձնակի կարեւորում է արհեստագործական մասնագիտությունների ուսուցումը: Արդեն մի քանի տարի է, ինչ քոլեջում գործում է «Փայտի գեղարվեստական մշակում» մասնագիտությունը՝ 8-ամյա կրթության բազայի վրա, ուսման տեւողությունը՝ 3 տարի: Այս ընթացքում փայտի կտորները շունչ են առնում պատանիների դեռեւս անվարժ մատների տակ ու վերափոխվում են գեղեցիկ իրերի: «Առանձնակի ուշադրություն է դարձվում հայկական զարդարվեստին: Օրեցօր փայտն ավելի ու ավելի է «ենթարկվում» պատանիների մատներին, ավելի համաչափ ու ներդաշնակ են դառնում դետալները եւ մեկը մյուսի ետեւից ստեղծվում են գեղեցիկ եւ հիասքանչ ստեղծագործություններ»,- ասում է վարպետ Բ. Սարգսյանը:

Երբ այցելեցինք արհեստանոց՝ աշխատանքները դիտելու, ականատես դարձանք իրենց հետաքրքրող թեմաների մեջ խորասուզված պատանիների՝ մեկը պատկերում էր խորհրդավոր մի կիսադեմ, մյուսը՝ խաղողի վազ կամ նուռ, երրորդը՝ հայկական զինանշանը, չորրորդը՝ սափոր կամ սկահակ… Նրանցից մեկն առավել հուզված էր եւ անթաքույց ոգեւորությամբ մոտեցավ մեզ. «Հենց նոր ավարտեցի իմ առաջին աշխատանքը՝ փայտյա մի սկահակ: Եթե հավանում եք՝ սիրով կնվիրեմ»: Գործը հետաքրքիր էր, ու սիրով ընդունեցի:

Քոլեջում գործում են նաեւ կարճաժամկետ դասընթացներ, հիմնականում այն մասնագիտությունների գծով, որոնք մարզի աշխատաշուկայում պահանջարկ ունեն: Այս հարցում քոլեջի տնօրինությունը համագործակցում է Եղեգնաձորի զբաղվածության կենտրոնի հետ:

Մեր այցելության պահին բավականին մարդաշատ էր քոլեջի ճեմասրահը: Ամենուր փակցված էին տոնական ու ամենօրյա սանրվածքների վահանակներ: Պարզվեց, որ «Վարսավիրական գործ» մասնագիտության ուսանողները, կարճաժամկետ դասընթացն ավարտելու կապակցությամբ, կազմակերպել էին փոքրիկ ցուցադրություն: Առաջին իսկ հայացքից նկատելի էր սանրվածքների յուրօրինակությունն ու բազմաոճությունը: Ուսանողներն օգտագործել էին իրենց երեւակայությունը՝ սանրվածքների ընդունված ձեւերին ավելացնելով նորը, ինքնատիպը, դրանք հարստացնելով զանազան միջոցներով ու տարրերով:

Ի դեպ, ՀՀ կրթական ոլորտում կազմակերպված «Էքսպո-2007» ցուցահանդեսում եւս ներկայացվել են նրանց աշխատանքները, որոնց նկատմամբ ցուցաբերվել է հետաքրքրություն: «Պատանի վարսավիրների հաջողությունը նրանում է, որ, բուն մասնագիտությանը զուգահեռ, ուսումնասիրում են նաեւ վարսավիրական արվեստի ու զարդային դիմահարդարման վերաբերյալ միջազգային թեմաներ, ուսուցողական նյութեր ու նկարներ: Ժամանակ առ ժամանակ փոփոխվում են քոլեջում ուսուցանվող մասնագիտությունները, որպեսզի մարզում տվյալ մասնագիտությամբ կադրերի լճացում չառաջանա, միաժամանակ վերականգնվում են մարզում եղած արհեստագործական մասնագիտության գեղեցիկ ավանդույթները»,- ասում է քոլեջի տնօրեն Խ. Սարգսյանը:

Բացի վարսավիրական գործից, կարճաժամկետ ուսուցմամբ այստեղ կազմակերպվում են նաեւ «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Հասարակական սննդի պատրաստում եւ մատուցում» դասընթացներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել