Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՏՎԵՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 06,2009 00:00

Փորձանքի եկած Վարդան Գիշյանը իրեն խաբված է զգում

Նոյեմբերյան քաղաքի 50-ամյա բնակիչ Վարդան Գիշյանն իր կյանքը երկու շրջանի է բաժանում՝ մինչ 2008 թ. հուլիսի 1-ը եւ դրանից հետո: 23 տարի էլեկտրամոնտյոր է աշխատել Նոյեմբերյանի հեռախոսային հանգույցում: Հենց նրան էին հանձնարարում ամենաբարդ գործերը, մեծ բարձրության, բարդ տեղանքում գտնվող հեռախոսային լարերի եւ մալուխների նորոգումը: Ղեկավարությունը գոհ էր նրա աշխատանքից: Չարաբաստիկ այդ օրը «ԱրմենՏելի» Նոյեմբերյանի հեռախոսային հանգույցի գծային բրիգադի աշխատողները վերանորոգման աշխատանքներ էին կատարում սահմանամերձ Դովեղ գյուղում: Անհրաժեշտ էր հեռախոսային մալուխը հանել ձգալարով ամրացված անկյունային հեռախոսասյունից եւ կախել ճանապարհի մյուս կողմում տեղադրված հեռախոսասյան վրա: Վարդանը հագնում է մոնտյորի «ճանկերը», բարձրանում ապամոնտաժման ենթակա հեռախոսասյունը, արձակում ամրացված լարերը, կեռից հանում հեռախոսային մալուխը եւ, այն պահելով ձեռքի մեջ, սկսում է իջնել: Այդ պահին կցորդը, որին ամրացված էր հեռախոսասյունը, կոտրվում է, հենասյունը թեքվում է եւ ընկնում տնամերձ այգու ցանկապատի սյան վրա: Հենասյան ընկնելու պահին Վարդան Գիշյանը ստիպված ձեռքից բաց է թողնում հեռախոսային մալուխը, թռչում գետնին եւ բախումից կորցնում գիտակցությունը: Աշխատանքային երկու ընկերները ցույց են տալիս առաջին օգնություն եւ շտապօգնություն կանչում: Անգիտակից վիճակում տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց, այնտեղից էլ՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«4 օր գտնվել եմ վերակենդանացման բաժանմունքում»,- վերհիշում է Վարդանը:

Պատահարի հետեւանքով կոտրվել էր նրա 4 կողը: Կողերից մեկը պատռել էր աջ թոքային հյուսվածքը: Այլ վնասվածքների հետ, Վարդանը ստացել է ծանր համակցված գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, աջ քունքային հատվածի էպիդուրալ հեմատոմա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրան վիրահատել են հուլիսի 7-ին, հիվանդանոցից դուրս է գրվել հուլիսի 15-ին: Սեպտեմբերին բժշկական հանձնաժողովի որոշմամբ նրան տրվել է հաշմանդամության երկրորդ կարգ: Նույն ամսվա վերջին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ինչպես «ԱրմենՏելի» բոլոր աշխատողները, Վարդան Գիշյանը եւս ապահովագրված էր՝ «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: Ապահովագրական գումարը կազմել է 3.5 միլիոն դրամ: Համաձայն «Կասկադ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանի հաստատած «Ապահովագրական հատուցման վերաբերյալ եզրակացության», Վարդան Գիշյանի բուժման նպատակով ծախսվել է ընդհանուր առմամբ 625 հազար դրամ, որից 170 հազարը շտապօգնության մեքենայով Նոյեմբերյանից Երեւան տեղափոխելու, 300 հազարը՝ վիրահատության, մնացածը՝ բժշկական այլ ծախսերի համար:

«Այդ եզրակացությամբ, 625 հազարի մեջ ներառված է 55 հազար 360 դրամ՝ դեղորայքի համար: Սրա վճարումը այդպես էլ չի կատարվել, դեղորայքը իմ միջոցներով եմ գնել»,- պնդում է Վարդան Գիշյանը:

Նրա խոսքերով, «Կասկադ Ինշուրանս» ընկերության բժիշկ-խորհրդատու Արման Հովհաննիսյանն իրեն ասել է, որ դեպքի կապակցությամբ քննություն կատարող Նոյեմբերյանի ոստիկանության կողմից քննության համապատասխան եզրակացության դեպքում նրան կտրվի 1 միլիոն դրամ: Այսինքն, եթե ոստիկանական քննությունն ապացուցեր, որ դեպքը տեղի է ունեցել ոչ Վարդան Գիշյանի մեղքով: «Կասկադ Ինշուրանս» ընկերության աշխատակցուհի Մարի Ստեփանյանը Վարդանին հեռախոսով տեղեկացրել է, որ ապահովագրական ընկերությունը որոշել է, որպես «բարի կամքի դրսեւորում», 300 հազար դրամ աջակցություն տրամադրել Վարդան Գիշյանին: Ընդ որում՝ անկախ այն բանից, թե ինչ պատճառով, ում մեղքով է տեղի ունեցել դեպքը: Բայց «Կասկադ Ինշուրանսը» այդպես էլ չի ցուցաբերել «բարի կամքը»: Ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանն այդպես էլ չի պատասխանել Վարդան Գիշյանի նամակին:

Նոյեմբերյանի ոստիկանությունը, դեպքի կապակցությամբ քննություն կատարելով, պատահարի մեղավոր է համարել հենց տուժողին: Ոստիկանությունը գտնում է, որ նա չի պահպանել կապի գծամալուխային կառույցներում աշխատանքների անվտանգ կատարման հրահանգի պահանջները, այսինքն՝ բարձրանալուց առաջ չի ստուգել հենասյան փտածությունը, հենասյան եւ կցանի միացման ամրությունը, իր պաշտպանիչ գոտին հենասյանը չի կապել եւ այլն: Դժբախտ պատահարի ակտի տակ, որպես դեպքի ականատեսներ, «ԱրմենՏելի» 6 աշխատակից է ստորագրել, սակայն, ինչպես Վարդանն է պնդում, դեպքի ժամանակ իր կողքին միայն երկու աշխատող է եղել՝ Կամո Անանյանը եւ Փաշիկ Գաբրիելյանը: Վարդանը նաեւ ասում է, որ ոտքին հագցված «ճանկերի» հարվածներով ստուգել է հենասյան ամրությունը, որը գետնի մեջ, 40 սմ խորությամբ է փտած եղել: Ինչ վերաբերում է պաշտպանիչ գոտին հենասյանը չկապելուն, ապա կապելու դեպքում նա հենասյան հետ կգլորվեր ցանկապատի սյան վրա եւ մահն անխուսափելի կլիներ: Երբ Վարդանը վիրահատությունից հետո կիսագիտակից պառկած էր, արտադրական դժբախտ դեպքի մասին ակտը ստորագրել են տվել հիվանդանոցում գտնվող նրա քրոջը՝ Վարդանուշին: Մինչդեռ ակտի հետ կապված Վարդանն առարկություններ ունի:

Վերջերս բժշկական ապահովագրության գումարի հետ կապված նա կրկին զանգել է «Կասկադ Ինշուրանսի» աշխատակցուհի Մարի Ստեփանյանին, որը նկատել է, թե ապահովագրական ընկերության «բարի կամքի» անհետանալու համար ընկերությունը պարտավոր չէ բացատրություններ տալ:

Ներկայումս Վարդան Գիշյանը առողջական վատ վիճակում է, նրան տանջում է կոկորդի սուր ցավը, զրկված է համի զգացողությունից, թեւը կոտրվելուց հետո ծուռ է կպել, որի պատճառով ցավեր է ունենում, պատահարից առաջացած ոտքի անոթների խցանումը խիստ անհանգստացնում է: Դեպքի պատճառով 6 ատամ է կորցրել եւ այժմ հնարավորություն չունի նորմալ սնունդ ընդունելոււ: Բժշկական նոր զննման համար փող չունի: Ստանում է հաշմանդամության 9 հազար դրամ թոշակ, որով կերակրվում է նրա ընտանիքը՝ աշխատանք չունեցող կինը եւ երկու անչափահաս՝ 10 եւ 7 տարեկան աղջիկները:

Վարդան Գիշյանը պատրաստվում է առաջիկայում, ընդդեմ «Կասկադ Ինշուրանսի», դատարան դիմել, որովհետեւ իրեն թերբուժված եւ խաբված է զգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել