Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայփոստում» աշխատեցնում են, բայց աշխատանքի չեն վերցնում

Մարտ 06,2009 00:00

Չնայած նրան, որ ընկերությունը նոր կադրեր ձեռք բերելու համար գումարներ է ծախսում

Շատ ընկերություններում արդեն «ավանդույթ» է դարձել, որ երիտասարդ կադրերին փորձաշրջան անցնելու պատրվակով առանց վարձատրելու մի քանի ամիս աշխատեցնում են ու բարի ճանապարհ մաղթում, պատճառաբանելով, որ իրենց չափանիշներին չեն համապատասխանում կամ էլ՝ արդեն տեղ չունեն:

Որոշ կազմակերպություններ էլ գումարներ են ծախսում, որպեսզի իրենց աշխատակիցները երիտասարդ կադրերին ուսուցանեն իրենց գործը՝ պայմանով, որ երիտասարդ կադրերը հետագայում աշխատեն իրենց ընկերությունում: Օրինակ, «Հայփոստ» ընկերությունում ճիշտ նույն մոտեցումն է, այսինքն՝ ընկերությունը կադրերի համալրման համար դասընթացներ է կազմակերպել ու դրա համար իր աշխատակիցներին հավելյալ վճարել է: Դասընթացները կազմակերպողների ներկայացմամբ, դա արվում է այն նպատակով, որպեսզի իրենց մոտ աշխատանքի անցնելուց առաջ նորաթուխ կադրերը տեղյակ լինեն, թե ինչ գործ են անելու:

Սակայն վերջերս ընկերության տնօրինությունը եկել է այն եզրահանգման, որ «ստաժորների» վրա ծախսած գումարները աննպատակ ծախս են եւ իրենց չեն արդարացնում: Այսպես. «Հայփոստ» ընկերությունն անցած տարվա սեպտեմբերին 16 հոգանոց ուսումնական խումբ էր հավաքել, որոնք ընկերության կազմակերպած դասընթացն ավարտելուց հետո պիտի աշխատեին ընկերության ստորաբաժանումներում: Խմբի անդամներն ուսումնասիրում էին օպերատորական աշխատանք: Շուրջ 6 ամիս դասընթացների հաճախելուց հետո, «ստաժորներին» զգուշացվել է, որ խմբի ոչ բոլոր անդամները կկարողանան աշխատել իրենց մոտ: «Նրանք փետրվարի 23-ին աշխատանք առաջարկելու համար վերջապես կանչեցին մեզ, բայց ոչ բոլորին՝ տղաներին ասել էին, որ չեն ցանկանում նրանց աշխատանքի ընդունել: Ասել էին, որ կադրերի բաժնի պետն է այդպես որոշել: Այսպես ասած՝ մրցույթի մասնակիցներով ընդամենը 12 հոգի էինք: Մեզ կանչել էին հարցազրույցի, բայց ի՞նչ հարցազրույց, ոչ մի մասնագիտական հարց չէին տալիս: Տեղում պարզվեց, որ մեզ օպերատորական աշխատանքի համար չէին կանչել, այլ նամականիշերի բաժնում աշխատելու, դրա համար էլ մասնագիտական հարցեր չէին տալիս: Հայտնեցին նաեւ, որ մեզանից միայն մեկին պիտի աշխատանքի վերցնեն: Այդ դեպքում ինչո՞ւ էին մեզ այդքան ժամանակ տանում-բերում: Մեզանից ոմանք իրենց հիմնական աշխատանքը թողել ու գալիս էին դասերի, քանի որ վստահ էին, թե «Հայփոստում» են աշխատելու: Այդ ամիսների ընթացքում մենք անընդհատ հետաքրքրվում էինք, թե ի՞նչ պիտի լինի մեզ հետ, դեռ ինչքա՞ն ժամանակ մենք պետք է սովորենք, մեզ միշտ պատասխանում էին, որ դեռ պարզ չէ»,- մեզ հետ զրույցում պատմեց դասընթացների մասնակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Նա համոզված է, որ ընկերությունում աշխատանքային տեղեր կան, բայց, չգիտես ինչ պատճառով, իրենց աշխատանքի չեն ընդունում. «Նրանք մեզ ասում են՝ հետագայում, որ կարիք ունենանք, ձեզ կկանչենք: Հետագայում էլ ինչի՞ս է պետք նրանց կանչելը: Մենք 6 ամիս հենց այնպես գնացել-եկել ենք «Հայփոստ», իսկ այդ ընթացքում կկարողանայինք ուրիշ տեղ աշխատանք գտնել ու գումար աշխատել»:

Հիշեցնենք, որ անցած տարի ընկերությունում կատարված «բարեփոխումների» արդյունքում մեծ թվով աշխատակիցներ կրճատվեցին, եւ նրանց փոխարեն կամ նոր բացված բաժիններում պետք է աշխատանքի անցնեին «Հայփոստում» դասընթացների հաճախող մարդիկ: Հետաքրքիրն այն է, որ նամականիշերի բաժնում թափուր աշխատատեղ կա, բայց ընկերությունը դեռ մարդ չի ընդունել:

«Մեզ մոտ դասընթացների գալիս են կամավոր, եթե ցանկանում են փորձ ձեռք բերել: Աշխատատեղ լինելու դեպքում մենք առաջին հերթին այս դասընթացներին մասնակցողներին ենք հրավիրում «Հայփոստում» աշխատելու: Առաջիկայում նրանցից մեկն արդեն աշխատանքի կանցնի մեզ մոտ: Մենք այս ամենն անում ենք որակյալ կադրեր ունենալու համար, բայց կողմերը ոչ մի պարտավորություն չունեն միմյանց նկատմամբ, այսինքն՝ եթե նրանք եկել են մեր ուսումնական կենտրոնում սովորելու, չի նշանակում, որ պարտադիր պետք է մեզ մոտ աշխատեն»,- խնդրի առնչությամբ «Առավոտին» այսպես պարզաբանեցին «Հայփոստի» լրատվական ծառայությունից: Նրանք տեղեկացրին, որ անցած տարվա հունիսին էլ է նման ծրագիր իրականացվել, որից հետո դասընթացի բոլոր մասնակիցները «Հայփոստում» անցել են աշխատանքի: Մեր այն դիտարկմանը, որ ընկերությունում կրճատումներ եղան, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր են բացվել, ընկերությունից պատասխանեցին. «Մենք կրճատել ենք այն բաժինները, որոնք մեզ անհրաժեշտ չեն, ուստի թափուր տեղեր չեն առաջացել: Առաջիկայում էլ, եթե բացենք, կբացենք այնպիսի բաժիններ, որոնք անհրաժեշտ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031