Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱՐԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Մարտ 06,2009 00:00

Ագարակի կոմբինատի նախկին աշխատակիցները անգործ մնալու պատճառով կզրկվեն նաեւ իրենց բնակարաններից

Չնայած ՀՀ կառավարությունը վերջին տարիներին սահմանամերձ շրջանների զարգացման համար որոշ ծրագրեր է իրականացնում, սակայն այդ բնակավայրերի բնակչությունը կառավարության աջակցությունն իր մաշկի վրա առանձնապես չի զգում: Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը, որը քիչ թե շատ գոյատեւում էր հանքարդյունաբերության հաշվին, այժմ կանգնել է լուրջ խնդրի առջեւ: Ագարակի բնակչությունը, որի մեծ մասը զբաղված էր պղնձամոլիբդենային կոմբինատում, այսօր մնացել է անգործ: Ագարակի «Geo pro mining» պղնձամոլիբդենային կոմբինատը դեռ նախորդ տարվանից էր կրճատումները սկսել, իսկ շատերին էլ ուղարկել էր հարկադիր պարապուրդի: Լյուդվիգ Գասպարյանը, որն ընտանիքի միակ աշխատողն է, կոմբինատից կրճատվել է դեկտեմբերի 1-ին. «Ընդամենը 5 ամիս եմ աշխատել, «Բելազ»-ի վարորդ էի: Էրեխեքիս տուն սարքելու համար 6 հազար դոլար վարկ եմ վերցրել, թե հիմա ի՞նչ եմ անելու՝ չգիտեմ, դեռ կեսն էլ չեմ փակել, տոկոսները խեղդում են: Կարող ա, էգուց էլ գան տնից հանեն, քցեն փողոց: Էրեխեքս անչափահաս են, տանն ինձանից բացի աշխատող չկա: Կառավարությունը ոչ մի բան չի ուզում մտածի: Կամ պիտի սահմանը բացեն անցնենք էն կողմ՝ Պարսկաստան, կամ էլ չգիտեմ: Էլ հնար չկա»:

Լ. Գասպարյանի նման, կոմբինատի շատ աշխատակիցներ, հույս ունենալով, որ աշխատանք ունեն, նույնպես վարկ են վերցրել ու հայտնվել կոտրած տաշտակի առաջ: Շուտով կոմբինատի տնօրինությունը Հովիկ Ծատրյանին էլ աշխատանքից կազատի. «Ես հիմա հերթական արձակուրդում եմ: Բայց ասել են՝ արձակուրդդ պրծնի, կգաս ռաշչյոտ կանենք: Կինս էլ էր կոմբինատում աշխատում, իրան արդեն հանել են: Էս ժողովուրդը մի խայտառակ վիճակում է»: Հ. Ծատրյանը ահը սրտում ամեն օր սպասում է, որ բնակարանը ձեռքից կվերցնեն: Նա իր տունը գրավ է դրել՝ վարկի դիմաց: Սակայն այլեւս չի կարողանում վարկը փակել. «Մի տեղից պարտք եմ անում, տանում էն մյուս տեղը փակում: Որ իմանայինք սենց կլինի, վարկ չէինք վերցնի: Բայց գործարանը նենց թափով էր աշխատում, որ արխային էինք: Մեր քաղաքում, բացի կոմբինատից, ուրիշ գործ չկա: Չգիտեմ թե ի՞նչ անեմ: Գոնե կառավարությունը մեզ համար գարանտ կանգնի, որ բանկերը մեր տները ձեռներիցս չառնեն, բայց չէ, կառավարությունը ձեռները լվացել մի կողմ է քաշվել»: Կոմբինատի նախկին աշխատակիցներից շատերը վստահեցրին, որ նույնիսկ վերջնահաշվարկի գումարները չեն ստացել, ոմանք՝ 200 հազար դրամ, ոմանք էլ՝ ավելի. «Էսօր-էգուց են անում, ասում են իբր փող չկա: Բա մենք ո՞նց յոլա գնանք: Արդեն լույսերն են անջատում, խանութները պարտքն են ուզում: Ոչ կարանք գողություն անենք, ոչ էլ ուրիշ բան: Իրանք սաղ կոմբինատը թալանին, մահանա բերին կրիզիս ա, բայց՝ սուտ: Էդ վրացի ղեկավարներն իրենք իրենց համար բարձր աշխատավարձեր են նշանակել, ճոխ-ճոխ ծախսում էին, մեր 50 հազարն էլ գերածախս էր իրենց համար: Թող նորմալ մենեջմենթ անեին, մեզ էլ էս օրը չգցեին: Բա էդ ո՞նց եղավ, որ Քաջարանի վրա կրիզիսը չազդեց: Էս Ագարակը Խարկովի նման է, էն որ ասում են՝ պամոյնայա յամա, տոչնի էդ ա: Մարդ չգիտի՝ մնա՝ ի՞նչ անի, գնա՝ ի՞նչ անի»: Կոմբինատի աշխատակիցների մտահոգությունների առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Ագարակի «Geo pro mining»-ի տնօրենից, սակայն նա հրաժարվեց ընդունել մեզ՝ պատճառաբանելով, որ վատառողջ է:

Հ. Գ. Ագարակ մեր այցը կազմակերպվել էր «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի» աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել