Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անմիջապես թանկացնում են, իսկ էժանացնելը՝ մոռանում

Մարտ 06,2009 00:00

Տեւական ժամանակ, երբ դոլարն արժեզրկվում էր, սպառողական շուկայում ապրանքների գների էական նվազում չարձանագրվեց:

\"\"
Ա. Շահնազարյանը վստահեցնում է, որ գները վերահսկվում են:

«Լողացող փոխարժեքին» անցնելու մասին հայտարարությունից րոպեներ անց՝ սպառողական որոշ ապրանքների գները կտրուկ թանկացան: Որոշ մթերքների, մասնավորապես՝ բուսական յուղի մի քանի տեսակների գնաճը կազմեց նույնիսկ 50%: Մեկը մյուսի ետեւից թանկացան նաեւ ալյուրը, հացը, կարագը, շաքարավազը, վառելիքը, ծխախոտն ու նաեւ խմիչքը:

Նկատենք, որ բավականին երկար ժամանակ դոլարի փոխարժեքը սահուն կերպով նվազում էր՝ 1 դոլարի դիմաց մոտ 550 դրամից հասնելով 300-ի, սակայն ապրանքների գների էական նվազում չարձանագրվեց: Ի պատասխան «Առավոտի» այս դիտարկմանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը պատասխանեց. «Այն ժամանակ ապրանքների գների տատանումները քիչ էին եւ ուշ նկատվեցին, բայց, այնուամենայնիվ, գների իջեցումներ եղել են: Մենք ուսումնասիրել ենք շուկան, եթե հիշում եք՝ կարագի եւ ձեթի շուկայում ուսումնասիրություններ արեցինք, գներին հետեւեցինք: Մենք նայել ենք նաեւ այդ ընկերությունների շահութաբերությունը, ֆիքսել այն եւ չենք թողել ավելանա այդ սահմաններից դուրս: Հետագայում, փոխարժեքին համահունչ, տնտեսվարողներն էլ իջեցրին ապրանքների գները: Նշեմ շաքարավազի օրինակը. համաշխարհային շուկայում 1 տարվա ընթացքում 4 անգամ շաքարավազի գին է բարձրացել, սակայն մեր շուկայում ոչ մի գնային փոփոխություն չի եղել: Միայն մեկ օր շաքարավազի գինը բարձացավ, սակայն մեր միջամտության շնորհիվ՝ հաջորդ օրն իսկ իջեցվեց»:

Նույն խնդրի առնչությամբ, Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը «Առավոտին» այսպես պատասխանեց. «Ես կասեմ մի տերմին, որ լայն հասարակությանը հայտնի չէ, սակայն տնտեսագետներն այն շատ են գործածում. խոսքը «գների կոշտության» մասին է: Երբ գները համապատասխանում են պահանջարկին եւ առաջարկին, ապա փոխարժեքի տատանումներին եւ այլ խնդիրներին արագությամբ չեն արձագանքում: «Կոշտությունները» հիմնականում առաջանում են, երբ շուկաները կատարյալ չեն. շուկաների կատարյալ չլինելը մեզ բերում է այլ ոլորտներ՝ մրցակցության ու նաեւ էֆեկտիվ գնագոյացման, որի վերաբերյալ շատ խորը տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել