Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ՝ ԻՆՉՔԱՆ ԵՆՔ ԳԱՀԱՎԻԺԵԼՈՒ

Մարտ 06,2009 00:00

Տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ մեր կառավարությունը կարող էր այնպես անել, որ դոլարը արժեւորվի աստիճանաբար:

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից լողացող փոխարժեքին անցնելու կամ, այլ կերպ ասած՝ դրամի արժեզրկման քաղաքականությունը, որոշ տնտեսագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով՝ խիստ ուշացած էր, բացի այդ, այս որոշման արդյունքում ոտնահարվեցին հասարակության շահերը: Մասնագետները պնդում են, որ եթե անգամ դոլարի արժեւորումն անխուսափելի էր, ապա այն պետք է կատարվեր աստիճանաբար, ճիշտ այնպես, ինչպես դա արվեց ԱՊՀ այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում:

«Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոնի» տնօրեն, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանն «Առավոտի» հետ հարցազրույցում եւս համոզմունք հայտնեց, որ դոլարի շեշտակի արժեւորումը սխալ քաղաքականության հետեւանք էր: Նրա խոսքերով. «Համոզված եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ աստիճանաբար բաց թողնել լողացող կուրսը, պետք չէր փոխարժեքը պահել ֆիքսված: Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իրենք գրեթե 6 ամիս եւ ավելի նախապատրաստական աշխատանքներ են կատարել, որպեսզի բանկերը մեծ ակտիվներ կուտակեն եւ բանկային համակարգին վտանգ չսպառնա, ինչն էլ անհրաժեշտ է ճգնաժամը զսպելու համար: Այս մտքին ես համաձայն չեմ, քանի որ ավելի լավ կլիներ՝ մենք ոչ թե բանկերին, այլ հասարակությանը նախապատրաստեինք այս երեւույթին: Իսկ մեր կառավարությունը խնդիր էր դրել նախապատրաստել բանկային համակարգը: Հայաստանի բանկերը գրեթե վարկեր չէին տրամադրում, իսկ եղած դրամային վարկերն էլ փորձում էին վերածել դոլարայինի: Ստացվեց, որ բանկերը պատրաստվեցին ցնցումային փոխարժեքին, իսկ հասարակությունը՝ ոչ»: Պարոն Բագրատյանի համոզմամբ, մեր կառավարությունը կարող էր այլ քաղաքականություն վարել. «Եթե մենք աստիճանաբար, շաբաթական 2-3 կետով թողնեինք դոլարի կուրսը, այսօր կունենայինք նույն 360-370 միջակայքը, բայց, ի տարբերություն այսօրվա, հասարակությունը կլիներ ամբողջովին պատրաստ: Սակայն, սրա փոխարեն, մեր պետությունը մտածեց, որ ինքը ինքնակազմակերպվելով՝ ավելի մեծ օգուտ կտա մարդկանց, համարելով, որ հասարակությունը պատրաստ չէ ճգնաժամային իրավիճակի եւ միջոցառումները կարող են էֆեկտիվ չլինել»: Ըստ Ս. Բագրատյանի՝ պետք չէ տնտեսագետ լինել, հասկանալու համար, որ տեւական ժամանակ հնարավոր չէր դոլարի փոխարժեքը պահել կայուն. «Եղած հաշվարկները ցույց էին տալիս, որ Կենտրոնական բանկի կողմից օրական գրեթե 10-20 միլիոն դոլարային ինտերվենցիան ընդամենը կարողանում էր կայուն պահել փոխարժեքը: Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ոչ թե 6 ամիս առաջ բանկերը սկսեին վարկեր չտալ, այլ սկզբնական շրջանում դադարեցվեր հիմնականում խոշոր վարկավորումը: Այսինքն՝ ոչ թե պետք էր մեկ գործարարի $5 միլիոն վարկ տալ, այլ հարկավոր էր այդ գումարը տրամադրել 100 միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների: ԿԲ-ն, անշուշտ, պետք է ֆինանսական շուկայում որոշակի մասնակցություն ունենար, որպեսզի կառավարելի լիներ դոլարի արժեւորումը, սակայն պետք է մասնակցեր փոքր մասով՝ ընդամենը ակտիվների 5-10%-ի չափով»: Իսկ վարչապետի կողմից առանձին կազմակերպությունների ֆինանսավորմամբ աշխատատեղեր պահելը, տնտեսագետի խոսքերով. «Փոքր էֆեկտիվությամբ ուշացած որոշում էր»:

Պարոն Բագրատյանի հավաստմամբ, միջազգային տնտեսագիտական եւ փորձագիտական կենտրոնները հավաստիացնում են, որ ճգնաժամը շատ «սպեցիֆիկ» է. «Այս ճգնաժամի հատակը չի երեւում եւ պարզ չէ, թե դեռ ինչքան ենք գահավիժելու: Մենք պետք է զգուշանանք եւ պատրաստվենք դրան, քանի որ, կարծում էինք, որ այն կտեւի 3-4 տարի, բայց այս սիմպտոմները ցույց են տալիս, որ այն կարող է ավելի երկար տեւել»: Ի պատասխան «Առավոտի» այն հարցին, թե պարոն Բագրատյանի կարծիքով՝ առաջիկայում ե՞ւս կլինեն արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներ, նա ասաց. «Իմ հաշվարկներով, ու նաեւ նկատի ունենալով միջազգային ֆինանսական կառույցների կողմից տրամադրվելիք շուրջ $1,5 միլիարդ վարկը, կարծում եմ, որ 2-3 ամիս կմնանք այս կուրսի սահմաններում: Իսկ հետո, ենթադրում եմ, որ դրամը նորից որոշակիորեն կարժեզրկվի: Ես առաջիկայում չեմ տեսնում արդյունաբերական հզորությունների գործարկման ու նաեւ տնտեսական աշխուժացման հնարավորություն: Բերեմ մեկ օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի ինքնարժեքը եթե այսօր ավելի բարձր է, քան միջազգային շուկայում վաճառվող գինը, միեւնույն է, այդ կոմբինատը չի վերագործարկվելու, իսկ պետությունից ստացած $10 միլիոնն օգտագործելու է սոցիալական խնդիրները մեղմելու համար»:

Հիշեցնենք նաեւ, որ դրամի աստիճանական արժեզրկման վերաբերյալ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը նախօրեին հայտարարեց. «Եթե մենք այդ քաղաքականությունը վարեինք, ստիպված կլինեինք ավելի շատ ծախսել: Եթե չզսպեինք անկումը, ապա դա կարող էր բերել ֆինանսական անկայունության: Եթե թույլ տայինք ավելի մեծ տատանում, ապա կունենայինք ավելի մեծ անկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031