Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արժե՞ր խախտել փխրուն «հրադադարը»

Մարտ 06,2009 00:00

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում կարծես տարբեր մոտեցումներ կան առանցքային խնդիրների լուծման շուրջ:

Մինչ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 19-21-ի նստաշրջանը՝ այդ կառույցում ադրբեջանական պատվիրակները, ըստ «Նովոստի-Ադրբեջանի»՝ նախապես հայտարարել էին, թե այնտեղ «ճշմարտությունն են ասելու ԼՂ հակամարտության մասին»: Իսկ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության փոխղեկավար Էլդար Իբրահիմովը փետրվարի 16-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել էր, որ նստաշրջանում մտադիր են արծարծել Ռուսաստանի կողմից Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինության իբր հանձնման հարցը:

Նույն Էլդար Իբրահիմովը նստաշրջանի ավարտից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներին արդեն բացատրություններ էր տալիս, թե ինչու «սպասումներին հակառակ»՝ չխոսեցին այդ մասին: «Մեդիաֆորում» կայքին սպառազինության հանձնման մասին չխոսելն այսպես էր մեկնաբանել. «Քանի որ այդ հարցը հիմնավոր չէր՝ որոշեցինք չարծարծել այն»: Հետո մի թերթի էլ բացատրել էր, թե քանի որ դիտարկում չէր անցկացվել՝ պարզելու սպառազինության փոխանցման խնդիրը՝ «ուստի այդ հարցը հանվեց իմ զեկույցից»:

Որոշակի վերապահումներով հանդերձ՝ սա կարելի էր համարել եզակի մի դեպք, երբ եվրոպական կառույցի ամբիոնը հերթական անգամ չէր օգտագործվել ադրբեջանցիների կողմից իրենց մշտական պնդումների համար: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Արմեն Աշոտյանը փետրվարի 19-ին «Առավոտին» Վիեննայից պատմել էր, որ առաջարկել է Ադրբեջանի իրենց գործընկերներին՝ «օգտագործել նման այցերը ոչ թե պետական քարոզչությունը եվրոպական մայրաքաղաքներ տեղափոխելով եւ հետո, Բաքու վերադառնալով, ասուլիս տալով եւ ասելով, թե ի՛նչ վատ բաներ եք ասել Հայաստանի հասցեին, այլ փորձել օգտագործել այս հնարավորությունը՝ խնայելով մեր բոլորի նյարդերը եւ ժամանակը»:

Սակայն եթե, որպես կանոն, միջազգային կառույցներում Ադրբեջանի ներկայացուցիչներն են հարձակվում, իսկ մեր պատվիրակները կա՛մ պատասխան ելույթներ են ունենում, կա՛մ էլ լռում՝ այս անգամ խախտվել էր ավանդույթը: ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոմիտեի փետրվարի 20-ի նիստում Հայաստանի պատվիրակ Լարիսա Ալավերդյանն էր մի ելույթ ունեցել, որն անմիջապես բորբոքել էր ադրբեջանցիների փոքր-ինչ մարած կրքերը:

Մեր զրույցի ընթացքում Լարիսա Ալավերդյանն իր ելույթի մասին ասաց. «Ես կապեցի մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն անվտանգության դոկտրինի հետ: Տեղին էր ելույթս՝ ի տարբերություն որոշ գնահատականների: Հարցն այն է, որ խոսելով անվտանգության դոկտրինի մասին՝ ոչ մեկը չի հիշատակել բավական մեծ ու զգայուն մարտահրավերը, այն է՝ ինքնորոշված, բայց չճանաչված տարածքային միավորների հարցը»: Նա նաեւ առաջարկել էր ԵԱՀԿ-ին «ստեղծել մի այնպիսի ամբիոն, որտեղ ԼՂՀ-ն կամ նման սուբյեկտներն ունենան հնարավորություն իրենք հնչեցնել իրենց խնդիրները, եւ պահպանվի լսված լինելու իրավունքը»:

Այս ելույթին ի պատասխան՝ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաբիյաթ Ասլանովան հայտարարել էր, թե հայ պատվիրակն իրավունք չունի խոսել մարդու իրավունքների մասին, քանի որ հենց Հայաստանն է խախտում մարդու իրավունքները եւ եղեռն է իրագործել Խոջալուում (մեջբերում ենք https://1news.az կայքից): Նաեւ պնդել էր, թե ոչ միայն ԼՂ-ն է ադրբեջանական պատմական հող, այլ նաեւ Երեւանը: Եվ մնացածն էլի նույն ծանոթ ոգով:

Ուրեմն՝ որքանո՞վ էր նպատակահարմար նախահարձակ լինելը՝ մեր հարցին Լարիսա Ալավերդյանը չհամաձայնեց. «Նախահարձակի խնդիր չկա: Ես ճի՛շտ եմ համարում այս հարցերը հնչեցնելը ու եւս մեկ անգամ բոլորին հիշեցնելը, քանի որ 15 տարվա ընթացքում ԼՂ հարցը լրիվ խեղաթյուրված է ներկայացվել միջազգային հանրությանը: Եվ վերջինս այսօր գործում է ԼՂ հիմնահարցի իրական պատկերի հետ բացարձա՛կ որեւէ աղերս չունեցող դաշտում»:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակ Արմեն Աշոտյանը պատմեց. «Ես նույն պահին եմ ասել, որ չեմ ողջունում ելույթում առկա հնչերանգները եւ նման աշխատաոճը, քանի որ գլոբալ իմաստով՝ չեմ կարծում, թե ճիշտ էր նման մոտեցումը: Բայց թեպետ պատվիրակության հիմնական անդամ եմ, այդուհանդերձ՝ ղեկավար չեմ: Եվ այդ խնդրին պետք է համակարգային լուծում տա պատվիրակության ղեկավարը: Պատվիրակության միասնական մարտավարության մշակումը պատվիրակության ղեկավարի գործունեության ոլորտն է»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարն Արամ Սաֆարյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել