Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԶՈՐ ՈՒ ՓԽՐՈՒՆ ՄԱՐԴ

Մարտ 06,2009 00:00

\"\"Այսպես որակեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանին նրա մտերիմներն ու զինակիցները

Երեկ Ազգային հերոս, պետական եւ քաղաքական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50-ամյակն էր: Եռաբլուրը առավոտից բազմամարդ էր, ու շատ դժվար էր կանգնելու տեղ գտնել: Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունն ու ընդդիմությունը այդ տարեդարձն էլ նշեցին առանձին-առանձին: Ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող քաղաքական ուժերի, նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, շարքային քաղաքացիները, երկրապահ կամավորականները, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու ընկերները Եռաբլուր այցելեցին, նրա շիրմին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին կեսօրից հետո, երբ պետական իշխանության անդամներն արդեն Եռաբլուրում չէին: Երեկ Եռաբլուրում չէր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով մեկնել էր Ստեփանակերտ՝ մասնակցելու Սպարապետի հիշատակին նվիրված միջոցառումներին: Չկար նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը Ֆրանսիայում էր՝ մասնակցում էր իր վաղեմի ընկերոջ՝ սփյուռքահայ բանաստեղծ Զուլալ Գազանճեանի հուղարկավորությանը։

«Այսօր տխրելու օր չէ, տոն է. Վազգենը դարձավ 50 տարեկան ու իր ապրած կյանքով բոլորիս ապացուցեց, որ արժե հանուն հայրենիքի ապրել, ծառայել եւ նույնիսկ մեռնել»,- ասաց Սպարապետի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նույն կարծիքին էր նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Մարտի 5-ը ինչպես եղել է ուրախության օր, այդպես էլ մնում է»։ Նա մոտեցավ Սպարապետի մորն ու շնորհավորեց Վազգենի ծնունդն ու խոստացավ նրա կիսատ թողած գործերը հասցնել հաղթական ավարտի։ «Ի վերջո, Վազգենի երազանքը միշտ եղել է Հայաստանը որպես հզոր երկիր տեսնելը, այսօր Հայաստանը, ցավոք, հզոր երկիր չէ: Սա այն Հայաստանը չէ, որի մասին երազել է Վազգենը»,- ասաց Լ. Զուրաբյանը:

«Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ Սպարապետը հայ ժողովրդի համար Աստծո կողմից ուղարկված մարդ էր: Ըստ նրա՝ եղել են շատ դժվարին պահեր, որոնց «հաղթահարման գործընթացը գրեթե ամբողջությամբ նրա ուսերին էր: Ես ճակատագրապաշտ մարդ եմ ու կարծում եմ, որ այս մոլորակի վրա ամեն մարդ ունի իր առաքելությունը, եւ շատ մեծ է այն մարդը, ում առաքելությունը մեծ է լինում: Համոզված եմ, որ Սպարապետը մեծ առաքելությամբ է մտել հայ իրականության մեջ եւ պատվով է կատարել իր առաքելությունը»:

«Վազգեն Սարգսյանի բացակայությունն արդեն 10 տարի իրեն զգացնել է տալիս: Վազգենի ամենակարեւոր գաղափարներից մեկն այն էր, որ «21-րդ դարը մերը պետք է լինի»: Ցավոք, այսօր մեզ վազգենները պակասում են՝ այդ խորհուրդն ու գաղափարը իրականացնելու համար: Օրվա խորհուրդը ինձ համար 21-րդ դարը մերը լինելու իրականացմանն ուղղված քայլերի կատարումն է»,- նշեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նրա համոզմամբ, եթե Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքը շարունակեր իր գործունեությունը, մենք այսօր կունենայինք բոլորովին այլ Հայաստան:

«Առավոտը» զրուցեց նաեւ Սպարապետի՝ այսօր մեկուսարաններում գտնվող զինակիցների հետ: ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանն ասաց. «Վազգեն Սարգսյանը մի առանձին երեւույթ էր դեռ իր կենդանության օրոք: Նա իսկապես 20-րդ դարի վերջի եւ մեր Սպարապետն է ընդմիշտ: Սպարապետների շարքում այն Սպարապետը, որը վերջապես հայ ժողովրդի իղձերն ու երազներն իրականացրել է: Ես ուրախ եմ, որ եղել եմ նրա զինվորը, նրա ժամանակակիցը, ընկերը: Իհարկե, մեծ կորուստ ունեցանք եւ դա իր մաշկի վրա զգացինք բոլորս՝ մեր ողջ ժողովուրդը: Մենք՝ անկախ տարիքից, շատ բան ենք նրանից սովորել՝ համբերություն, գնահատում, հայրենասիրություն ենք սովորել: Դեռ ժամանակ է պետք նրա արժեքը, դերը մեր պետության մեջ գնահատելու համար»: Հովհ. Հարությունյանը Վազգեն Սարգսյանին բնութագրեց որպես փխրուն մարդ. «Նույնիսկ, երբ արդարացիորեն ինչ-որ մեկին պատժում էր, հուզվում էր արտասվելու աստիճան: Ես միշտ մտածում էի՝ մի՞թե այս մեծ մարդն այսքան փխրուն սիրտ ունի: Ինձ միշտ թվում էր, թե ինքը ամեն զոհված զինվորի հետ զոհվում էր, որովհետեւ երբ մեր ընկերներն էին զոհվում, ու նա մասնակցում էր նրանց հուղարկավորությանը, զգում էինք, թե նա ինչքան ծանր է դա տանում: Նա իսկապես մեծ զորավար էր, մեծ մարդ էր, իսկապես մեր ժողովրդի ծառան ու տերն էր: Ես նրան անչափ սիրել ու հարգել եմ»,- նկատելիորեն հուզված ձայնով ասաց Հովհ. Հարությունյանը:

«Կենսախինդ, եռանդուն, իր հողին, արմատներին կպած, Հայրենիքին նվիրված մարդ էր նա: Նրա համար էս կյանքում, էս աշխարհում ուրիշ բան գոյություն չուներ, քան՝ Հայրենիքը ու Հայրենիքի ապագան»,- «Առավոտին» փոխանցեց «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանը: Նա վստահեցրեց, որ եթե Սպարապետը ողջ լիներ, մենք կունենայինք ամբողջովին այլ Հայաստան՝ «լրիվ ուրիշ մթնոլորտով, զարգացվածության այլ մակարդակով՝ ամուր ու պինդ: Եթե նա ողջ լիներ, Հայաստանն այսքան երերուն չէր լինի: Էս իշխանությունը ամեն ինչ արեց մեր երկրի թռիչքը կասեցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել