Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽՏԸ՝ ՆՈՐՈՎԻ

Մարտ 06,2009 00:00

Կամ Տիգրան Գասպարյանի «Կովկասի կավճե շրջանը»

Ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանն իր գրքերից մեկում գրում է այն մասին, որ ժամանակին Վարդան Աճեմյանը հրաժարվում էր Բերթոլդ Բրեխտից՝ այն պատճառով, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը դեռեւս պատրաստ չէր ընկալելու եւ վերարտադրելու բրեխտյան մեթոդը: Հիմա, հավանաբար, Մայր թատրոնն արդեն պատրաստ է անդրադառնալ Բրեխտին. օրերս կայացավ Տիգրան Գասպարյանի «Կովկասի կավճե շրջան» բեմադրության պրեմիերան՝ ըստ Բրեխտի:

«Առավոտը», ներկա գտնվելով պրեմիերային, նկատեց, որ ներկայացման գնահատողները՝ ունկնդիրը, բաժանված է մի քանի մասի: Մի մասը անվերապահորեն մերժում է բեմադրությունը, մյուսը այն համարում է նոր վերելքի սկիզբ… Մասնագետներից շատերը տարակուսում են պիեսի վերնագրի թարգմանության առիթով, նշելով, որ «Կովկասի կավճե շրջան» ձեւը ճիշտ չէ, քանի որ գործ ունենք ոչ թե կոնկրետ աշխարհագրական տարածքի, այլ յուրատեսակ ոճական բնորոշման հետ, կովկասյանն այստեղ հեղինակային վերաբերմունքի բնութագրի արտահայտությունն է: Ուրեմն պիտի լինի «Կովկասյան կավճե շրջան»: Մեր կարծիքով, վերնագրի թարգմանությունն էական չէ, քանի որ, ի վերջո, կարեւորը ռեժիսորական աշխատանքն է, այն նոր խոսքը, որ Տ. Գասպարյանը բերել է թատրոն: Նա արդարացնում է իր խիզախումն այսպես՝ վերջապես ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրել է մի հեղինակի, որին վաղուց էին սպասում:

Հանդիսատեսի կարգավիճակում հայտնված մասնագետներից ոմանք նշեցին, որ ներկայացումը գնահատելիս պետք չէ պահանջել հնազանդություն բրեխտյան գեղագիտությանը, կարեւորը լավ ներկայացում ունենալն է, ինչն արդեն կա: Նկատենք, որ քանի դեռ աշխարհում մոլեգնում է պատերազմը, հազարավոր անմեղ մարդիկ են զոհվում, պատերազմի դատապարտման թեման արդիական է, եւ բեմադրիչը հենց այդ թեման է բեմ բերել: Ներկայացումը շահել էր նաեւ Տ. Գասպարյանի նկարչական լուծումներից (ինքն էր նկարչական ձեւավորողը), մի շարք տեսարանների արդյունավետ ռեժիսորական հղացումներից: Ակնդիրը դարձանք դերասանական լավ խաղի, հանձին ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի (Ազդակ), Արամ Հովհաննիսյանի (Գրուշե), Անդրանիկ Հարությունյանի (Իշխան Կազբեկ) եւ այլոց: Դրականն ու բացասականը այս բեմադրության մեջ հարեւանություն են անում: Մասնավորապես՝ գյուղի վրա հարձակման, դատավորի գլխատման տեսարաններն այնքան էլ համոզիչ չէին: Դրանց կողքին, օրինակ, Գրուշեի եւ Զինվորի հրաժեշտի տեսարանը տպավորիչ էր, կամ գյուղական հարսանիքի հատվածն այն աստիճան հաջողված էր, որ ակամայից հայտնվում էիր ներկայացման «մեջ»:

Հետաքրքիր է, թե այսուհետեւ ինչպիսի՞ ընդունելության կարժանացնի հանդիսատեսն այս ներկայացումը, կգտնի՞ իր «կավճե շրջանը»: Ընդ որում, պրեմիերայի օրը, դատելով հանդիսատեսի վերաբերմունքից, ոմանք գտան, իսկ ոմանք էլ, հավանաբար երկրպագելով թատրոնի հին արժեքները, մերժեցին աշխատանքը՝ մտաբերելով Ռ. Ստուրուայի բեմադրած համանուն ներկայացումը՝ Շ. Ռուսթավելու անվան թատրոնի արտիստների հետ: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ թեկուզ ոչ բացահայտ նվաճումներով, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը պիտի ձգտի նոր ձեռագրի հաստատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել